Գործարար տղամարդու հագուստը

23/12/2006

Բիզնեսի մեջ հաջողությունը կախված է գործարար մարդու կոմպետենտությունից, պրոֆեսիոնալիզմից եւ շատ այլ տարբեր գործոններից: Գործարար մարդու արտաքին տեսքը նույնպես կողմնակի կերպով կարող է ազդել հաջողության հասնելու վրա:

Մարդկանց յուրաքանչյուր խումբ ունի վարքի, պահելաձեւի, արտաքին տեսքի իր չգրված կանոնները: Գործարար մարդիկ եւս ունեն հագնվելու եւ պահելաձեւի իրենց ոճը:

Գործարար տղամարդը պետք է լինի.
– ինքնավստահ
– ներկայանալի
– գործնական
– էլեգանտ
– վստահություն ներշնչող
– ճաշակով
– կոկիկ:

Գործարար տղամարդու հիմնական հագուստը կոստյումն է՝ բաղկացած երեք մասից՝ պիջակ, տաբատ եւ ժիլետ: Կտորի որակից է կախված, թե որքան ժամանակ կոստյումը կպահպանի տեսքը: Աշխատեք չընտրել շուտ ճմրթվող գործվածքներ: Պիջակի երկարությունը պետք է լինի բութ մատի առաջին հատվածի չափ, պիջակի թեւքը պետք է հասնի մինչեւ դաստակը: Մուգ կապույտն ավելի խիստ գույն է, այդ պատճառով այն ավելի պաշտոնական է, քան մոխրագույնը: Հոգեբաններն ասում են, որ այն չի տպավորվում դիմացինի մեջ, քանի որ չեզոք գույն է: Հետեւաբար, մուգ կապույտ կոստյումը կարելի է հագնել գրեթե ամեն օր՝ տարբեր վերնաշապիկներով եւ փողկապներով: Բացի այդ, մուգ կապույտը դեմքին ավելի առողջ տեսք է հաղորդում, ինչը պակաս կարեւոր չէ: Մոխրագույնն ավելի մեղմ է, «տաք», մոխրագույն կոստյումով տղամարդը հաճելի, բարյացակամ տեսք ունի, տրամադրում է զրույցի: Եվ, ընդհանրապես, որքան հագուստի գույնը մուգ է, այնքան այն արիստոկրատ է. մուգ մոխրագույն կոստյումն ավելի թանկարժեք է երեւում, անկախ իրական գնից, իսկ բաց մոխրագույնն ավելի էժանագին տեսք ունի:

Խոսենք նաեւ սեւ կոստյումի մասին: Այս գույնն անպայման է երեկոյան գործնական հանդիպման համար: Այն ավելի հարմար է կրել հանդիսավոր արարողությունների ժամանակ: Բորդոն, շագանակագույնը, ճահճագույնը եւն անընդունելի են գործնական կոստյումի համար, դրանք հարմար են քաղաքից դուրս գնալիս, ակումբներում եւն: Զոլավոր կոստյումը թույլատրելի է, սակայն զոլերը չպետք է շատ լայն կամ խիստ կոնտրաստային լինեն: Զոլավոր կոստյումը մարմնաձեւերն ավելի ձիգ է դարձնում, այդ պատճառով այն նախընտրում են խոշորակազմ մարդիկ:

Գործնական կոստյումը չպետք է սպորտային տարրեր ունենա, օրինակ՝ վրադիր գրպաններ, հարմար չեն նաեւ ուսադիրները եւն:

Պիջակը կարող է լինել թե՛ միակողմանի, թե՛ երկկողմանի կոճակներով: Պիջակը սովորաբար կոճկված է լինում, սակայն միակողմ պիջակի ներքեւի կոճակը չեն կոճկում, որպեսզի նստելիս հարմար լինի: Իսկ երկկողմանի կոճակներով պիջակը միշտ պետք է կոճկված լինի:

Գործնական կոստյումը պետք է մոդայիկ լինի, սակայն գործնական հագուստի մեջ, հատկապես` տղամարդկանց, էքստրավագանտությունն անթույլատրելի է: Ժամանակակից բիզնեսի աշխարհում անթույլատրելի են վելվետից, թավշից կամ կաշվե կոստյումները: Դրանք կարելի է հագնել հանգստի մեկնելիս: