82-ամյա Շուշանիկ Տոնյանը փախստական է եւ Հայաստանում ոչ մի հարազատ չունի: «Արդեն տասնութ տարի է՝ այս խարխուլ հանրակացարանում եմ, սա է իմ հարազատ օթեւանը,- ասում է Շուշանիկ տատն ու շարունակում,- իմ հույսն էլ իմ ձեռքերի ուժն է եւ բնությունից տրված հրաշալի հումքը՝ ուռին»:
Շուշանիկ տատը դեռ ապրում է իրենց գյուղի` Բանանցի հեռավոր ու հարազատ հուշերով: Նա ծնվել է Բանանցում, ուսում առել եւ զբաղվել հորից ժառանգություն մնացած արհեստով՝ կողովագործությամբ:
«Հայրս՝ Ալեքսան Տոնյանը, Կիրովաբադի շրջանի հայտնի կողովագործն էր: Այդ արհեստը սովորել էր Հանս անունով մի գերմանացուց Խանլարում: Նախասովետական տարիներին Խանլար քաղաքը գերմանական գաղութ է եղել, որտեղ ապրել են նաեւ ասորիներ, հայեր, հույներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Երբ խորհրդային տարիներին գերմանացիներին Խանլարից արտաքսեցին, հայրս դարձավ շրջանի կողովագործություն ուսուցանող վարպետը: Նա իր արհեստն էր փոխանցում հազարավոր մարդկանց: Հայրս հիմնեց «Կարմիր պարտիզան» արտելը, որտեղ կողովագործություն էր սովորեցնում կույրերին ու հաշմանդամներին»,- հիշում է Շուշանիկ Տոնյանը:
Սկսվում է Հայրենական պատերազմը: Ալեքսան Տոնյանը եւս մեկնում է ռազմաճակատ: Այդ տարիներին ընտանիքի հոգսն ընկնում է մոր եւ ավագ դստեր՝ Շուշանիկի վրա: Վերջինս դպրոցից գալիս էր տուն եւ անմիջապես անցնում աշխատանքի՝ կողովներ էր գործում: Շուտով նա այնքան է հմտանում, որ ոչ միայն գործում է, այլ նաեւ` ուսուցանում: «Երբ հայրս վերադարձավ պատերազմից, ես արդեն վարպետ կողովագործ էի: Նա ասաց` ինչի՞դ է պետք այս արհեստը, գնա սովորիր, ուսում առ, ասացի՝ ոչ, ես պետք է ավելի կատարելագործվեմ»:
Արհեստին զուգահեռ` Շուշանիկը նաեւ բարձրագույն կրթություն ստացավ: Սովորել է Կիրովաբադի մանկավարժական ուսումնարանում, ապա հեռակա՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 36 տարի նա աշխատել է Բանանց գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի: «Մեր դպրոցի համար ասեղնագործել էի Խորհրդային Միության գերբը, որի վրա գրված էր՝ «Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների, միացե՛ք»: Դա տարիներ շարունակ պատվավոր ձեւով կախված էր մեր դպրոցի պատին: Գյուղից դուրս գալու նախորդ գիշերը թաքուն գնացի դպրոց, պատի վրայից իջեցրի կտավը, շրջանակը կոտրեցի, կտավը ծալեցի եւ դուրս եկա, ասացի՝ չպետք է թողնեմ թուրքին: Ահա, հիմա էլ կախված է իմ այս փոքրիկ բնակարանի պատին»,- պատմում է Շ. Տոնյանը:
1988թ. դեկտեմբերի 28-ին մի կերպ ծնողներին փախցնում է ադրբեջանցիների ձեռքից եւ բերում Հայաստան, իսկ ինքը վերադառնում է գյուղ, վաճառում տունը, սակայն փողն այդպես էլ չի ստանում: Նրանք տեղավորվում են Աբովյան քաղաքում՝ փախստականներով բնակեցված մի հանրակացարանային շենքում՝ զուրկ նորմալ ապրելու բոլոր պայմաններից: Երկու ամիս անց ծնողները, չդիմանալով այդ ահավոր կորուստներին, վախճանվում են: Եղբայրներն ու քույրերը մեկնում են Ռուսաստան: Հայաստանում Շուշանիկ Տոնյանը մնում է մենակ:
«Բանանցում ես լավ փող էի վաստակում, որով մի գեղեցիկ երկհարկանի տուն էի գնել իմ հորական տան կողքին: Այդ տունը վերանորոգել էի, կահավորել, եւ ժամանակն էր, որ նորմալ ապրեինք ու վայելեինք մեր աշխատանքի պտուղները, բայց, ավաղ…,- Շուշանիկ տատը չի կարողանում զսպել արցունքները, ապա խորը հառաչանքով ավելացնում է,- ախր, ո՞նց կարող է մարդ իր ձեռքով, իր դառը քրտինքով ստեղծած տունն ու ապրուստը մի վայրկյանում ջուրը գցել եւ դատարկ թողնել, դուրս գալ…»:
«Ես նոր միջավայրում էի, որտեղ անտանելի պայմաններ էին, բայց պետք էր գոյատեւել: Նայեցի շուրջս, տեսա, որ այստեղ իմ արհեստի հումքը հանդիսացող ուռենին բավականին տարածված է: Սկսեցի ուռենու շիվեր հավաքել ու գործել: Շուտով իմ աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին: Մարդիկ ցանկացան ունենալ դրանցից, եւ, ահա, ես սկսեցի բազմաթիվ պատվերներ ստանալ ու այդ ահավոր տարիներին կարողացա գումար վաստակել ու ապրել: Հիմա արդեն ի վիճակի չեմ շատ գործել, դժվարանում եմ, բայց դրա փոխարեն` սովորեցնում եմ երիտասարդներին»: Մեկ տարի առաջ Շուշանիկը դիմեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը` խնդրելով մի սենյակ տրամադրել աշակերտների հետ պարապելու համար: Շուշանիկ Տոնյանն, արդեն 16 տարի է, այդ կազմակերպության խնամքի տակ է: Կազմակերպությունը հատկացրել է մի սենյակ, կահավորել այն, լուծել ջեռուցման հարցերը:
«Այժմ այդ երեխաները հանգիստ տիրապետում են այդ արհեստին, եւ ես վստահ եմ, որ կյանքում դա նրանց շատ պետք կգա: Թող նրանք կրթություն էլ ստանան, մասնագիտություն էլ ձեռք բերեն, բայց կողովագործությանն էլ տիրապետեն: Ինչպես ասում են՝ «Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, որ չվարարի, չի էլ կտրվի»»,- ավելացնում է վարպետ Շուշանիկը եւ հպարտությամբ ցույց տալիս իր սաների աշխատանքները: Շուշանիկ Տոնյանն ունի մի երազանք` լույս ընծայել մի գրքույկ, որտեղ կհիշատակվի հոր՝ կողովագործության մեծ վարպետ Ալեքսան Տոնյանի կատարած աշխատանքների մասին, եւ որը կհանդիսանա ուսուցողական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տիրապետել այդ նուրբ արհեստին:
www.hetq.am