70-ամյա Ռիմա տատը բոլոր այն մարդկանց, ովքեր հագուկապով իրենից տարբերվում են՝ «նաչալնիկ» է անվանում: «Մի նաչալնիկ էլ դու ես, արի, բարձրացի իմ տուն ու հաշիվդ առ, որ ձեր ղեկավարած երկրի թոշակառուները գոյություն են քարշ տալիս»,- ասում է ու համարյա բռնի ուժով ինձ տանում է իր «բնակարան», որը հանրակացարանի կիսավերակ սենյակներից մեկն է: «Ես Կեսոյան Ռիման եմ, ու, եթե չես հավատում, նաչալնիկ ջան, հես ա ջահել վախտվա նկարներս կհանեմ, ցույց կտամ, որ դու իմանաս` ժամանակին կարգին մարդ եմ եղել, մարդ… ոչ թե սենց խեղճուկրակ պառավ»,- ասում է ու ոտքերը մի կերպ քարշ տալով, կաղալով մոտենում պահարանին, որպեսզի իր լավ ժամանակների լուսանկարները ցույց տա: Ասում եմ՝ «Ես նաչալնիկ չեմ, լրագրող եմ»: Զարմացած ասում է՝ «Է՜, ավելի վատ քո համար, որ լրագրող ես: Գնա մեր երկրի նաչալնիկների վզից բռնի ու բեր իմ տուն, ցույց տուր, որ իմ նման պառավը կենդանական ապրելակերպով ա ապրում,- բարկացած հրամայում է Ռիմա տատն՝ ասելով,- Թե չէ՝ սաղդ գործի եք գնում, փողեր եք ստանում, բայց ձեր գործը չեք անում: Ինչի, որ լրագրող ես, ուրեմն՝ մեր նմանների հետ գործ չունե՞ս,- հարցնում է ու ինքն իր հարցին պատասխանում,- Եթե եկել ես, ուրեմն՝ գործ ունես: Մեր գլխավոր նաչալնիկին՝ Քոչարյանին, իմ անունից հարցրու, ասա` եթե ամսական իմ 8500 դրամ թոշակն իրան տամ, կարա՞ ինքն էդ թոշակով ապրի: Կարա՞ լույսի փող տա, ուտելիքի փող տա, մյուս բաներն էլ չեմ ասում: Ինքը կարա՞ ամեն օր հաց ու կարտոշկով ապրի»,- ասում է Ռիմա տատը, որ այլեւս չկարողանալով զսպել իր բարկությունը՝ դողդողացող ձայնով լաց է լինում: «Ես, բալես, շատ նեղված եմ, լցված եմ, դրա համար սենց ջղայնությունս թափեցի: Ախր սենց ո՞նց կլինի, գոնե շուտ մեռնեմ, ապրելը տառապանք ա, տանջվում եմ»,- ասում է նա ու երեխայի պես լաց լինում: Նայում է հանգուցյալ ամուսնու լուսանկարին, որը խնամքով դրված է սեղանի վրա, իսկ շուրջը զարդարված է անպետք, դեն գցելու արհեստական ծաղիկներով: Ռիմա տատի ամուսինը երկրաշարժի ժամանակ կամավոր կերպով Գյումրիում փրկարարական աշխատանքների է մասնակցել: Աղետի գոտուց վերադառնալուց շատ չանցած՝ երկրաշարժի ծանր հետեւանքները տեսնելուց հետո հոգեկան խանգարում է ստացել: «Շատ էր վրեն ազդել, գիշերները վախից չէր քնում»,- վկայում է 70-ամյա տատիկը, ով ստիպված է եղել ամուսնու խնամքը հանձնել հոգեբուժական դիսպանսերին: Հետագայում նրան տեղափոխել են Սեւան, որտեղ ցմահ պահվում են հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ: «Անցած տարի մահացավ, հարեւաններն օգնեցին, որ տանենք թաղենք: Այ, սենց էլ անհույս ապրում եմ: Մի տղա ունեմ, թոքերի հիվանդ ա, Աբովյանի դիսպանսերում պառկած էր: Թոռս ա ինձ մի քիչ տիրություն անում, ես իրան մանկությունից պահել եմ»,- վստահեցնում է Ռիմա տատն՝ ասելով, որ արդեն քանի օր է, թոռանը խնդրում է, որ մոտակայքում գտնվող խանութից պարտքով հաց վերցնի, այլապես սովամահ կլինեն: Ռիմա տատի շաքարը բարձր է, աղիքային փտախտ ունի, պլաստիկ վիրահատություն է տարել. «Ախր մարդ էնքան անճար վիճակում ա, որ ինքնասիրությունն էլ ա մի կողմ դնում: Ամեն օր Աստված եմ կանչում, որ մեկը դուռս ծեծի, մի բանով օգնի: Էս վիճակով ապրելն ո՞ւմ ա պետք: Ես մեր նաչալնիկներին կոչ կանեմ, որ օժանդակեն, կարենանք ապրենք: Թող ինձ տեր կանգնեն, ես ոչ մեկից պարտք ու պահանջ չունեմ, ուղղակի խնդրում եմ, որ ինձ տեր կանգնեն»: Իր վիճակը նկարագրելու համար Ռիմա տատը մանրամասն պատմում է, թե 2 օր առաջ ինչպես է գլխապտույտ ունեցել ու ուշաթափվել, աստիճաններից գլորվել-ընկել: Ցույց է տալիս թեւերի ու ոտքերի կապտուկները ու նորից կրկնում, թե այլեւս չի ուզում ապրել: Ասում է, որ հաշմանդամություն ունի, փաստաթղթերը ձեւակերպել է, սակայն հաշմանդամության թոշակ ստանալու համար նրանից գումար են պահանջել: «Որ փող ունենայի` կընկնեի՞ դրանց դռներն էդ թոշակի համար: Էնքան են տանում-բերում, որ ներվայնությունից ասեցի՝ ոչ էլ գնալու եմ»: Ներս է մտնում մի պատանի: Ռիմա տատի թոռն է՝ Ալբերտը, ով տատին սովից փրկելու համար պարբերաբար խանութներից պարտքով հաց է վերցնում: Ռիմա տատը թոռնիկին ինձ է ներկայացնում. «Էս աղջիկը մեր նաչալնիկներից ա, Ալբերտ ջան, մի ամաչի, խոսում-կիսվում, թեթեւանում ենք»: Ալբերտն այնքան էլ չի ընկալում տատի ասածը ու ժպտում է՝ գլխի ընկնելով, որ տատը երեւակայում է: Գլուխն օրորելով կրկնում է՝ «Նաչալնի՜կ… նաչալնիկներն ի՞նչ գործ ունեն քո տան մեջ, դրանք վերեւներում են»,- ասում է ու հայացքն ուղղում վերեւ: Ալբերտին հարցնում եմ՝ «Մենք` ջահելներով, ի՞նչ անենք, որ մեր երկրի ծերերն էս օրը չընկնեն»: «Մենք` ջահելներով, առավոտից իրիկուն բանվորություն ենք անում, մեշոկներ ենք բարձում ու կրում, բայց մեր հիվանդ հերն ու ծեր տատը սոված են մնում: Չգիտեմ… ի՞նչ անենք: Մենք մեր համար ի՞նչ ենք անում, որ ծերերի համար ի՞նչ անենք»,- հարցին հարցով է պատասխանում Ալբերտն ու ինձ խորհուրդ տալիս ասածի համար հանկարծ իրեն չծաղրել: Ասում է, որ ինքը չգիտի, թե ինչ բան է թատրոնը, եւ կուզենար կյանքում գոնե մեկ անգամ թատրոնի դահլիճում նստել ու ներկայացում նայել: «Եթե ես թատրոնի տոմս առնեմ, տատս, հերս սոված կմնան, ի՞նչ խղճով գնամ թատրոն: Կուզեի մի օր մյուսների պես ապրեի, օրինակ՝ կաֆե գնայի, թատրոն, կինո կամ ինչ-որ հետաքրքիր տեղ: Ասենք՝ ջահելները հիմա ո՞ւր են գնում»,- ասում է նա ու հեռանում Ռիմա տատի սենյակից: