Դոլարի արժեզրկումից ներդրողները միլիոններ են կորցնում

23/12/2006

Դրամի արժեւորումը դարձել է Հայաստանի հասարակությանն ամենաշատ հուզող հարցերից մեկը: Սակայն երեւույթի շարունակական խորացումն արդեն ինչ-որ չափով սպառնում է նաեւ երկրի տնտեսական անվտանգությանը: Հայաստանի տնտեսությունը կարող է զրկվել ոչ միայն տեղական արտադրությունից, այլեւ օտարերկրյա ներդրումներից: Այսօր ՀՀ-ում օտարերկրյա խոշորագույն ներդրողներից մեկը` «Սինոփսիս» համաշխարհային ընկերությունը, դրամի արժեւորման պատճառով հսկայական ֆինանսական կորուստներ է ունենում:

«Իրեն հարգող ցանկացած ընկերություն, որը ռազմավարական պլաններ ունի, իր տարեկան ծրագրերը կազմում է վաղօրոք եւ, բնական է, որ հիմնական տարեկան ծախսերը նախօրոք է պլանավորում: Եվ եթե տարվա ընթացքում շեղումներ են լինում, եւ ծախսերն ավելանում են, բնական է, որ այդ ընկերությունը սկսում է իրեն ոչ ադեկվատ զգալ, եւ դա անմիջապես ազդում է եւ՛ արտադրողականության, եւ՛ ընկերության կողմից թողարկվող արտադրանքի ինքնարժեքի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով, դոլարի արժեզրկումը գլոբալ խնդիր է: Վերջին տարիներին, հատկապես` այս տարվա ընթացքում, ամբողջ աշխարհում դոլարի դիրքերը թուլացել են: Հայաստանում վերջին մեկ տարում դրամի նկատմամբ դոլարն արժեզրկվել է մոտ 20%-ով: «Սինոփսիսի» նման ընկերությունների, որոնք հիմնականում արտահանման վրա են հիմնված եւ տեղական շուկայում ծառայություններ չեն մատուցում, բոլոր ծրագրերը, պլանները, պայմանագրային պարտավորությունները դոլարով են արտահայտված, իսկ ծախսերը դրամով են իրականացվում: Ստացվում է, որ ընկերության նախատեսած տարեկան ծախսերն ամբողջ ծավալով 20%-ով աճում են»,- ասում է Հ. Մուսայելյանը: Այսինքն, «Սինոփսիսը» 20%-ով ավելի դոլար պետք է ուղարկի Հայաստան` նախկինում իրականացվող նույն ծրագրերի ու պլանների ծախսերը փոխհատուցելու համար: Իսկ խոսքն ամենեւին էլ կոպեկների մասին չէ: Ընկերության արտադրանքի ինքնարժեքի մեջ գերակշիռ մասն աշխատավարձերն են: «Սինոփսիս Արմենիան» ունի 400 աշխատող, ընկերությունում միջին աշխատավարձը 800 դոլար է: «Սինոփսիսը» հսկայական գումարների ծրագրեր է իրականացնում ՀՀ համալսարանների հետ, կատարում է բարեգործական ակցիաներ: Այսինքն, դոլարի շարունակական արժեզրկման պատճառով «Սինոփսիսը» Հայաստանում միլիոնավոր դոլարներ է կորցնում: «Եթե մեր ընկերությունը դոլարի 20% արժեզրկման պատճառով պարտադրված էլի գումարներ է կորցնելու, ապա բնական է, որ խնդիր է առաջանում, թե որքանո՞վ է գրավիչ ընկերության գործունեությունը Հայաստանում»,- ասում է «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, որպես հզոր ընկերություն, «Սինոփսիսն» ունի իր պահուստային ֆոնդերը: «Երբ դրանք անհամաչափ են բաշխվում աշխարհի տարբեր մասերում, միանգամից հարց է առաջանում. «Եթե այս մասում պահուստային ֆոնդից ավելի շատ գումար է գնում, ապա ինչո՞ւ ենք մենք ուզում այնտեղ զարգացում տեսնել»: Եվ եթե Հայաստանն այդ առումով պետք է անբարենպաստ վիճակում լինի, ապա ո՞վ է դրանից շահելու: Ոչ ոք»,- նշեց Հ. Մուսայելյանը:

Նրա հավաստմամբ, ՀՀ-ում «Սինոփսիսի» մուտք գործելուն պես ընկերությունը մեր երկրի ներդրումային գրավչության փաստարկներ է բերում, պարբերաբար գովազդում է երկրի իմիջը: Հ. Մուսայելյանը համոզված է, որ ՀՀ-ում «Սինոփսիսի» հայտնվելուց հետո շատ օտարերկրյա ներդրողներ սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Սակայն այժմ նա մտահոգված է, որ «այն ագրեսիվ զարգացումները, որ այս երկու տարում ընկերությունն ունեցել է, կարող է այլեւս չունենալ»: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում յուրաքանչյուր ինժեներ մուլտիպլիկացիայի օրենքով իր հետ բերում է 7-8 սպասարկման ոլորտում լրացուցիչ աշխատատեղեր: Եթե ընկերությունը նույնիսկ 1 մլն դոլարի կորուստ է ունենում, դրանով մենք կարող էինք այստեղ աշխատանքի ընդունել 70-80 ինժեներների, որը մոտ 500 աշխատատեղեր կապահովեր»,- նշում է Հ. Մուսայելյանը: Բայց «Սինոփսիսն» ընդամենը մի օրինակ է: Եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ ներդրողներ են կանգնած այս խնդրի առջեւ, ապա պարզ կդառնա, թե որքան աշխատատեղեր կարող էին ստեղծվել Հայաստանում, բայց չեն արվում: «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը գտնում է, որ միգուցե այդ միլիոններն ընկերության համար «կորած փողեր չլինեին», եւ իրենք բարոյական առումով այդքան մտահոգված չլինեին, եթե դոլարի արժեզրկումը հանգեցներ շուկայում սպառողական ապրանքների գների նվազմանը, որը կարող էր լրացուցիչ ազդակ լինել ընկերության աշխատակիցների համար: Սակայն, Հ. Մուսայելյանի խոսքերով, գները ոչ միայն չեն նվազում, այլ շատ դեպքերում նույնիսկ աճում են:

«Ես իսկապես չգիտեմ, թե ո՞ւմ մեղադրեմ` ԿԲ-ի՞ն, կառավարությա՞նը, Եվրամիությա՞նը, Հռոմի պապի՞ն: Չգիտեմ: Բայց ես համոզված եմ, որ կան մեղավորներ` ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Երբ դրա մասին խոսում ենք, մեզ հիվանդի տեղ են դնում եւ ախտորոշում են տալիս, ասում են. «Բարձրացրեք ձեր արտադրողականությունը, մրցունակությունը, ձեր աշխատողների արդյունավետությունը»: (Հիշեցնենք, որ նման «ախտորոշման» կողմնակիցներից են ինչպես ՀՀ ԿԲ-ն, այնպես էլ շատ «անկախ» տնտեսագետներ.- Կ. Թ.) Երբ նման բաներ են ասում, դա զարմանալի է, որովհետեւ դա ասվում է այնպիսի ընկերությունների, որոնք բիզնես գործելաոճի առումով 20-30 տարով առաջ են ընկել մնացած ընկերություններից»,- ասում է Հ. Մուսայելյանը: Նրա հավաստմամբ, թեեւ Ռուսաստանում էլ այս տարվա ընթացքում դոլարն արժեզրկվել է, բայց երկրի բյուրոկրատական ապարատն անընդհատ փորձել է դիմագրավել դրան: Դա առաջացրել է նաեւ ինֆլյացիոն պրոցեսներ, բայց ներդրողների վրա ավելի քիչ ցավագին ազդեցություն է թողել: «Ես կողմնակից չեմ, որ ԿԲ-ն սահմանի ֆիքսված փոխարժեք, սակայն կատեգորիկ դեմ եմ ԿԲ-ի որդեգրած քաղաքականությանը, որն այս առումով քննադատություն չի ընդունում: Ես չեմ ուզում մարդկանց պիտակներ կպցնել»,- նշում է «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը` չիմանալով, թե ումի՞ց պետք է ստանա երկրի տնտեսական անվտանգությանը վերաբերող այս հարցի պատասխանը:

Նրա խոսքերով, թե՛ ՀՀ նախագահը, թե՛ կառավարությունը միշտ լսում են իրենց հարցադրումները, սակայն այսօր «Սինոփսիսը» գտնում է, որ այս գործընթացն անվերջ շարունակվել չի կարող: «Հավանաբար, գոյություն ունի սուտ տնտեսագետների մի աստղաբույլ, որն ուզում է այս պրոցեսից դիվիդենտներ շահել: Նրանք նստած հաշվում են, թե որքան այդ տոկոսը բարձր լինի, այնքան ավելի լավ, այնքան ավելի կարելի է հպարտանալ, որ դրամն արժեւորվում է: Միգուցե երկրի դրսում կամ ներսում գոյություն ունեն ուժեր, ովքեր ցանկանում են, որ այսպես շարունակվի»,- ասում է Հ. Մուսայելյանը: