Անկախության 15 տարիներից հետո մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան կոմունիստների օրոք։ Եվ Հայաստանն էլ կանգնած է նույն խնդիրների առջեւ, որոնք կային 1991թ. անկախության հանրաքվեից առաջ։ Այսպիսին է վիճակը՝ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով։
«15-ամյա անկախության ընթացքում Հայաստանը, փոխանակ ժողովրդավարությանն ավելի մոտենա, իրականում նորանոր քայլեր է մտածում, որոնք հեռացնում են երկիրը ժողովրդավարությունից»,- դեկտեմբերի 18-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պ. Հայրիկյանը։
Ցույց տալու համար, որ ներկա եւ նախկին իշխանությունների գործելակերպի մեջ էական տարբերություն չկա, ԱԻՄ առաջնորդն ասում է. «Վանոն ստեղծեց «Շամիրամը», Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է «Բարգավաճ Հայաստանը», ինչը նույն խուժանությունն է»։ Անդրադառնալով Ռ. Քոչարյանի՝ վերջերս տված հարցազրույցին եւ քաղաքական գործընթացների մասին նրա գնահատականներին՝ Պ. Հայրիկյանն ասաց. «Ինձ թվում էր, թե ես լսում եմ խուժանության ու այլանդակության փաստաբանի հարցազրույցը»։
Մի բանում, սակայն, փոփոխություն եղել է՝ դա Պ. Հայրիկյանի կարծիքն է ժողովրդի մասին։ Ընդ որում, դա էլ է փոխվել դեպի վատը. «Միշտ բարձր կարծիքի եմ եղել հայ ժողովրդի մասին, բայց երեւի այն ենք, ինչ կանք»։ Ավելին, Պ. Հայրիկյանը կարծում է, որ եղել ենք «ողորմելի հավաքականություն», եւ դրանով էլ բացատրում է այն իրողությունը, որ մեր պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ անգամ «ազգային բանակից ենք հրաժարվել ու ապավինել օտարի պաշտպանությանը, իսկ մեր հերոսներին դարձրել ենք խամաճիկների զոհ»:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, Պ. Հայրիկյանը նշեց, որ ԱԻՄ-ը դրանց կմասնակցի միայն գաղափարական դաշինքի դեպքում։ Ասենք, «ընտրություն» բառն էլ նրա համար անընդունելի է, որովհետեւ ամեն ինչ արդեն որոշված է, ընտրություններն ի սկզբանե կեղծված են, գնում է ոչ թե գաղափարների, այլ վարձավճարների պայքար՝ ով ավելի շատ փող կծախսի։
Իսկ «բարեգործություն» բառի հետ, ինչպես որոշ քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց գործելակերպը, Պ. Հայրիկյանը համաձայն չէ, քանի որ՝ «Բարեգործությունը քրիստոնեական երեւույթ է, եւ քրիստոնեությունն արգելում է բարեգործություն անել եւ ասել, որ դու ես դա անողը»։
Պ. Հայրիկյանը նշեց նաեւ, որ ինքը չէր ցանկանա մասնակցել նման «խուժան միջոցառման»՝ ընտրություններին։ Սակայն դաշինքով գնալու պարագայում դրանք կարող են վերածվել «բացասական երեւույթներից ձերբազատվելու ազգային միջոցառման»։ Խոսքը վերաբերում է ո՛չ միայն իշխանության, այլեւ ընդդիմության դաշտի բացասական երեւույթներին։
Իսկ ո՞ւմ հետ կարող է համագործակցել ԱԻՄ-ը։ Պ. Հայրիկյանի խոսքերով, դաշինքի լուրջ ներուժ պարունակում է հակաքրեական շարժումը։ Քանի որ բանախոսը բացասաբար արտահայտվեց «չեկիստական Ռուսաստանի» եւ գործակալների միջոցով Հայաստանին թուլացնելու նրա քաղաքականության մասին, հարց առաջացավ՝ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր համագործակցությունը, օրինակ, թունդ ռուսամետ Արամ Կարապետյանի հետ։ Պ. Հայրիկյանի կարծիքով, ռուսամետ լինելը միգուցե Ա. Կարապետյանի մոլորությունն է, սակայն լինել ռուսամետ՝ չի նշանակում լինել ռուսների գործակալ։ Պոտենցիալ դաշնակից է նաեւ Արտաշես Գեղամյանը, որը «հրաժարվել է Ռուսաստան-Բելառուս» միությունից»։ ՀԺԿ-ի հետ նույնպես կարելի է համագործակցել։
ԱԻՄ առաջնորդը չհերքեց անգամ ՀՅԴ-ի հետ պոտենցիալ դաշնակցությունը. «Կարող է ՀՅԴ-ն խելքի գա։ Ասի՝ այս ո՞ւմ հետ ենք աշխատում, ո՞ւմ հետ ենք «քոալիսիոնի» մեջ»։ Պ. Հայրիկյանի խոսքերից տպավորություն ստեղծվեց, որ «խելքի գալու» ոչ ունակ միակ ուժը ՀՀՇ-ն է, քանի որ «անկախությունը սաղմնային վիճակում բռնաբարվեց ՀՀՇ-ի կողմից՝ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ»։ «Բռնաբարությունը» դրսեւորվեց այն կերպ, որ չսպասեցին ՊԱԿ-ի կողմից արտաքսման մեջ գտնվող Պ. Հայրիկյանին եւ ընտրություններն անցկացրին առանց նրա։ «Բոլշեւիկները, զգալով, որ իշխանությունը կորցնում են, իշխանությունը տվեցին ՀՀՇ-ին։ ՀՀՇ-ն էլ իշխանությունը տվեց Ռոբերտ Քոչարյանին… Ժողովրդավարական ուժերի առաջնորդը ես էի, բայց ինձ արտաքսել էին»,- ասում է Պ. Հայրիկյանը եւ հարցադրում առաջ քաշում՝ 3 միլիոն հոգու միջից ինչո՞ւ էին հենց իրեն արտաքսել։ Որովհետեւ կան «մանդելաներ», որոնք կարող են ժողովրդին առաջնորդել, եւ ՊԱԿ-ը՝ ի դեմս Պ. Հայրիկյանի, տեսել էր հայաստանյան Նելսոն Մանդելայի։ ՀՀՇ-ն էլ, իշխանության մոլուցքով տարված, աչք փակեց դրա վրա եւ վերցրեց իշխանությունը։ Ինչպես երեւում է, Պ. Հայրիկյանը երբեք չի ներելու ՀՀՇ-ին դրա համար։ Եթե նայենք Պ. Հայրիկյանի տեսանկյունից, ապա ժողովուրդը նույնպես պետք է երբեք չների ՀՀՇ-ին, որովհետեւ «վերջին տարիների ազգային ձեռքբերումները ԱԻՄ-ի ծրագրերի իրականացումն են», եւ ինչպես ասում է ԱԻՄ նախագահը՝ «իմ հերոսական անցյալը նաեւ ձերն է»։
Այս ամենով հանդերձ, ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի եւ հանդես գա միասնական թեկնածուով, ինչպես 1996թ. Վազգեն Մանուկյանն էր (թեեւ, ըստ Պ. Հայրիկյանի, այդ թեկնածուն պետք է ինքը լիներ, սակայն ամբիցիաների խնդիրներ կային)։
Ինչեւէ, դա 10 տարի առաջ էր։ Այժմ, ըստ Պ. Հայրիկյանի, անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ սեւի ու սպիտակի պայքարի բերելու համար, փոխել իրավիճակը, հակառակ դեպքում` «կկրենք խայտառակ ռազմավարական պարտություն»։ Ըստ ԱԻՄ առաջնորդի, խնդիրը ոչ թե կոնկրետ անձերին կանխելն է, այլ պարզապես քաղաքացիական հասարակության հիմքեր դնելը։ «Եթե դա չհաջողվի, ուրեմն Հայաստանին դատապարտում ենք չգոյության, այնպիսի վիճակի, որի համեմատ 1915 թվականի ցեղասպանությունը կարող է թվալ երանելի վիճակ»,- ասաց Պ. Հայրիկյանը: Նա, սակայն, լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ արդեն հաջորդ տարվա հունվարին, ամենաուշը փետրվարի առաջին կեսին, հասարակությունը կզգա որոշ ազդակներ։ Իսկ թե գալիք ընտրությունները կհաջողվի՞ վերածել «համազգային միջոցառման», ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, դա հեշտ չի լինի անել «ողորմելի հավաքականություն» ներկայացնող ժողովրդի պարագայում, եթե անգամ այդ հավաքականությանն առաջնորդեն մեկից ավելի մանդելաներ։