Շահարկելով հնարավոր շահարկումների թեման

23/12/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե նախընտրական շրջանում բանակցային ակտիվությունը նվազելու է` ղարաբաղյան հարցում հնարավոր ներքաղաքական շահարկումներից խուսափելու համար, իսկապես սենսացիոն էր: Եվ խնդիրը միայն այն չէ, որ նման բաները սովորաբար բարձրաձայն չեն ասվում: Խնդիրն այն է, որ իր այդ հայտարարությամբ Քոչարյանը ոչ միայն որեւէ հարցի չպատասխանեց, այլեւ բազմաթիվ նոր հարցեր առաջացրեց:

Հարց առաջին: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ նախընտրական շրջանը: Նախ` հայտնի է, որ ցանկացած նորմալ երկրում նախընտրական շրջանը սկսվում է նախորդ ընտրությունների ավարտից անմիջապես հետո` հենց հաջորդ օրը: Այսինքն` միշտ էլ նախընտրական շրջան է: Երկրորդ` 1998-ի փետրվարին Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ հենց ղարաբաղյան խնդրի շահարկմամբ, իսկ շահարկման «գործընթացը» սկսվել էր արդեն 1997-ի երկրորդ կեսին: Մինչդեռ ո՛չ 1997-ը, ո՛չ 1998-ը նախընտրական տարիներ չէին: Այլ կերպ ասած, եթե ընդդիմությունը որոշի շահարկել ղարաբաղյան հարցը եւ փորձի այդ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, դա կարող է անել ցանկացած դեպքում` անկախ նրանից, նախընտրակա՞ն շրջան է, թե՞ ոչ:

Հարց երկրորդ: Ենթադրենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ համար միանգամայն ընդունելի առաջարկներ են ներկայացրել, բայց «չարացած եւ թունավոր ընդդիմությունը», միեւնույն է, շահարկում է դա եւ մարդկանց փողոց հանում: Հիմա բացատրեք. ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Մի՞թե իշխանությունները, ունենալով քարոզչության անսահմանափակ ռեսուրսներ, հեռուստաեթերի բացարձակ մենաշնորհ եւ այլն, չեն կարողանալու բնակչությանը բացատրել, որ ներկայացված առաջարկներն իսկապես լավն են, իսկ պառակտված ընդդիմությունը, ֆինանսական եւ քարոզչական քիչ թե շատ լուրջ ռեսուրսներ չունենալով, կարողանալու է հասարակությանը համոզել, որ ներկայացված նպաստավոր առաջարկներն իրականում «պարտվողական» են: Ըստ էության, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ներկայացված առաջարկներն իսկապես շատ վատը լինեն: Բայց իշխանություններն այս տարբերակի մասին պետք է որ չմտածեն, որովհետեւ, եթե առաջարկները վատն են, էլ ինչո՞ւ էին ընդունում:

Այլ կերպ ասած, հնարավոր շահարկումներից խուսափելը նշանակում է, որ հակամարտության կարգավորման` ներկայումս քննարկվող տարբերակն այնքան վատն է, որ ընդդիմությունը նույնիսկ առանց լուրջ ռեսուրսների կարող է հարցի շահարկմամբ իշխանափոխություն իրականացնել:

Հարց երրորդ: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը փորձեց հիմնավորել բանակցային ակտիվության նվազման հեռանկարը եւ հաստատեց, որ հակամարտության կողմերը միջնորդներից մտածելու ժամանակ են խնդրել: Ավելին` տեսակետ հայտնեց, թե գուցե հայկական կողմը մտածելու ավելի շատ բան ունի: Հարց. իսկ ինչի՞ մասին մտածելու: Առաջին հայացքից այս հարցը կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում այս հարցն առ այսօր կոնկրետ պատասխան չի ստացել:

Բանն այն է, որ ժամանակ առ ժամանակ բանակցային գործընթացի մասին «ինֆորմացիայի արտահոսք» է կազմակերպվում: Եվ արդեն իսկ մոտավորապես հայտնի է, թե ինչ են առաջարկում Մինսկի խմբի համանախագահները: Ըստ այդ առաջարկների, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված հինգ (կամ յոթ) շրջաններից, փախստականները պետք է վերադառնան, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բնականոն հարաբերությունները պետք է վերականգնվեն, որից հետո (ինչ-որ ժամանակ անց) Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացվի: Հիմա` կոնկրետ հարցը. այս կետերից որի՞ մասին պիտի մտածի Հայաստանը. վերադարձվելիք շրջանների քանակի՞, փախստականների վերադարձի մեխանիզմների՞, թե՞ հանրաքվեի ժամկետների: Բանն այն է, որ եթե այս տարբերակը մեզ համար ընդհանրապես անընդունելի է, եւ մենք շարունակում ենք պնդել «սկզբում` կարգավիճակ, հետո` տարածքների վերադարձ» սխեման, այդ դեպքում մենք մտածելու բան չունենք: Թող Ադրբեջանը մտածի: Հետեւաբար, եթե մենք մտածելու ժամանակ ենք խնդրել, ուրեմն մեծ հաշվով ընդունել ենք համանախագահների առաջարկած սկզբունքը:

Ի դեպ, շահարկումների մասին: Ղարաբաղյան խնդիրն իսկապես չի կարելի ներքաղաքական շահարկումների առարկա դարձնել: Դա անբարոյականություն էր 1997-98-ին, անբարոյականություն է նաեւ այսօր: Բայց շահարկումն այլ բան է, քննարկումը` բոլորովին այլ: Գուցե այնուամենայնիվ արժե՞ լայն քննարկումներ սկսել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների մասին: Ի վերջո, նախընտրական ժամանակահատված է, եւ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են հասարակությանը բացատրել, թե ինչպես են իրենք պատրաստվում լուծել այդ հիմնախնդիրը: Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Բոլորը հասկանում են, որ Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, հասկանում են, որ այդ խնդրի կարգավորման հեռանկարներից է կախված ամեն ինչ` տնտեսությունից սկսած, բայց գերադասում են նախընտրական շրջանում այդ թեմային չանդրադառնալ: Բա էլ ի՞նչ ընտրություն, էլ ինչի՞ միջեւ պիտի ընտրություն կատարի ժողովուրդը, եթե կարեւորագույն հարցի մասին հրամայված է լռել: