Ժողովրդագրական հարցն` աբխազական ձեւով

22/12/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթվա վերջին Սուխումում մեծ թափով անցավ Աբխազ-աբազին ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, որտեղ մի շարք հետաքրքիր հայտարարություններ հնչեցին: Ֆորումի մասնակիցներից մեկն Աբխազիայի ղեկավարությանը կոչ արեց դիմել վրաց ժողովրդին, որպեսզի նա (ժողովուրդը) ազդի Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք (իշխանությունները) հրաժարվեն Աբխազիան Վրաստանի կազմ մտցնելու նկրտումներից: Մի կողմ թողնենք այս գաղափարի անհեթեթությունը: Սա նույնն է, թե, ասենք, Ստեփանակերտում մեկը Արկադի Ղուկասյանից պահանջի լեզու գտնել Լենքորանի արդբեջանցիների հետ, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մի՞թե անհեթեթություն չէ: Սակայն գաղափարը քննարկման նյութ դարձավ: Քննարկումները դադարեցին միայն այն ժամանակ, երբ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Սերգեյ Բագապշն անընդունելի անվանեց այն: Նրա կարծիքով՝ վրաց հասարակությունը պատրաստ չէ նման կոչին: Աբխազիայի ղեկավարը հավաքվածներին տեղեկացրեց, որ Թբիլիսիի հրաձգարաններում երեխաները կրակել են սովորում՝ նշան բռնելով հատուկ այդ նպատակով այնտեղ կախված հենց իր՝ Բագապշի եւ Հարավային Օսեթիայի նախագահ Կոկոյտայի նկարներին: Բացատրելով այս ամենը՝ Բագապշն առաջարկեց ուշադրություն դարձնել մեկ այլ խնդրի՝ ժողովրդագրության վրա, որն աբազների եւ աբխազինների համար ամենացավոտն է ու ամենակարեւորը:

«Ժողովրդագրական հարցից ավելի կարեւոր բան մեր ազգի համար չկա: Դա նախ եւ առաջ` ծնելիության խնդիրն է, աճող սերնդի խնդիրները, աբխազերենի, աբխազական մշակույթի պահպանման խնդիրը: Այս հարցերի լուծումը մեծ կապիտալ ներդրումներ չի պահանջում, այստեղ ավելի շատ բարոյական աջակցության կարիք կա»,- ընդգծեց Բագապշը եւ օրինակ բերեց աշխարհի երեսից վերացած կայսրությունները, ազգերին, ինչը «չի կարող զգուշավոր չդարձնել»:

Ինչ խոսք, խնդիրն իրոք կարեւոր է: Առավել եւս` ինքնատիպ, յուրօրինակ աբխազ ժողովրդի համար, որի ընդհանուր թիվն աշխարհում 100.000-ից չի անցնում: Աբխազիայում աբխազները թվով զիջում են «միացյալ ազգային փոքրամասնություններին», այդ պատճառով իշխանությունների մտահոգությունը կրկնակի հասկանալի է: Երիցս հասկանալի է, եթե հաշվի առնենք 2007թ. տեղական ինքնակառավարման եւ խորհրդարանական մոտեցող ընտրությունները: Նկատել են, որ չճանաչված պետությունները ցանկացած տեսակի ընտրություններ ձգտում են առավելագույնս մաքուր անցկացնել, թեեւ դրանց արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչում: Դիտորդները բազմիցս նշել են, որ ընտրությունների մակարդակը, ասենք, Մերձդնեստրում, Ղարաբաղում կամ Հարավային Օսեթիայում ավելի բարձր է, քան ճանաչված պետություններում: Եվ դա հասկանալի է. անհրաժեշտ է ապացուցել անկախ պետություն ունենալու հավակնությունների հիմնավորված լինելը: Այնպես որ, առաջիկա ընտրությունների լույսի ներքո Սուխումի որոշակի մտահոգությունը միանգամայն հասկանալի է:

Թբիլիսիի «Ախալի տաոբա» («Նոր սերունդ») թերթը կանխատեսում է, որ այդ ընտրությունների ընթացքում կորոշվի, թե հանրապետությունում դե ֆակտո ո՞ր ազգն է «զորահանդեսի հրամանատարը»: Թերթը գրում է նախագահ Բագապշի եւ վարչապետ Ռաուլ Խաջիմբայի միջեւ հակամարտության մասին, որը ծագել է, երբ երկուսն էլ դեռ նախագահի թեկնածու էին: Բագապշին աջակցում էր տեղի բնակչությունը, Խաջիմբան, բացի դրանից, ուներ նաեւ Կրեմլի լուրջ աջակցությունը: Բագապշը հաղթեց: Մրցակիցները տեղի բնակչության եւ Մոսկվայի, որն ի վերջո ընդունեց իր թեկնածուի պարտությունը, ճնշման տակ իրար ձեռք սեղմեցին: Սակայն այդպես էլ չկարողացան ջերմ հարաբերություններ հաստատել: Հակասությունները ժամանակ առ ժամանակ երեւան են գալիս: Ընդ որում, ինչպես գրում է «Ախալի տաոբան», այս փուլում նրանց հարաբերությունների մեջ կարող է խառնվել հայկական գործոնը: Վերջին ժամանակներս Աբխազիայում ավելի ու ավելի հաճախ են հակահայկական տրամադրություններ արտահայտվում. անցնող տարվա ընթացքում ինքնահռչակ հանրապետությունում գնալով հաճախակի էին անցկացվում հակահայկական ակցիաներ: Մեկ թռուցիկներ էին բաժանվում, մեկ պայթեցվեց (մի այլ վարկածով՝ այրվել է) հայկական համայնքի գրասենյակը, մեկ՝ հայկական դպրոցի շենքը: Համայնքի ներկայացուցիչները դիմեցին Բագապշին՝ բացատրություն պահանջելով: Վերջինս «ներողություն խնդրեց» նրանցից եւ խոստացավ շտկել իրավիճակը: Հայկական պատվիրակությունից անմիջապես հետո Բագապշի կաբինետ է ներխուժում Ռաուլ Խաջիմբան: Ասում են՝ հայկական հարցը քիչ էր մնում նրանց ձեռնամարտի հասցներ. Խաջիմբան Բագապշին մեղադրում էր հայամետ կողմնորոշման մեջ: «Խաջիմբան հրաշալի հասկանում է, որ ներկայիս քաղաքականության պայմաններում հզորացող հայերը շուտով կսկսեն աբխազներին նեղել: Թեեւ աբխազները հիանալի կարողանում են կռվել, սակայն այժմ դա նրանց չի օգնի, քանի որ երկրում մնացած աբխազներից քչերն են պահպանել մարտունակությունը. այսօր ամբողջ Աբխազիան թմրամոլ է»,- գրում է թերթը:

Երբ «168 Ժամը» դիմեց մեկնաբանություններ ստանալու խնդրանքով՝ Սուխումում կտրականապես հերքեցին ինչպես Բագապշի եւ Խաջիմբայի միջեւ հակասությունները, այնպես էլ հակահայկական տրամադրությունների գոյությունը: «Ցավոք, մի քանի միջադեպ է գրանցվել ազգային հողի վրա, սակայն չի կարելի խոսել միտումի մասին, առավել եւս` այն սադրիչ տոնով, որով սովորաբար գրում է վրացական թերթը»,- «168 Ժամին» հայտարարեց ինքնահռչակ հանրապետության կառավարությունում մեր աղբյուրը: Նրա խոսքերով՝ ոչ նախկին, ոչ ապագա ընտրություններում ազգությունն ուժային կառույցներում չի լինելու այն չափորոշիչը, որը կօգնի կամ, ընդհակառակը, կխանգարի այս կամ այն թեկնածուին: «Մեզ մոտ բոլորը հավասար են, համենայն դեպս՝ ազգությունով ոչ ոք ոչ մի տեղ չի ընտրվելու: Եվ ժողովրդագրական հարցն այլ ազգերի հաշվին հաստատ չի լուծվելու: Ի տարբերություն Գամսախուրդիայի օրերի Վրաստանի, երբ նույնիսկ ազգային փոքրամասնությունների վերահսկվող ծնելիության մասին օրենքն ուզում էին քննարկման դնել»,- «168 Ժամին» հայտարարեցին ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության կառավարությունից: