Գների հիմնավորման սպառնալիք

23/12/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթ հանդգնել էինք ենթադրել, որ իշխանությունները սկսել են գները նվազեցնելու հնարավորություններ փնտրել: Նման ենթադրության համար հիմք էր այն, ինչ կատարվում է մեր նախատոնական շուկայում: Մի քանի ապրանքատեսակներ էժանացել են: Իհարկե, մեր ֆինանսատնտեսական իշխանավորների մոտ մեծ է այդ գործընթացները դրամի արժեւորումով բացատրելու գայթակղությունը: Բայց շուկայում նվազել են ընդամենը մի քանի ապրանքատեսակի գներ: Հետեւաբար, դրանք հասարակական (կամ, որ նույնն է` պոպուլիստական) մեծածավալ ու ջերմ վերաբերմունք չեն ծնի` առ հայրենի իշխանություններ: Մինչդեռ ակնհայտ էր, որ գների նվազումն առանց իշխանությունների մասնակցության չի կատարվել: Գների անկում արձանագրվել էր խիստ մոնոպոլիզացված ոլորտում` բենզին, դեղորայք: Այսինքն, մեր իշխանությունները հիշել են, որ ազատ շուկայական տնտեսության պարագային անգամ պետությունը պատասխանատվություն ունի: Պետությունը միայն հասարակական կարգի պաշտպան ու հարկահավաք չէ: Հարկային-մաքսային կառույցներից ու ոստիկանությունից զատ, այլ պետական մարմիններ էլ կան: Եվ, որ ամենակարեւորն է, այդ մարմինները միայն Արեւմուտքին ցույց տալու համար չեն ստեղծված: Հասարակությանը նախ զարմացրեց Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը, որ որոշեց նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը: Իսկ այս շաբաթ արդեն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հերթն էր: Սույն հանձնաժողովը նիստ էր գումարել: Հրապարակային նիստ` որ ազգն իմանա, թե ում անունները հիշի իր աղոթքներում: «ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, աճել է 40 տոկոսով: Սակայն տնտեսական այլ գործոնների անփոփոխ մնալու պայմաններում, գերակշիռ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների առկայությամբ, որոշ ապրանքային շուկաներում ներկրվող ապրանքների իրացման գները չեն նվազել, իսկ ներկրվող հումքով որոշ տեղական արտադրանքների գների բարձրացում է նկատվում»: Բառացիորեն այսպիսի հայտարարություն է արել սույն հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Ի դեմս նրա` մեր պետական պաշտոնյան վերջապես տեսավ այն, ինչ հասարակությունը վաղուց էր նկատել, այն` ինչը նույնքան վաղուց մամուլի մշտական թեմա է: Սրանից հետո մնում է ընդամենը մեկ քայլ, ու պետական պաշտոնյաներն էլ կնկատեն, որ երկրի ներքին շուկայում գնագոյացման շուկայական համակարգեր չկան: Տնտեսական մրցակցության բացակայության պատճառով: Կարգավորվեց տարադրամի փոխանակման շուկան, պակասեցին փոխանակման կետերը` դրամի կուրսը դարձավ անհասկանալի: Նույնքան կազմակերպված ու կարգավորված է ապրանքների թե՛ արտադրության, թե՛ ներկրման շուկան: Արդյունքում` նույնքան անհասկանալի է գնագոյացման գործընթացը: Անհասկանալի` շուկայական տնտեսության տեսանկյունից: Խորհրդային գների պետական կոմիտեն անգամ կերազեր ունենալ Հայաստանի նման կազմակերպված «գնագոյացում» ունեցող շուկա: Խորհրդային Միությունում ապրանքները գոնե երեք գին ունեին` սովորական, սիբիրյան շրջանների եւ բեւեռային գոտու: Հայաստանում տարօրինակորեն նույն ապրանքի գինը նույնն է: Օրինակ` կես լիտրանոց «Ջերմուկը» 150 դրամ է եւ՛ մայրաքաղաքի կենտրոնի հանրախանութներում, եւ՛ Ամասիայի գյուղական կրպակներում: Մեր տնտեսական մրցակցության հանձնաժողովը եւս կարծես նկատել է, որ ձուն ու ցեմենտը երկրով մեկ նույն գնով են վաճառքի հանվում: Հավկիթի հարցը բացատրություն ունի` թռչնաֆաբրիկաները վրեժ են լուծում: Անցած ձմեռ թռչնագրիպի սպասումների պատճառով կրած վնասների դիմաց: Պետությունն անցած տարի որեւէ օգնություն չցուցաբերեց: Փոխարենն ուրախ-ուրախ արձանագրեց, որ երկրում գների երկու (թե՞ 0,2) տոկոս անկում է եղել: Հիմա էլ ֆաբրիկաները 60-65 դրամով ձու վաճառելով կոմպենսացնում են կորուստները: Թե երբ կդադարեցնեն գերշահույթ ստանալն` առայժմ պարզ չէ: Փոխարենն անհասկանալի է ցեմենտ արտադրողների վարքը: Մոտ մեկ տարի առաջ պետությունը նրանց բարեգործի տեղ դնելով` որոշեց փող տալ: Հիշո՞ւմ եք, երբ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բարձրացրեց Հայաստան մատակարարվող գազի գինը, ի՞նչ կատարվեց: Մեր իշխանությունները որոշեցին դոտացիա տալ ցեմենտ արտադրող երկու ընկերություններին, որ սրանք գները չբարձրացնեն: Իշխանությունների այս քայլը հակասական ընկալվեց: Իշխանություններն ասացին, որ չեն ցանկանում խոչընդոտել մայրաքաղաքի լայնածավալ շինարարությանը: Ընդդիմախոսները պնդեցին, որ ընթացող շինարարությունը սոցիալական ուղղվածություն չունի, հետեւաբար` չի կարելի հասարակական փողերը ծախսել այդ նպատակով: Հետո դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ ագահությունն ամենաանսահման մոլուցքն է: Ցեմենտ արտադրողները` չհրաժարվելով պետական փողերից, 23 հազար դրամ ինքնարժեք ունեցող ցեմենտը սկսեցին վաճառել 40 հազարով: Նրանք հիմա հարուցել են մեր, այսինքն` ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի, զայրույթը: Հանձնաժողովը սպառնում է գների մոնիտորինգ անցկացնել: Անգամ խոստանում է հունվարի 20-ին նիստ գումարել ու ամփոփել արդյունքները: Բայց բոլորս էլ վստահ ենք, որ այս հանձնաժողովի ու ցեմենտի երկու սեփականատերերի հրապարակային վեճը չի կայանա: Հարցերը կլուծվեն ճիշտ նույն մեթոդներով, որոնցով գործում է գնագոյացման համակարգը մեր ներքին շուկայում: Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչու Նոր տարվա շեմին իշխանություններին սկսեց հետաքրքրել դրամի արժեւորմանը զուգահեռ ընթացող գնաճը: Պաշտոնական վիճակագրությունը շուկայում միշտ էլ մի քանի ապրանք կգտնի, որոնց օրինակով գների նվազում կարձանագրի: Պատասխանատու լրատվամիջոցներն էլ ջանք չեն խնայի այդ քարոզչությունը որպես տեղեկատվություն հասարակության վրա նաղդելու համար: Ի վերջո, մեզ որքան` Նոր, նույնքան էլ` նախընտրական տարի է սպասվում: Ուստի պետությունը հիշել է, որ ինքը շուկայական տնտեսության պարագային անգամ անելիքներ ունի տնտեսության ոլորտում: