Միջազգային փորձագետների հաշվարկներով ազգաբնակչության վերարտադրության առկա տեմպերի պահպանման դեպքում (պաշտոնապես ծնելիության գործակիցը կազմում է 11-12 պրոմիլ, այսինքն` 1000 բնակչի հաշվով ծնվում է 11-12 մարդ) 50 տարի անց Հայաստանի ազգաբնակչության թիվը կիջնի մինչեւ 1,5 մլն-ի:
Արդեն մի քանի տարի է, ինչ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը տարբեր ատյաններում ահազանգում է այս մասին, սակայն նրա ահազանգը համապատասխան արձագանքի չի արժանանում: Օրերս հասարակական ակտիվ քննարկումների առարկա դարձած Ազգային անվտանգության հայեցակարգի առնչությամբ Ռ. Եգանյանն ասում է. «Եթե չենք ունենալու մարդկային ռեսուրսներ, որը ցանկացած հայեցակարգի ելակետն ու վերջակետն է, ապա ի՞նչ իմաստ ունի ազգային անվտանգության հայեցակարգի մասին խոսելը»: Նա հավաստիացնում է նաեւ, որ Հայաստանում գոյություն չունեն բնակչության թվաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներ, որովհետեւ 2001թ. մարդահամարի արդյունքները խիստ պայմանական են: «Մեզ մոտ տեղի է ունենում քողարկված նվազող վերարտադրություն: Զարգացած երկրների նվազող վերարտադրությունն ու մերը տարբեր երեւույթներ են. այնտեղ նվազում է, որովհետեւ կենսամակարդակն է բարձրանում, կյանքի ռիթմն է ուրիշ, բազմաթիվ հետաքրքրություններ ու զբաղմունքներ կան: Իսկ մեզ մոտ անընդհատ խորացող ճահճային երեւույթներից երիտասարդության գերակշիռ մասը նույնիսկ իր ապագան այս երկրի հետ չի կապում»,- ասում է ժողովրդագիրը: (Այս տարի կատարված հետազոտությունների համաձայն, հայ երիտասարդների գրեթե 76%-ն իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս): Ծնելիության անկման հիմնական պատճառներից Ռ. Եգանյանը նշում է երկրում արմատավորված անբարենպաստ տնտեսական եւ բարոյահոգեբանական գործոնները եւ հիշեցնում է, որ խորհրդային տարիներին հայերն ունեցել են երկու-երեք երեխայով ընտանիքի մոդել, ընդ որում, ընտանիքի առաջին երեխան ծնվել է առանց պլանավորումների` հենց ամուսնության առաջին տարում: Իրավիճակի լուծումը ժողովրդագիրը տեսնում է պետական կտրուկ միջոցառումների շրջանակներում եւ մեջբերում է 1960-ական թվականներին Ռումինիայի առաջնորդ Ն. Չաուշեսկուի օրինակը, որը երկրում արգելեց աբորտները, ինչի արդյունքում մի քանի տարվա ընթացքում բնակչությունը թռիչքային աճ ունեցավ: Ի դեպ, հենց այդ սերունդն էլ մահվան դատապարտեց հայտնի բռնապետին:
Կյանքի ամենամեծ սխալը քիչ երեխա ունենալն է
«Եթե կինն ընտանիք է կազմել, չպետք է սահմանափակվի մեկ կամ երկու երեխայով: Պետք է մտածել այդ երեխաների ապագայի մասին, որովհետեւ փոքր ազգաբնակչություն ունեցող երկիրը չի կարող հզոր լինել: Որպեսզի պարզ վերարտադրություն ունենանք, ընտանիքում գոնե երկու երեխա պիտի ծնվի: Երկուսը պարտադիր է, երրորդն ու չորրորդը` ցանկալի: Ես ցանկանում եմ, որ մեր հայ աղջիկները ձգտեն ամուսնանալ եւ շատ երեխաներ ունենան»,- ասում է Առողջապահության նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ, բ. գ. դ. Գայանե Ավագյանը: Գաղտնիք չէ, որ նորաստեղծ երիտասարդ զույգերից շատերը ներկայումս ընտանիք կազմելուց հետո հետաձգում են երեխա ունենալը` մինչեւ «գործերը կլավանան» հեռանկարով: Մանկաբարձ եւ գինեկոլոգ Գայանե Ավագյանի համոզմամբ, շատ եվրոպական էլեմենտներ մուտք գործելով հայկական միջավայր` բացասաբար են անդրադառնում կազմավորված ընտանիքների կայունության վրա: Նա կարծում է, որ երեխան ընտանիքի հակասությունները հաղթահարելու գրավականն է, եւ շատ հաճախ տղամարդն ու կինը հանուն երեխայի պատրաստ են փոխադարձ զիջումների գնալ: Որոշ վերլուծություններով, ամուսնական կյանքի առաջին երկու տարում ամուսնալուծված զույգերի մեծ մասը ամուսնալուծվում են երեխաներ չունենալու պատճառով: Այդ իսկ պատճառով, մասնագետը երիտասարդ աղջիկներին խորհուրդ է տալիս չհետաձգել իրենց մանկածնման ֆունկցիան: «Շատ հարցեր կարելի է հետաձգել, բայց անպայման պետք է երեխաներ ունենալ, հղիությունն այնքան հարգելի պատճառ է, որ կարելի է հետաձգել ուսումը, աշխատանքը: Իմ կյանքի ամենամեծ սխալներից մեկն այն է, որ ես մեկ երեխա եմ ունեցել, ավելի լավ է բ. գ. դ. չլինեի, բայց շատ երեխաներ ունենայի»,- ասում է Գ. Ավագյանը: Իսկ եթե ինչ-որ նկատառումներով կանայք իրենց առաջին հղիությունն ուզում են աբորտով ընդհատել (ինչը, մասնագետների գնահատականով, Հայաստանում շատ ցածր տոկոս է կազմում), մանկաբարձ-գինեկոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել ժամանակակից պաշտպանիչ միջոցներ: «Ի՞նչ խոսք, հակաբեղմնավորիչների օգտագործումն ինչ-որ ձեւով կարող է անդրադառնալ կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա, չնայած ժամանակակից միջոցներն առանձնապես չեն նվազեցնում հետագայում հղիանալու հավանականությունը: Չծննդաբերած կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հորմոնալ միջոցներ»,- հավելում է մասնագետը: Գ. Ավագյանի կարծիքով, սովորաբար 40-ից հետո խիստ նվազում է մանկածնման ֆունկցիան, եւ ծնելիության լավագույն տարիքը նա համարում է մինչեւ 35 տարեկանը: Ներկայումս գոյություն ունեցող ծնելիության անկումը Գ. Ավագյանը պայմանավորում է մարդու վերարտադրողական վարքագծի փոփոխությամբ: Ամուսնանալով` երիտասարդներն ի վերուստ պլանավորում են` երեխային ապահովել բարձրակարգ բուհում սովորելու հեռանկարով, բնակարանով եւ այլ հարմարավետություններով: Ներկայումս քիչ երեխաներ ունենալու երեւույթը, Գ. Ավագյանի դիտարկումներով, այդքան էլ պայմանավորված չէ սոցիալ-տնտեսական գործոններով: «Տնտեսական գործոնն այդքան էլ որոշիչ չէ: Ես նկատել եմ, որ հիմա ապահովված ընտանիքներում 1-2 երեխայից ավելի չեն ծնվում: Ով ծննդաբերության ծախսերից վախենում է ու չի ծննդաբերում, թող դիմի մեզ, մենք նրանց կաջակցենք»,- հավաստիացնում է նա: Եվ հավելում, որ որոշ երկրներ, ինչպիսին մեր հարեւան Վրաստանն ու Ռուսաստանն են, երկրում ծնելիությունը խրախուսելու համար վաուչերային համակարգեր են ներդրել, ինչն ապահովում է մրցակցություն ծննդատների մատուցած ծառայությունների որակի միջեւ: