Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրափակիչ նիստը, որ նախագահում էր պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը:
Թեեւ, արդեն մի քանի ամիս է, ԱԱ ռազմավարության նախագիծը «հասարակական քննարկումների» փուլեր է անցնում ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում, ԱԺ-ում, ու ԶԼՄ-ներն էլ ինտենսիվորեն լուսաբանում են այս ամենը, սակայն մի տեսակ անհասկանալի է, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է այդ ռազմավարությունը, ի՞նչ է տալու մեր երկրին, ինչպե՞ս է կիրառվելու եւ այլն: «Սա իշխանությունների ծրագիր է, քաղաքական փաստաթուղթ է եւ փաստորեն դառնում է միակ քաղաքական փաստաթուղթը, որից պետք է բխեն մեր ողջ գործողությունների ծրագրերը»,- ԳԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշել էր Ս. Սարգսյանը: Իսկ այս քաղաքական փաստաթուղթ-ծրագրում իշխանությունները փորձել են ներկայացնել մեր երկրի անվտանգության սպառնալիքներն ու դրանց չեզոքացման կոնկրետ ուղիներն: Ինչպես հայտարարել էր Ս. Սարգսյանը, ներկայացված փաստաթղթի դրույթները «դոգմա չեն» ու յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կարող է նրանում իր մոտեցումներին ու ծրագրերին համապատասխան փոփոխություններ կատարել: Իսկ այսօր ԱԱ ռազմավարության նախագծի տեքստում, ինչպես երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Ստեփան Սաֆարյանը, «սարսափելի շատ են» կրկնությունները, անորոշ ու ոչինչ չասող ձեւակերպումները, նշված չեն որոշ սպառնալիքների չեզոքացման կոնկրետ մեխանիզմները եւ այլն: ԱԱ ռազմավարության վերաբերյալ վերոնշյալ քննարկումը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպել էր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն: Քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկան Ս. Սաֆարյանը եւ Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: «Պատկերացրեք, Քրեական օրենսգրքում հանցագործությունները հստակ սահմանված չլինեին, հանցակազմը հստակ նկարագրված չլիներ, պատժատեսակներ չլինեին, փորձեինք այդ Քրեական օրենսգրքով դատավարություն իրականացնել: Այդ դեպքում բնական է, որ ցանկացած հանցագործության համար նախատեսված հոդված ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք էր տալու, եւ վերջում ավելի շատ կամայական մոտեցումներն ու կամայական մեկնաբանություններն էին հաղթելու այս կամ այն հանցագործության որակումը տալու առումով: Նույն իրավիճակն է ազգային անվտանգության ռազմավարության մեջ»,- գտնում է Ս. Սաֆարյանը: Վերջինիս խոսքերով՝ ներկայացված փաստաթղթում նշված է. «ՀՀ կայուն եւ անվտանգ զարգացումը պահանջում է փոխպայմանավորված արտաքին ու ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության պետական համադրում: Այդ համադրման հիմնական ուղին ՀՀ ժողովրդավարացումն է, որը պետք է ընթանա ՀՀ կայուն զարգացման ու միջազգային ինտեգրման միջոցով՝ նրա զորացմանը զուգընթաց: Դրա անհրաժեշտության գիտակցմամբ ՀՀ-ն որդեգրում է շարունակական բարեփոխումների ռազմավարությունը: ՀՀ-ն այդ ռազմավարությունն իրականացնում է ազգային ինքնության պահպանման պայմանով, առաջնորդվելով իր շահերով, պնդելով առավելապես ազգային ներուժի վրա՝ օգտագործելով միջազգային հանրության փորձն ու աջակցությունը»: Ըստ փորձագետի, ստացվում է, որ ժողովրդավարության որոշակի մակարդակը սպառնալիք է ազգային ինքնության պահպանման համար: «Որեւէ տեղ ամրագրված չէ, թե ի՞նչ ասել է «ազգային ինքնություն» եւ որո՞նք են դրա բաղկացուցիչները: Այսպիսով, ժողովրդավարության հետ կապված որոշակի վերապահումներ կան, որ դա կարվի, եթե պահպանենք մեր ազգային ինքնությունը»,- նկատեց նա: Ս. Սաֆարյանի խոսքերով՝ ԱԱ ռազմավարության նախագիծը որոշ մասերում վեր է ածվել ազատ թեմայով շարադրության, որոշ մասեր ինչ-որ հաշվետվություն է հիշեցնում եւ այլն: Նշելով, որ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Վրաստանի եւ Եվրամիության հետ ռազմավարական են, իսկ «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կարեւոր դեր ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում», եւ միաժամանակ նկատելով, որ ԱԱ ռազմավարության նախագծի որոշ մասեր ՆԱՏՕ-ի, Եվրոպական հարեւանության ծրագրի որոշ փաստաթղթերի հետ հակասություն ունեն, Ս. Սաֆարյանը եզրակացնում է. «Սա այս կամ այն ուժային կենտրոնին ուղղված մեսիջ է: Ենթադրենք, ՆԱՏՕ-ն կկարդա, կուրախանա, որ մենք պատրաստակամ ենք իր հետ հարաբերությունները շարունակել, ԵՄ-ն կկարդա եւ կուրախանա, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են…: Բոլորն իրենց ցանկալի հատվածները կկարդան, մենք էլ այսպես կապրենք»: «Վերջին հաշվով պարզ չի դառնում, թե ո՞ւր է գնում Հայաստանը: Նախագիծն այս տեսքով զուտ հռչակագիր է լինելու»,- համոզված է ՌԱՀՀԿ փորձագետը: Ի տարբերություն նրա, Ս. Մինասյանը գտնում է, որ ստեղծվել է բավականին լավ փաստաթուղթ, որում ներկայացված են ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքներն ու դրանց հաղթահարման ուղիները: «Փաստաթուղթը բավական դասական փաստաթուղթ է, որում նշված են ներքին եւ արտաքին անվտանգության խնդիրների վերաբերյալ գործող իշխանությունների մոտեցումները»,- գտնում է Ս. Մինասյանը: Ըստ նրա` ԱԱ ռազմավարությունն իր կարեւորությամբ Սահմանադրությունից հետո երկրորդ փաստաթուղթն է: Ինչպես նշվեց, ԱԱ ռազմավարությունն իշխանությունների ծրագիրն է, որում արտացոլված են մեր երկրի անվտանգության սպառնալիքներն ու դրանց չեզոքացման ուղիները, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կարող է այդ փաստաթղթում իր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնել: Իսկ Հայաստանում ընդամենը մի քանի ամսից ԱԺ ընտրություններ են կայանալու, եւ միանգամայն հնարավոր է (գոնե տեսականորեն), որ գործող իշխանությունը փոխվի եւ իշխանության գան բոլորովին այլ ուժեր, ովքեր լրիվ այլ կերպ են պատկերացնում ՀՀ անվտանգության սպառնալիքներն ու դրանց չեզոքացման ուղիները: Այդ դեպքում ԱԱ ռազմավարության ներկայիս նախագիծը կգործի ընդամենը 3-4 ամիս: Իսկ 3-4 ամսվա համար, համաձայնեք, նման փաստաթղթի ստեղծումն իմաստ չէր ունենա: Ստացվում է, որ կամ գործող իշխանությունները վստահ են կամ գիտեն, որ ընտրությունների արդյունքում իշխանությունը չեն կորցնելու, կամ այս ամենը զուտ նրանց կողմից իրականացվող նախընտրական PR ակցիա է: Արդյո՞ք ԱԱ ռազմավարության հետ կապված այս ամբողջ աղմուկը զուտ PR ակցիա չէ: Պատասխանելով մեր այս հարցին՝ Ս. Սաֆարյանը երեկ նշեց, թե, իհարկե, այս ամենը PR ակցիա է: Ըստ նրա, ներկայացված փաստաթուղթը նախընտրական ծրագիր է: Ս. Մինասյանը եւս գտնում է, որ «սա իշխանությունների համար PR ակցիա է, սակայն ընդդիմության համար եւս PR ակցիա է»: Այս ամենը, սակայն, ըստ Ս. Մինասյանի, միայն PR ակցիա չէ: