Գտիր տարբերությունը

22/12/2006

Երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը մեր խմբագրություն էր ուղարկել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության փակ համաժողովում օրերս Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հնչեցրած ելույթները, որոնք էլ պատճառ են դարձել նրանց երկուսին ձերբակալելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար: Նրանց ելույթներն ընթերցելիս անմիջապես հիշում ես 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած դեպքերը: Նաիրի Հունանյանը եւ նրա հանցակիցները եւս այս նույն բառապաշարով, նույն բովանդակությամբ, նույն ոգով մտքեր էին արտահայտում՝ ներկայանալով իբրեւ արդարության, գաղափարական մարտիկներ. «Կերան, չէ՞, մեր ժողովրդին։ Կերա՜ն, սեփականաշնորհեցի՜ն… ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք։ Բոլորդ դեպի Ազգային ժողով։ Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»։

Նույնաբովանդակ են եղել նաեւ Ժ. Սէֆիլյանի ու Վ. Մալխասյանի ելույթները՝ «օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից» կամ՝ «մեր ազգի տականքի ներկայացուցիչների» գլուխները «պետք է տրաքացնել» եւ այլն: Իր ելույթի ամբողջ ընթացքում Ժ. Սէֆիլյանն իր համախոհներին կազմակերպվելու կոչ է անում՝ ասելով. «Սրանցից ժամ առաջ ազատագրվելը հայ ժողովրդի փրկության խնդիրն է»:

«168 Ժամն» այս ելույթները տպագրելով նպատակ ունի առաջիկայում բանավեճ հրավիրել՝ քննարկելու, թե ինչի արդյունքում են ծնվում նման ծայրահեղ հայացքներն ու, թե ինչ հետեւանք կարող են նրանք ունենալ: