ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ` վերհիշելով իր «արխիվները», ԱԺ-ում «ՀՀ պետական օրհներգի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարել է.
«1990 թվականին ինձ զանգահարեց Մոսկվայում «Նյուսուիք» շաբաթաթերթի թղթակից Էլիզաբեթ Թակերը` հայտնի, հռչակավոր պատմաբան Ռոբերտ Թակերի դուստրը: Նրան թույլ չէին տալիս այցելել Հայաստան, եւ թույլ չէր տալիս ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունը: Լիզա Թակերը խնդրում էր ինձ միջամտել, միջնորդել, որպեսզի իր անվտանգությունը երաշխավորվի մեր Արտգործնախարարության կողմից, իսկ այն ժամանակ մեր արտգործնախարարն Անատոլի Մկրտչյանն էր, որն, ըստ էության, կատարում էր Մոսկվայի թելադրանքը: Ուստի ես որոշեցի այդ հարցը լուծելու համար դիմել պարոն Արարքցյանին»,- պատմում է Հմայակ Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ հենց այդ պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն նորանկախ Հայաստանի պետական խորհրդանիշեր ընտրեցին 1918թ. Դաշնակցության ընտրած օրհներգը, դրոշն ու զինանշանը: Ըստ Հ. Հովհաննիսյանի, Բաբկեն Արարքցյանն ընդառաջել է իր խնդրանքին, եւ Լիզա Թակերը եկել է Հայաստան: Բայց ամենակարեւորն, ըստ Հ. Հովհաննիսյանի, այս պատմության մեջ այն է, որ Հայաստան գալուց հետո Լիզա Թակերը կարեւոր հոդված է գրել ազգային բանակի ստեղծման նախադրյալների մասին: Եվ այդ հոդվածը պատրաստելու համար, ըստ Հովհաննիսյանի, Թակերն իրեն խնդրել է ուղեկցել Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը: Բնականաբար, Հմայակ Հովհաննիսյանը համաձայնել է. «Ես համաձայնվեցի եւ իրեն պատմեցի, որ կա ազգային կուսակցություն` Դաշնակցություն, որը հռչակել է դեպի երկիր վերադառնալու գաղափարը: Եվ խնդրեցի, որ խոսակցության ընթացքում նա այդ հարցն ուղղի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ հետաքրքիր էր նրա վերաբերմունքը»,- երեկ ասել է Հմայակ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Թակերն, այնուամենայնիվ, ընդառաջել է իրեն ու Լեւոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է նա վերաբերվում ՀՅԴ վերադարձին ու Հայրենիքում հաստատման հեռանկարին: «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, ասաց` բայց չէ՞ որ մենք ընդունում ենք դրոշը, օրհներգը եւ զինանշանը, որոնք Դաշնակցությունը պահպանել, պահել է Սփյուռքում: Ուրեմն` մենք կատարում ենք նրանց ծրագրային դրույթները, գնում ենք դեպի ազատ, անկախ Հայաստան, ուստի Դաշնակցությունն այստեղ անելիք չունի»,- ըստ Հմայակ Հովհաննիսյանի` ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից էլ Հմայակ Հովհաննիսյանը եզրակացրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել է այդ խորհրդանիշերի ընդունումով կանխել Դաշնակցության վերադարձը Հայաստան: «Հակառակ պարագայում Տեր-Պետրոսյանը չէր ընդունի ներկայիս օրհներգը, որը խոսում է ոչ թե արժանապատիվ կյանքի, այլ արժանապատիվ մահվան մասին: Ես կարծում եմ, ողբերգական պատմության հետեւանք է այն, որ հայ ժողովուրդը չի ունեցել արժանապատիվ կյանքի հնարավորություն»,- ասել է Հ. Հովհաննիսյանը: