Տեղեկացնենք, որ նախագիծը կառավարությունը խորհրդարան է ներկայացրել դեկտեմբերի 1-ին, որից հետո ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել է երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթը: Կառավարություն են ներկայացվել շուրջ 90 առաջարկություններ եւ հարցեր, որոնք, ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի խոսքերով, հիմնականում վերաբերում էին առողջապահության ոլորտին, ինչպես նաեւ` Ստեփանակերտի ջրամատակարարմանը: Սակայն, պատգամավորները, պարզվում է, այդքանով չեն բավարարվել, քանի որ ԱԺ նիստում դարձյալ հարցերը շատ էին, որոնց հիմնական մասը բարձրացվում էր «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների կողմից:
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներ Վալերի Հարությունյանը եւ Գեղամ Բաղդասարյանը անդրադարձան հիպոթեքային վարկերի տրամադրման հարցին: Վալերի Հարությունյանն իր խոսքում փաստեց, որ տարվա ընթացքում Ղարաբաղում 400-500 ամուսնություն է գրանցվում, եւ երիտասարդ ընտանիքներից յուրաքանչյուրը բնակարանի կարիք ունի, սակայն այն 500 մլն դրամը, որը կառավարությունը նախատեսում է 2007թ. հատկացնել որպես հիպոթեքային վարկ, չի հերիքի նույնիսկ 50 ընտանիքի: Նա նաեւ նշեց, որ ոչ նոր ստեղծված բազմաթիվ ընտանիքներ նույնպես բնակարանի կարիք ունեն: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ հանրապետությունում առնվազն 7 մլրդ դրամի չափով հիպոթեքային վարկի կարիք կա, ինչի հնարավորությունը կառավարությունը դեռ չունի:
Իսկ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե այս տարի նախատեսված 200 մլն դրամն ինչո՞ւ չի տրամադրվել: Նախարարն արդարացավ նրանով, որ հիպոթեքային վարկավորումը Ղարաբաղի համար նոր է, եւ շատ դժվար էր մշակել վարկերի տրամադրման կարգը եւ բանկերի հետ պայմանավորվածություն ձեռք բերել: Նա միաժամանակ հավաստիացրեց, թե հաջորդ տարվանից արդեն կսկսեն վարկերի տրամադրումը: «Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ հաջորդ տարի նույնը չի կրկնվելու» հարցին նախարարը պատասխանեց. «Դուք կարող եք չկասկածել»:
«Ազատ Հայրենիք» կուսակցության եւ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը բարձրացրեց խորհրդարանի նոր շենքի կառուցման հարցը: Բյուջեի նախագծի համաձայն, 2006թ. շենքի կառուցման համար ծախսվել է 237 մլն դրամ, իսկ 2007թ. նախատեսված է եւս 398 մլն դրամ: (Ի դեպ, շենքն արդեն կառուցվել է, մնում են ներքին աշխատանքները): Պատգամավորին հետաքրքրեց, թե ինչի՞ վրա է կառավարությունը պատրաստվում ծախսել այդ 400 մլն դրամը: ԼՂՀ Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի պատասխանն ապշեցուցիչ էր. պարզվում է, որ այս տարի նախատեսված գումարները չեն հերիքել աշխատանքներն ավարտելու համար, եւ կառավարությունը, շինարարությունը չկանգնեցնելու համար, պարտքով փող է վերցրել հովանավորներից: «Մենք դեռ պետք է շնորհակալ լինենք հովանավորներին, որոնց միջոցներով շենքը կառուցվել է»,- ասել է պարոն Թեւոսյանը: Գումարներն արդեն ծախսվել են, եւ հիմա կառավարությունը բյուջեում մեծ գումար է մտցրել` «պարտքերը մարելու» համար: Նիստում չնշվեց, թե ինչո՞ւ ծախսերն ավելին էին, քան ենթադրվում էր, ինչո՞ւ շենքի մի մասը մի քանի անգամ է վերակառուցվել, ինչպես նաեւ չասվեց այն մասին, թե կառավարությունն ումի՞ց է ստիպված եղել գումարներ վերցնել` խորհրդարանի շենքի շինարարության համար:
Բյուջեի նախագծի հանդեպ խիստ վերապահումային վերաբերմունք ունի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը: «Դա պայմանավորված է նրանով, որ կառավարությունն ակամա ընդառաջ է գնացել ինչ-ինչ պոպուլիստական կոչերի, որ մեր որոշ գործընկերներ ԱԺ-ում հնչեցնում են: Արդյունքում ունենք ֆինանսական մի փաստաթուղթ, որտեղ ծախսերի 58 տոկոսը զուտ աշխատավարձեր, թոշակ, նպաստ եւ այս կամ այն ձեւի սոցիալական արտոնություն է: Այսինքն` 17 եւ ավելի միլիարդ դրամ, 2007թ. կտրվածքով, ԼՂՀ-ում կծախսվի որպես տնտեսական էֆեկտ չունեցող գումար: Եթե դրան ավելացնենք նաեւ 7.5 մլրդ կապիտալ շինարարության ծրագիրը, որը նույնպես տնտեսական լուրջ փոխհատուցում չի բերելու, ապա ստացվում է, որ բյուջեի 70 տոկոսը փաստորեն սպառվում է: 2006-ից սկսած մենք դառնում ենք սպառող երկիր, մինչդեռ դա երկրի ճանապարհ չի: Մենք պետք է մտածենք ԼՂՀ-ում ինքնաբավ, ինքնածախսածածկվող տնտեսություն ունենալու մասին, որն էլ լուծում է նաեւ սոցիալական խնդիրներ»,- նշել է Վ. Աթանեսյանը:
Նրա կարծիքով, ժամանակն է, որ կառավարությունը վերանայի իր հարկային քաղաքականությունը: «Այսինքն, այն հարկային լիբերալիզացիան, որ մենք թույլ ենք տվել 2000-2005թթ., պետք է որ իր արդյունավետությունը ապացուցած լինի, եթե չի ապացուցում, ուրեմն պետք ա անցնել հարկային վարչարարության,- ասում է պատգամավորը: -Եթե բյուջեի 70 տոկոսը սպառողական ոլորտի է ուղղվում, եւ ՓՄՁ-ի զարգացման համար ընդամենը 800 մլն դրամ գումար է նախատեսվում շրջանառության մեջ դնել, որը 25-30 լուրջ բիզնես ծրագրեր է ֆինանսավորելու եւ տնտեսական արդյունավետությունը կարող ենք մի քանի տարի հետո զգալ, ապա տնտեսական զարգացման հեռանկարն ինձ պայծառ չի թվում»:
Վ.Աթանեսյանը նաեւ գտնում է, որ ունենք արտաքին ազդեցությունների հանդեպ շատ անպաշտպան, յուրաքանչյուր պահի խոցելի տնտեսություն: «Անկախ պետությանը հարիր տնտեսություն պետք է ունենանք»,- ավելացրել է նա:
Մեր խնդրանքով, բյուջեի նախագծի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաեւ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նշել է, որ բավականին առաջընթաց կա աշխատավարձերի, նպաստների բարձրացման եւ այլ արտոնությունների առումով, ինչպես նաեւ` կապիտալ շինարարության ծավալների ընդլայնման, «սակայն, գտնում ենք, որ կան առաջնային խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է, սակայն տեղ չեն գտել բյուջեի նախագծում»:
Դեկտեմբերի 20-ին բյուջեի նախագծի առաջին ընթերցումն էր, իսկ երկրորդ ընթերցումը նախատեսվում է դեկտեմբերի 27-ին: Հենց այդ օրն էլ պարզ կդառնա խորհրդարանում ընդգրկված խումբ-խմբակցությունների կարծիքը:
Ի դեպ, նիստի ընթացքում ԼՂՀ ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո կփոխվի նաեւ ԼՂՀ կառավարության կառուցվածքն ու կազմը: