Կրթական համակարգի «Եվրոռեմոնտը»

23/12/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Ախ, այդ «Բոլոնիայի գործընթացը»

2006թ. ՀՀ կրթության ոլորտը լի էր նորամուծություններով։ Ուսումնական տարվա սկզբից դպրոց մուտք գործեց 12-ամյա կրթությունը, ինչն ամենեւին էլ չարժանացավ ծնողների ջերմ գնահատականին։ Ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգ մշակվեց, որի պատճառով լուրջ անհանգստացան ասպիրանտ դառնալ ցանկացողները, փոփոխություն մտցվեց բուհական ընդունելության քննություններում, ինչն ավելի մեծ շփոթության մեջ գցեց շրջանավարտներին եւ այլն։ Այս ամենը հրամցվեց, իհարկե, «բարեփոխում» անվան տակ, սակայն դա չմխիթարեց նրանց, ովքեր դարձան այս էքսպերիմենտների զոհը։ ԿԳՆ-ն այս բոլոր էքսպերիմենտներին տալիս է միայն մեկ պատասխան. «Հետեւում ենք Բոլոնիայի գործընթացին»։

«Բոլոնյան գործընթացը հնարավորություն տվեց մեր կրթական համակարգը մոտեցնել եւ համապատասխանեցնել միջազգային նորմերին»,- երեկ 2006թ. ամփոփիչ ասուլիսում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Խոսելով ոլորտի հիմնական ձեռքբերումների մասին՝ ԿԳ նախարարն առանձնացրեց 2007թ. ընդունելության քննություններում հայոց լեզու եւ գրականություն առարկայի նոր թեստային համակարգը։ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց՝ կապված թեստի որակի հետ։ Պատրաստ ենք ցանկացած առաջարկի»,- ասաց Լ. Մկրտչյանն՝ ավելացնելով, որ թեստային պատվերներն ու տեխնիկական խնդիրներն այս տարի, ռիսկից խուսափելու համար, լուծվելու են արտասահմանյան գործընկերների հետ։ 2007թ. ԿԳՆ-ն պետք է թեստեր ու ուղեցույցներ մշակի հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ մաթեմատիկա առարկաների համար։ 2008թ. նույն բանը կարվի օտար լեզուների հետ։ «Մեր երկիրը պետք է անցում կատարի այն համակարգին, որը կա աշխարհի բոլոր երկրներում եւ որտեղ չկա կոռուպցիա»,- ասաց Լ. Մկրտչյանը։

TOEFL-ն ասպիրանտի ինչի՞ն է պետք

Ըստ ԿԳ նախարարի՝ մեր կրթական համակարգի թույլ տեղը կրթական երրորդ աստիճանն է։ Թեպետ արդեն մշակված հայեցակարգ կա, սակայն լուրջ պրոբլեմներ կան բովանդակության հետ։ «Մեր ավարտական վկայականները պետք է ընթեռնելի լինեն բոլոր երկրների համար, եւ ուսանողները պետք է ունենան ազատ տեղաշարժի եւ կրթությունը շարունակելու իրավունք։ Այս երկու իրավունքների մեջ ամփոփվում է մեր բարեփոխումների իմաստը»,- ասաց Լ. Մկրտչյանը։ Հստակեցվել է արդեն շատերին հուզող այն հարցը, թե ինչպե՞ս պետք է նկարագրվի մեր գիտական աստիճանակարգն արտերկրում։ Ըստ նախարարի՝ ներկայիս գիտությունների թեկնածուն հավասարեցվում է մասնագիտության դոկտոր աստիճանին։ Իսկ հետդոկտորականը կոչվում է գիտության դոկտոր, որն ավելի մեծ ոլորտ է եւ իր մեջ ընդգրկում է այդ մարդու վաստակը։
Ինչպես արդեն նշել էինք, ասպիրանտական ընդունելության քննությունների փոփոխությունները լուրջ մտահոգության պատճառ են դարձել։ Մասնավորապես, անգլերեն լեզվից TOEFL թեստի հանձնումը, իրավացիորեն, շատ է վրդովեցրել ուսանողների մեծ զանգվածին։ Թե դասախոսները, եւ թե անգլերեն իմացողները միանշանակ պնդում են, որ TOEFL-ը չի ստուգում անգլերեն լեզվի իմացությունը եւ անգամ անգլերենին հանգիստ տիրապետող մարդը, հնարավոր է, այն չհանձնի։ ԿԳ նախարարն այս հարցին մոտենում է այլ կերպ եւ կարծում է, որ բոլոր տիպի քննությունները միայն գիտելիքների ստուգման խնդիր չեն ունենում։ «Չափանիշներ են ստուգվում։ Պետական բյուջեից փող է դրվել եւ ասպիրանտներին առաջարկել են նախքան քննությունները դասընթացներ անցնել։ Եթե ասպիրանտն անգլերեն գիտի, 2-3 ամսվա ընթացքում նա կհասկանա այդ մեխանիզմը։ Անցողիկ միավորները ցածր են լինելու»,- «168 Ժամին» պատասխանեց Լ. Մկրտչյանը։ Ինչեւէ, տրամաբանությունն անհասկանալի է։ Եթե ապագա ասպիրանտը կարող է անգլերեն գրականությունից օգտվել, ի՞նչ չափանիշների մասին է խոսքը եւ ինչո՞ւ հենց TOEFL։

Կացնով ու մտրակով չես պայքարի կոռուպցիայի դեմ

Օրեր առաջ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը նամակ էր ուղարկել, որտեղ ամփոփված էին միության կատարած «Կա՞ արդյոք կոռուպցիա Երեւանի բուհերում» հարցման արդյունքները։ (Հարցման արդյունքներն ամբողջությամբ կարող եք կարդալ www.168.am-ում։) Ըստ միության՝ 2000 հարցվածներից 1821-ը դրական էր պատասխանել այս հարցին։ «168 Ժամին» հետաքրքրեց ԿԳՆ նախարարի կարծիքն այս հարցի շուրջ: Նախարարը հավաստեց, որ եթե հարցման որակը պրոֆեսիոնալ մակարդակի վրա է արված, ապա այն կուղարկվի բուհեր՝ խորհրդի նիստում հարցը քննարկելու համար։ «Երեւույթը մեզանում կա։ Դրա դեմ պայքարելու ձեւն այն է, ինչը մենք հիմա փորձում ենք իրականացնել։ Այս հարցում պետք է ընդգրկվի նաեւ ուսանողությունը»։ Ըստ նախարարի՝ նախատեսված է բաց-հուշագիր ստորագրել ուսանողական բոլոր կազմակերպությունների եւ անհատների հետ, համաձայն որի՝ ուսանողը կարող է մասնակցել մոնիտորինգային ծրագրին։ «Կացնով ու մտրակով չես պայքարի կոռուպցիայի դեմ։ Միակ ձեւը սա է»,- ասաց Լ. Մկրտչյանը։

Եվրոպական ակադեմիայի ճակատագիրը

«Որեւէ նոր խնդիր Եվրոպական ակադեմիայի հետ չունենք։ Նրանք դիմել են Վերաքննիչ դատարան։ Մեր դիրքորոշումները շատ հստակ են։ Մենք որոնում ենք լուրջ գործընկերներ, ովքեր կկարողանան մտնել Եվրոպական ակադեմիա էրիկտա ծրագրի մեջ»,- ասաց Լ. Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ ակադեմիան ստեղծված էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելու համար, ինչը ԿԳՆ-ի համար գերակա ուղղություն է։ «Եթե դատական գործընթացն անցնի այն ճանապարով, որը նախարարությունն ուզում է, կփորձենք համալսարանը նպատակաուղղել իր հիմնական կանոնադրական նպատակին։ Կոնկրետ խոսել չենք կարող, որովհետեւ դեռեւս դատական գործի մեջ ենք»,- շարունակեց Լ. Մկրտչյանը։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ԿԳՆ Եվրոպական ակադեմիայի հարցը բարձրացնում 5 տարի ուշացումով, նախարար Լ. Մկրտչյանը պատասխանեց, թե ակադեմիայի խնդիրն, իր կողմից, իբրեւ նախարար, առաջին անգամ բարձրացվել է մասնաշենքերի հանձնման հետ կապված։ Այդ ժամանակ գաղափարախոսությունը՝ էրիկտան էր, որի տրամաբանությունը, ըստ նախարարի, շատ արդար էր ու ճիշտ։ «Շենքը տրամադրեցինք։ Հիմա մտահոգությունը բարձրացավ Ֆրանսիայի դեսպանատան կողմից, որը մտահոգված է ակադեմիայի որակով։ Որակի խնդրին մենք առնչվեցինք ամռանը, երբ ճշտում էինք տարկետման իրավունքները։ Այստեղ անսահման տարկետման իրավունք կա։ Սա լուրջ խնդիր էր։ Երեխաների շահերը չոտնահարելու համար՝ ստիպված եմ եղել ստորագրել մագիստրատուրայի ավարտական վկայականներ տալու մասին որոշումը։ Այդ պահին էլ հասկացանք, որ հիմք չունենք։ Այո, ես ընդունում եմ, որ նախարարությունն իր վերահսկողության ֆունկցիաները լավ չի կատարել»,- ասաց ԿԳ նախարարը։ Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա Լ. Մկրտչյանը մի քանի անգամ պնդեց, որ ուսանողները խնդիրներ չեն ունենալու, քանզի նրանք վճարել են կրթության դիմաց, եւ պետությունը պարտավորություն է կրում նրանց նկատմամբ։ «Մենք խնդիր ունենք համալսարանի որակի հետ կապված, եւ դա պետք է լուծել համալսարանի կառավարումը կարգավորելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եվրոպական որեւէ համալսարան, ինչպես նաեւ ՀՀ-ն, իր վրա չի վերցրել բուհի պատասխանատվությունը։ Իսկ ինչ վերաբերում է ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանի այն հայտարարություններին, թե ակադեմիային ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Գերմանիայի եւ Իտալիայի դեսպանատների կողմից, Լ. Մկրտչյանը պարզաբանեց. «Այդ նույն մարդիկ, օրինակ` իտալացին, գրում է, որ իրենք կապ չունեն։ Հայաստանին տվել են դրամաշնորհներ՝ համակարգիչներով զինվելու եւ այլնի համար։ Բայց հիմնադրամի պատասխանատվություն, ծրագրի պատասխանատվություն չեն վերցրել»։ Ավարտելով իր խոսքը՝ ԿԳ նախարարն ասաց, որ Եվրոպական Ակադեմիայի համար չկա կուսակցական պատասխանատվություն, կա միայն կրթական պատասխանատվություն։ «Մենք խոսում ենք ընդամենը համալսարանական կրթական որակի մասին, եւ որեւէ անձնավորված խնդիր ես այստեղ չեմ տեսնում»։