«Ազգային ոգի, ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հալածական ճակատագիրը վարող հերոսը»:
Գարեգին Նժդեհ
Պավել Անանյանը գրող Վախթանգ Անանյանի եղբոր թոռն է, Գարեգին Նժդեհի թոռնուհու՝ Գոհարինե Նժդեհ-Տրդատյանի ամուսինը, թարգմանիչ: 1980-ականների սկզբին մի քանի հայրենասերներ որոշում են Մոսկվայի մերձակայքում գտնվող Վլադիմիրի «Ցենտրալկա» բանտի գերեզմանատնից բերել Գարեգին Նժդեհի աճյունը: Ընտրությունը կանգնում է Պավել Անանյանի վրա, քանի որ նա Նժդեհի ընտանիքի անդամ էր համարվում, ռուսերեն լավ էր խոսում, նաեւ մի կարեւոր հանգամանք՝ Պավել Անանյանը ռուսի շատ էր նման, որը որոշ չափով անվտանգության գրավական էր: «Տառապանքներն իմաստ ունեն, եթե դու ինքդ ուրիշ մարդ ես դառնում»: Սա Օսվենցիմի բանտարկյալներից մեկի խոստովանությունն է, որը հույս ուներ, երբ պատմի աշխարհին համակենտրոնացման ճամբարում իր կրած տառապանքների մասին, աշխարհը երբեւէ կփոխվի: Այնուամենայնիվ, աշխարհը չփոխվեց, եւ չէր ուզում լսել Օսվենցիմի մասին, ինչպես նաեւ չի ցանկանում լսել Գարեգին Նժդեհի մասին»,- ասում է Պավել Անանյանը:
Գուրգեն Արմաղանյանը դաշնակցական էր, այլախոհ մարդ: 44թ. զինանոց էր հավաքել, եթե թուրքերը հարձակվեն, իրենք կբարձրանան սարերը եւ կկազմակերպեն հայրենիքի պաշտպանությունը: Նրան բռնում են, եւ դատապարտում գնդակահարության, սակայն Խթը-ի շեֆին համոզում է, որը ինքը կարեւոր գործ է արել: Շեֆը հասկանում է Արմաղանյանի արածը, եւ մահապատիժը փոխարինում 10 տարվա ազատազրկմամբ, պատիժը կրում է Կալիմայում: 79-ի վերջերին ծանոթանում է Նժդեհի ընտանիքի հետ: Բարեկամանում են, նա էլ դաշնակցական գրքեր է տալիս Պավել Անանյանին: Կարդում է դաշնակցական Ավոյի «Նժդեհ» գիրքը: Ու Նժդեհն ընդմիշտ ներխուժում է Պավել Անանյանի կյանք. «Սա իմ վերջին հարցազրույցն է, շնորհակալ եմ, որ իմ կյանքի ճակատագրական այդ օրերի իրադարձություններից հետո, երբ Նժդեհի աճյունը տեղափոխեցի հայրենիք, կարող եմ ի սրտե խոստովանություն անել: Շնորհակալ եմ, քանի որ բոլոր այս տարիներին ես մեղադրում էի ուրիշներին, բայց ոչ ինձ՝ հասկացված չլինելու, հրաշքի հանդեպ հավատի բացակայության եւ չկայանալու համար»,- ասում է նա:
Պավել Անանյանը 1983թ. դեկտեմբերին մեկնում է Վլադիմիր՝ ստուգելու տեղանքը, նախնական տվյալներ հավաքագրելու համար: Գտնում է քաղաքային արխիվը, որտեղ չկային 1953-56 թվականների գրանցումները:
Արխիվի աշխատակցուհիները ոչնչով չեն կարողանում օգնել: Արխիվում հանդիպում է Գենրիխին, որը գերեզմանատան մեխանիկն էր: Նա է փորձում օգնել. սկսում է հարցուփորձ անել Պավել Անանյանի պապի (Անանյանը այդպես էր ներկայացրել) մասին, խնդրում է ինչ-որ մանրամասներ պատմել: Միակ տեղեկատվությունը, որն օգնում է, գերեզմանի կողքին եկեղեցու առկայությունն էր: Պարզվում է, որ Վլադիմիրում այդպիսի գերեզմանատուն միայն Պատմական գերեզմանատունն է. «Իմ արհամարհանքը առ բռնապետություն, պահպանողականություն՝ ինձ համար վերածվեց աղետի, կյանքն այս երկրում դարձավ իսկական աբսուրդ: Գարեգին Նժդեհն ինձ օգնեց գտնելու Աստծուն: Մկրտվեցի, բայց հոգու հանգստությունը եւ խաղաղությունը, թվում էր, ընդմիշտ լքել էր ինձ: Բայց հասկացա, որ անհրաժեշտ է այս չոր, պրոզայիկ փաստերի ժամանակում արտահայտել արդեն գրեթե քառորդ դար իմ մեջ կուտակվածը: Ես վերափոխվեցի, իրերին նայում եմ արդեն այլ հայացքով: Հանկարծ պարզ հասկացա Օսվենցիմի բանտարկյալին, հասկացա, որ ես ինքս պիտի դառնամ Նժդեհի հետեւորդը եւ գաղափարակիրը»:
Գենրիխի հետ մեքենայով գնում են Պատմական գերեզմանատուն: Նա տեղանքին շատ լավ ծանոթ էր, եւ սկսել է հետազոտել իրեն ծանոթ տարածքը: Պ. Անանյանը սկսում է որոնել բանտարկյալների համար նախատեսված հատվածում: Գրպանում ուներ Արգենտինայում տպագրված Դեւեճյանի գրքում զետեղված գերեզմանի լուսանկարի պատճենը: Այդպիսի միայն մի գերեզման է լինում, սակայն ցուցանակը, որտեղ գրված էր՝ Գարեգին Տեր-Հարությունյան, չկար: Քայլում է գերեզմանների միջեւ, ամեն տեղ տնտղում, սակայն լուսանկարի գերեզմանին նման այլ գերեզման չի գտնում.
«Ինչպես ասում են հոգեւոր հայրերը. «Փրկվիր ինքդ, քո շուրջը բոլորը ինքնին կփրկվեն»: Նժդեհի աճյունի հետ կապված պատմությունը, ինչպես ինձ է թվում, մեր բազմաչարչար հասարակությանն արդեն անտանելի է: 1998 թ. սկսած, երբ իմ խոստովանությունը տպագրվեց «Ուրարտու» շաբաթաթերթում՝ «Ինչպես են թաղում հերոսներին» վերնագրով, բոլորն իմացան, թե իրականում ով է բերել Նժդեհի աճյունը: Դրան հետեւեցին հարցազրույցներ, ելույթներ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Սկսվեց գրքերի, հոդվածների շարան, որտեղ ինձ հիշում էին կամ էլ մոռանում էին հիշել՝ զանազան պատճառներով: Աստված իրենց հետ…»:
Երկար փնտրում է, հուսահատված այս ու այն կողմ է գնում, հանկարծ նկատում է երկու ռուս տատիկների, նրանց հետեւից գնում է՝ տխուր, մտամոլոր: Դիմացը փոքրիկ ռուսական եկեղեցի է երեւում, մտնում է եկեղեցի: Ռուսական եկեղեցիներում միշտ էլ սրբապատկերների համար նախատեսված պատ կա։ Երկար նայում է Հիսուս Փրկչի սրբապատկերին, թվում է ինչ-որ մեկին է տեսնում, հետո հասկանում է, որ Քրիստոսի դեմքն էր եղել: Անելանելի վիճակից ինքնաբուխ հորդում է խնդրանքը՝ օգնիր ինձ: Գալիս է, կանգ առնում հենց նույն գերեզմանի մոտ, որտեղ արդեն եղել էր եւ որտեղ ցուցանակը բացակայում էր: Սկսում է ձյուները մաքրել՝ փնտրելով ցուցանակը, որը չի գտնում: Հոգնած, ծանրացած նստում է գերեզմանաթմբի կողքին, ձեռքը դնում է թմբին ու ասում. «Նժդեհ, ախպերս, եթե այստեղ ես, ձայն հանիր»: Այդ պահին ձեռքի ափին ոչ այն է՝ ձայն, ոչ այն է՝ հառաչանք է զգում: Սարսափահար վեր է թռչում, սկսում է գոռգոռալ: Մոտենում է Գենրիխը, որն ասում է, որ ոչ մի տեղ Գարեգին Տեր-Հարությունյան ցուցանակով գերեզման չկա: «Գտել եմ, գտել եմ, այստեղ է թաղված»,- գոռգոռում է Անանյանը: Գենրիխը վերցնում է գերեզմանի լուսանկարը, նայում, համեմատում ու հավանություն է տալիս, որ իրոք այստեղ է:
«Այսպիսով, 1982 թ. ձմեռային հետազոտումներից հետո, 1983 թ. օգոստոսին կրկին մեկնեցի Վլադիմիր՝ աճյունը հաստատ բերելու վճռականությամբ: Գնացի-Գենրիխին գտա, ինձ ասաց, որ մի նախկին չեկիստի է ծանոթ, որի հետ կարելի է գերեզմանը փորել: Ցերեկով գնացինք, սկսեցինք փորել: Բայց զգում էի, որ այդ չեկիստն ինձ այնքան էլ չի հավատում, հասկանում է, որ իմ հարազատ պապը չէ, ես հայրենասեր եմ եւ հատուկ ինչ-որ նպատակով եմ եկել: Ոսկորները սկսեցին երեւալ, մաքրեցի ոսկորները, գանգը, որը իսկ եւ իսկ Նժդեհն էր: Նախկին չեկիստը ուզեց գանգը վերցնել, չէի ուզում տալ, բայց վերցրեց, բացեց ծնոտները, հետո ասաց՝ Պապդ ազնիվ մարդ է եղել: Թե ինչի այդպես ասաց՝ չգիտեմ, վախեցա հարցնել: Նայելով, թե ինչպես եմ աշխատում, ասաց. «Եթե ռուս երիտասարդները քո նման լինեին, Ռուսաստանը կփրկվեր»: Ոսկորներն ինձ վրա չափեցի, բոլորը լցրեցի տոպրակի մեջ, հետո դրեցի հատուկ Ռուսաստանում գնած սպորտային պայուսակի մեջ: Այդ պայուսակի մեջ դրեցի նաեւ Նժդեհի նկարը, ծաղիկներ, որ հոտ չգա եւ աճյունը: Գնացքով եկա, ինքնաթիռով ստուգում էին»:
Ճանապարհը շատ դժվար էր, քանի որ ամեն տեղ ստուգում էին: Սակայն Պ. Անանյանին չեն ստուգում, որը միամտորեն պայուսակում ուներ նաեւ Նժդեհի նկարը։ Եթե հայտնաբերեին՝ նրան 2-6 տարվա ազատազրկում էր սպառնում՝ պարզապես գերեզման պղծելու համար, իսկ Նժդեհի համար, է՛լ ավելի: Բերում է Երեւան, 4 տարի Նժդեհի աճյունը մնում է Վարագ Առաքելյանի Կոտայքի տան նկուղում: Այնտեղ չափումներ են անում, բժշկական եւ այլ փորձաքննությունները հավաստում են, որ իրոք Նժդեհի աճյունն է: 1987թ. Նժդեհի աճյունը տանում թաղում են Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի դռան պատի տակ: Քանի որ Նժդեհը կտակել էր՝ թաղել Կապանի Խուստուփ լեռան գագաթին, Նժդեհի աջը տանում եւ թաղում են Խուստուփ լեռան աղբյուրի մոտ:
«Ես չափազանց լուրջ էի վերաբերվում բռնապետական հրեշին, որը վաղ թե ուշ փլուզվելու էր, քանի որ չարի ծնունդ էր: Ես այն ժամանակ չգիտեի, որ Աշխարհը Աստված է արարել: Դիմում եմ իմ կրտսեր բարեկամներին՝ Սիրելի իմ երիտասարդներ, մի վախեցեք, մի վախեցեք չարից, քանի որ Աստված միշտ էլ մեզ հետ է: Եվ միշտ հիշեք մեր մեծագույն հերոսներին, առաջին հերթին՝ Գարեգին Նժդեհին եւ իր զինակիր Հայկ Ասատրյանին, որովհետեւ նրանք ձեզ են թողել հավաստի եւ անգին արժեքներ. իրենց գործերը, որոնք ձեզ կօգնեն չմոլորվելու Տիեզերքի քառուղիներում եւ հասնել ցանկալի նպատակին»,- երիտասարդներին է դիմում Պ. Անանյանը: