Թող գաիշնիկներն իրենց հաշվին նոր տարի անեն

23/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսու վարորդների հետ մեր զրույցի այսօրվա թեման Ամանորն է: Ի՞նչ սպասելիքներ ունեն եւ ինչպե՞ս են նրանք դիմավորում 2007 թվականը, որն, ըստ արեւելյան աստղագուշակի՝ Խոզի տարի է: «Ձմեռ պապից ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ»՝ այս հարցը նրանց համար, թերեւս, ամենահաճելին էր: Տաքսիստներից շատերի համար ամանորյա տոները սովորական աշխատանքային օրերի պես են անցնելու, քանի որ նրանք աշխատելու են ծանրաբեռնված գրաֆիկով:

«Բա որ Խոզը նեղանա՞»

Վարորդ Գեղամն, ինչպես միշտ, կարծիք հայտնելու բացումը հումորով է անում. «Ձմեռ պապից ու Խոզի տարուց շատ բան չեմ ուզում, մի հատ թոթոլ խոզ եմ ուզում, որ կնկաս գոհացնեմ: Հիմիկվանից ուղարկում ա ռայոններ, որ էժան խոզ առնեմ: Էդ կլիներ ամենալավ նվերը, համ էլ մեր սեղանի զարդը»,- ասում է նա ու զարմանում. «Բայց ո՞նց կլինի` էդքան խոզություն մի տարում: Դու նայի, թե Խոզի տարում հայ ժողովուրդը ոնց ա տժժալու, ոնց ա տժժալու… Ընտրություններ են լինելու, չէ՞, քաղաքական գործիչներն ինչքա՜ն խոզություններ են անելու, քվեները ո՞նց են խոզավարի կեղծելու ու ո՞նց են ժողովրդին խաբելու: Իսկ ամենակարեւորը, կտեսնեք, թե մեր պառլամենտը մեր Խոզի տարու նման ինչքան (տուուու…) մռութներ ա լցնելու Ազգային ժողովի դահլիճ: Շան տարի հայտարարելուց առաջ ասում էին՝ հավատարմություն, ազնվություն, բարություն, բայց պարզվեց, էդ Շան տարին չէր տարբերվում մյուս տարիներից: Ինչպես անցած տարիներին, նենց էլ շան տարուն լափեցին, խաբեցին, ժողովրդի մեջքը ջարդեցին, ու հաչողները շարունակեցին ավելի կատաղած հաչալ: Մի քանի կատաղած հաչողներ էլ սկսեցին տուզիկի պես ծվծվալ, որովհետեւ վերեւներից դրանց գլխին մի հատ լավ բամփեցին: Խոզի միակ դրական բանն էն ա, որ իրա միսը համով ա, թե չէ՝ խասյաթով շատ անշնորհք կենդանի ա, իրանից լավ բան ի՞նչ սպասես: Էն օրը կինս ասում ա, որ իբր էս Նոր տարվա սեղանին խոզ չի կարելի դնել, Խոզը կխռովի: Հաջորդ օրն եկավ, թե` ամոթ կլինի, սաղ հարեւանները խոզ են դնելու սեղանին: Ասում եմ՝ բա որ նեղանա՞… Նենց որ, մեր շենքի հարեւանները խոզ են դնելու սեղանին, ու շատ ամոթ կլինի, որ մենք չունենանք: Խոզն էլ թող ներող լինի»,- ծիծաղելով ասում է Գեղամը: «Բայց ես պատկերացնում եմ, թե հարուստների սեղաններին ի՜նչ խոզեր են պառկելու: Ամեն մեկը մի 50 կիլոյանոց խոզ ա փռելու սեղանին: Չնայած, ինչի՞ չէ, որ, եթե ես իմ շոֆեռ հալով խոզ եմ առնելու, իրանք ինչի՞ չպիտի առնեն: Ուղղակի իրանք ամեն ինչի շատն ու մեծն են սիրում, կարող ա կաբան էլ խորովեն: Լավ ա, որ շան միսն ուտելու չի, թե չէ անցած տարի հայ ժողովուրդը չոբանի շուն կդներ սեղանին, որ ճոխ լիներ: Մեր ավանդույթներից մեկ-մեկ զզվում եմ, գիտե՞ս, որ սենց մեզ կոտորում ենք մի քանի օրվա համար: Փոխանակ ուրախանանք, ամեն մարդ իրա սեղանի մասին ա մտածում»,- ոգեւորված պատմում է Գեղամը:

«Մեր ժողովուրդը ֆազերը գցել ա»

Վարորդ Կարենի համար դեկտեմբերի 31-ը շատ նշանավոր օր է, քանի որ միակ առիթն է, երբ հարազատներով իրար «երես են տեսնում»: «Մեր ժողովուրդը շատ է փոխվել, իրար նկատմամբ անտարբեր ենք դարձել, ու հային հատուկ ջերմ վերաբերմունքը մի տեսակ վերացել է: Առաջ բարեկամներով շատ կապված էինք իրար հետ, իսկ հիմա առիթից առիթ ենք շփվում: Ես շատ եմ սիրում մեր գերդաստանը, դրա համար էլ մեծ ոգեւորությամբ եմ սպասում էդ օրերին: Ամբողջ տարվա մեջ հատուկենտ մարդկանց եմ այցելել, էն էլ` շատ մտերիմներին՝ քույր, աներ եւ այլն, իսկ էս առիթը ոնց որ միավորի բոլորիս: 43 տարեկան եմ, բայց երեխայի նման ուրախանում եմ, որ Նոր տարի ա գալու: Մի տեսակ կարոտում ենք ուրախ օրերին, որովհետեւ մեր կյանքը տխուր ա դարձել: Օրինակ՝ ես հիշում եմ, թե տարվա մեջ, ամսվա մեջ քանի անգամ էինք տենց հավաքույթներ կազմակերպում առաջ, իսկ հիմա չես կարա, որովհետեւ, եթե մի քեֆ անես` մի քանի ամիս պիտի ճռալով աշխատես, որ փող հավաքես»,- ասում է Կարենը: Նա շատ է տխրել, երբ երեխաներից ճշտել է, թե ի՞նչ նվերներ են ցանկանում: «Դպրոցական երկու երեխա ունեմ ու իրանց պատասխաններից տրամադրությունս շատ ընկավ: 6-րդ դասարանի աղջիկս բջջային հեռախոս ուզեց, 2-րդ դասարանի տղաս էլ, թե՝ համակարգիչ եմ ուզում: Ես դեմ չեմ տեխնիկային, բայց դեմ եմ, որ երեխաների արժեքներն էդքան ցածր են: Հիշում եմ՝ էդ տարիքում հայրս նույն հարցն ինձ տվեց, 5 ռուբլի ուզեցի ու էդ գումարով մորս նվեր առա: Կուզեի, որ երեխեքս ավելի համեստ լինեին կամ հարցնեին՝ պապա, իսկ փող ունե՞ս: Ես, իհարկե, իրանց ուզած նվերը չեմ կարողանա գնել, բայց չգիտեմ էլ` իրանց ինչը կուրախացնի: Բնական ա, որ համեստ նվերն իրանց չի գոհացնի»,- ասում է Կարենն ու զայրանում «Խոզի տարի» արտահայտության վրա: «Մեր ժողովուրդը լրիվ ֆազերը գցել ա, գիտե՞ք: Ի՞նչ ա նշանակում` Խոզի տարի, այսինքն՝ խոզին պաշտենք, որ մեր գործերը հաջո՞ղ լինեն: Պատերից խոզի պորտրետ կախենք ու մո՞մ վառենք: Չե՞ք կարծում, որ մենք լրիվ կռապաշտ ենք դարձել: Մենք ամեն Նոր տարվա դեկտեմբերի 31-ի ժամը 24:00-ին ընտանիքով «Հայր մերն» ենք ասում ու Աստծուն աղոթում ենք, որ լավ տարի ունենանք: Մեր տարին Աստծո կամքից է կախված, ոչ թե խոզից: Ես շատ եմ ջղայնանում էդ գարասկոպ-գուշակություններից, որովհետեւ մեր հավատն արդեն աբսուրդի ա հասնում, ու մենք էլ կոչվում ենք քրիստոնյաներ»,- ասում է Կարենն ու հայ ժողովրդին կոչ անում նման տգիտություններին չհավատալ:

«Սիրելի Ձմեռ պապ ջա՛ն»

Վարորդ Սամվելն ասում է, որ մեր երկրի կենսամակարդակը վերջին տարիներին բավականին բարձրացել է: Ասածն ապացուցելու համար խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տոնական սեղաններին: «Գիտե՞ք, մենք մի տեսակ լացող ազգ ենք դարձել, որովհետեւ շատ դժվարությունների միջով անցանք ու էդ ծանր ազդեցությունից դուրս չենք եկել: Էսօր ում հարց ես տալիս՝ դժգոհում ու լաց ա լինում, բայց խանութներից արկղերով ապրանք են առնում: Մարդկանց մոտ դժգոհելը ռեֆլեքս ա դարձել, ու ամենալավ ապրողն էլ իրա պարտքն ա համարում մի 2 կեղտոտ խոսք ասել մեր իշխանություններին: Առաջ մարդիկ ամաչում էին չկա բառն ասելուց, իսկ հիմա ամաչում են ասել, որ լավ են ապրում: Ես վարորդ եմ, օրական վաստակում եմ 2500-3000 դրամ, կինս էլ ա աշխատում, ու էսօր մենք նորմալ ձեւով Նոր տարի ենք դիմավորելու: Շատ են ասում` Կոմունիստների ժամանակ լավ էինք ապրում, բայց ես էդ ժամանակ օրերով հերթ եմ կանգնել, որ մածուն ու թթվասեր առնեմ, որ կինս խմորեղեն պատրաստի: Ամեն ինչ տակից էին վաճառում, ու բոլորը գաղտնի էին ինչ-որ բան առնում: Իսկ հիմա ես առեւտուրն անելու եմ ամսի 30-ին, որովհետեւ ամեն ինչն էլ թափած ա, դժվար էլ թանկանա, հակառակը՝ էդ օրերին առեւտրականները գին են գցում, որովհետեւ մեր ժողովուրդը բնազդաբար մի ամիս առաջ ա առեւտուրն անում»,- ասում է Սամվելն ու Ձմեռ պապից ունեցած ակնկալիքների մասին պատմում: «Իմ համար բան չեմ ուզում: Կարա՞մ ձեր թերթի միջոցով Ձմեռ պապիկին մի բան խնդրեմ: Ուրեմն՝ սիրելի Ձմեռ պապ, կուզենայի, որ դու հիմիկվանից սկսեիր դրամի տեսքով նվերներ բաժանել, որովհետեւ քանի գնում` մեր բանը բուրդ ա դառնում, էս օրերին մենք անընդհատ մուծվում ենք: Սիրելի Ձմեռ պապ ջա՛ն, քեզ խնդրում եմ, որ մեր պետավտոտեսուչների ամեն մեկի գրպանը մի 100 դոլար դնես, որ իրանց հաշվին Նոր տարի անեն, թե չէ ամեն քայլափոխի կանգնացնում են: Ու որ ասում ես՝ խախտում չեմ արել, ինչի՞ ես կանգնացնում, ասում են՝ «Ախպեր, կարող ա՞ մենք թեւ կտրած ռուս ենք, մենք էլ ենք ուզում Նոր տարի անենք»: Նենց որ, պապի ջան, մեր գաիշնիկներին մի քիչ լավ նայի, իրանք էլ են երեխեքի տեր, բայց մոռանում են, որ տաքսու վարորդների գրպաններն էլ լիքը չեն»,- ասում է Սամվելն ու խնդրում Ձմեռ պապին ուղղված նամակը գցել նախագահական նստավայրի նամակների արկղի մեջ:

«Մեր շենքի ամենահարուստը ես եմ»

33-ամյա վարորդ Արթուրը 14 տարի ապրել է Մոսկվայում եւ 3 ամիս առաջ է վերադարձել Հայաստան: Իրեն համարում է Մոսկվայի պրոֆեսիոնալ տաքսիստներից մեկը, քանի որ 5 մատի պես գիտի քաղաքը: «Չգիտեմ` ո՞նց կանցնի, որովհետեւ 14 տարի առաջ Հայաստանի վիճակն աղետալի էր: Ես Ղափանցի եմ, սահմանամերձ գոտում էինք ապրում, ու կռվել եմ: Մոսկվայում աշխատածս տարիներին լավ գումար եմ կուտակել ու հիմա դեռ էդ փողերն ենք ծախսում, չմտածեք, թե տաքսի քշելով եմ տուն պահում: Որոշեցի գալ, որովհետեւ 6 տարեկան տղա ունեմ եւ ուզում եմ, որ երեխաս հայկական կրթություն ստանա: Դեռ չեմ պատկերացնում, թե մեր ապագան ոնց է դասավորվելու: Մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ եմ, բայց տաքսի եմ քշում, որ գոնե տանից դուրս գամ: Լավ, պաշտոնով ընկերներ, շրջապատ ունեմ: Էներգետիկայի նախարարությունում գործ են խոստացել, սպասում եմ, իսկ, եթե հանկարծ չստացվի՝ ստիպված կլինեմ նորից Մոսկվա գնալ»,- ասում է Արթուրն, իսկ հարցին, թե, եթե պաշտոն ունենար` ի՞նչ կփոխեր Հայաստանում՝ պատասխանում է՝ «Ոչ մի բան էլ չէի փոխի: Նախ` ես իմ ընտանիքի համար կաշխատեի: Հայաստանի վիճակը նույնն ա, ոնց որ մի ընտանիքում 5 ախպեր են, հերը կենդանի ա, ու իրանք համերաշխ են, բայց հերը մեռնում ա, ու սկսում են ամեն մեկն իրա համար ապրել: Հիմա Հայաստանն էդ վիճակում ա հայտնվել, Ռուսաստանից անկախացել ենք, ու ամեն մեկն իրա համար ա անում: Ես անգիր գիտեմ, թե որ պաշտոնն ի՞նչ արժե: Օրինակ, Մշակույթի նախարարի պաշտոնն արժե 600.000 դոլար, Ղափանի միլպետ դառնալու համար 70.000 դոլար են ուզում, Երեւանում դպրոցի տնօրենի պաշտոնի համար՝ 8000 դոլար: Բայց գիտե՞ք, էսօրվա տաքսու վարորդների 70%-ը Կոմունիստների ժամանակ լավ պաշտոնների են եղել»,- վստահեցնում է նա: Արթուրի համոզմամբ` Ամանորը ռուսներն են լավ անցկացնում. «Ուրախ ժողովուրդ են ու փող ունեն: Ստեղ ի՞նչ ա, իմ շենքի ամենահարուստ մարդը ես եմ, պատկերացնո՞ւմ եք: Ցանկացած տաքսիստ Մոսկվայում 2500 դոլար աշխատում ա, իսկ պրոֆեսիոնալները՝ 4000: Մի բանն ա վատ, որ երիտասարդությունը շատ ա այլանդակվել: 12-13 տարեկան աղջիկները նստում են տաքսի, ասում են՝ ես ձեզ հաճույք կպատճառեմ, իսկ դուք ինձ հասցրեք էսինչ տեղը: Նրանց մոտ պոռնկությունն արդեն սովորական ա դարձել, կանայք 10 անգամ բաժանվում-ամուսնանում են, տղամարդիկ էլ հարբում են, իսկ երեխեքն, Աստված գիտի, թե ինչերով են զբաղվում»:

Վարորդ Նորայրն արդեն գիտի իր գլխի գալիքը: «Ես էդ օրերին աշխատելու եմ ու գործ եմ ունենալու նեւրոզի հետ, որովհետեւ սաղ հարբած են լինելու: Ինձ շատ դաժան օրեր են սպասվում…»: