Սննդամթերքի, ավելի ճիշտ՝ գյուղմթերքի ընտրության հարցում մենք նախապատվությունը տալիս ենք տեղական արտադրանքին: Խորին համոզմունք ունենք, որ Հայաստանի գյուղմթերքն իր համային ու որակական հատկանիշներով չի զիջում նույնիսկ զարգացած շատ երկրների գյուղմթերքին:
Եվ իսկապես, որակյալ գյուղմթերք արտադրելու համար Հայաստանի բնությունն ընձեռում է բոլոր պայմանները: Իզուր չէ, որ շատ դեպքերում արտերկիր գնացող մեր հայրենակիցները դժգոհում են տեղական սննդամթերքի համ չունենալուց: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ հայ արտադրողներն իրենց ապրանքը գովազդելիս անպայման ընդգծում են անարատ հումքի, էկոլոգիապես մաքուր, ալպիական լեռների առկայության փաստը: Սակայն սա` առաջին հայացքից: Իսկ իրականում Հայաստանում գյուղմթերքի եւ հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը գտնվում է բավականին վտանգավոր վիճակում: Որոշ մասնագետների կարծիքով` Հայաստանում պահվող խոշոր եւ մանր եղջերավոր անասունների զգալի մասը հիվանդ է: Եվ այդ հիվանդ անասունների միսը վաճառվում է խանութներում ու շուկաներում, կաթն էլ դառնում է կաթնամթերք, որը մենք օգտագործում ենք ամեն օր:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանն ունի ճիշտ հակառակ տեսակետը: Նա ի պաշտոնե պնդում է, որ Հայաստանում արտադրվող մսամթերքն էկոլոգիապես մաքուր է եւ առողջ: «Նախ` գյուղական համայնքներում կան անասնաբույժներ, որոնք յուրաքանչյուր տարի տարբեր հիվանդությունների դեմ 7-8 բուժա-պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացնում,- ասում է պարոն Բաղյանը: -Մորթելուց առաջ եւ հետո տվյալ անասունը ենթարկվում է օրգանոլեպտիկ քննության եւ առողջ լինելու դեպքում տալիս է «N 2 ձեւ» տեղեկանքը: Հետո այդ միսը տեղափոխվում է խանութներ եւ շուկաներ, որտեղ էլ ենթարկվում է լաբորատոր փորձաքննության»:
Տեղեկացնենք, որ օրգանոլեպտիկ փորձաքննությունն ուղղակի արտաքին տվյալների վրա հիմնված տեսողական ինֆորմացիայի արդյունք է: Այսինքն, այդ եզրակացությունն անում են՝ ելնելով մսի տեսքից, հոտից ու նման արտաքին տվյալներից: Եվ տրամաբանական է, որ եթե մորթելու եւ շուկայում հանձնելու ժամանակ տեղի ունեցող այս երկու փորձաքննությունները պարզեն, որ միսն առողջ չէ, ապա թույլ չի տրվի այն վաճառել: Սակայն դժվար է հավատալ, որ այդ փորձաքննությունները միշտ կատարվում են եւ ճիշտ են կատարվում: Սկսենք գյուղից, անասուն պահող գյուղացուց ու անասնաբույժից: Ավելացնենք, որ Հայաստանում արտադրվող միսը եւ կաթը մեծամասամբ դուրս է գալիս մանր գյուղացիական տնտեսություններից, խոշոր ֆերմերային տնտեսությունները քիչ են: Ցանկացած գյուղացու եթե հարցնեք, նա անպայման կհերքի, որ իրենց գյուղի անասնաբույժը տարեկան 8 կամ թեկուզ 5-6 անգամ եկել, զննել կամ պատվաստել է իրենց խոզերին, կովերին, ոչխարներին ու հավերին: Նման այցերը լավագույն դեպքում 3-ից չեն անցնում: Եվ երբ գյուղացին անասուն է մորթում, տեղում՝ իրենց գյուղում վաճառելու համար անասնաբույժից ոչ մի փաստաթուղթ էլ չի ուզում: Եթե շրջկենտրոն կամ ավելի հեռու քաղաք է տանում, ապա այդ «N 2 ձեւ» ստանալը դժվար չէ եւ լրիվ ձեւական բնույթ է կրում: Իսկ շուկաներում ու խանութներում ստուգումներն իրականացնում են մասնավոր փորձաքննության կենտրոնները: Այստեղ արդեն փորձաքննության ծառայության պատվիրատուն ոչ թե միսը հանձնող գյուղացին է, այլ վաճառող խանութը կամ շուկան: Այս օբյեկտները պայմանագիր են կնքում փորձաքննության կենտրոնների հետ, վճարում են եւ ամեն օր ստանում են նրանց մասնագիտական եզրակացությունը: «Այդ գումարները շատ չնչին են՝ խանութների համար` ամսական 5000 դրամ, իսկ շուկաների համար՝ 100.000 դրամ,- ասում է «Անասնապահական մթերքների փորձաքննության կենտրոնի» տնօրեն Վիկտոր Աբրահամյանը: -Մեր մասնագետներն ամեն օր լինում են իրենց կցված օբյեկտներում, ստացած միսը նախ օրգանոլեպտիկ քննության են ենթարկում, հետո քսուք են վերցնում եւ ենթարկում են լաբորատոր փորձաքննության»:
Պատկերացում կազմելու համար, թե այս կենտրոնն ինչ ծավալի աշխատանք պետք է կատարի, տեղեկացնենք, որ յուրաքանչյուր օր միայն Երեւանում իրացվում է մոտ 1500 անասուն: Մարզերում էլ այս փորձաքննող կենտրոնները մասնավոր կառույցներ են: Իհարկե, մսի զննությունը միայն այս կառույցի հույսին չի թողնված, Անասնապահական տեսչության մասնագետներն էլ վերահսկում են այդ փորձաքննողներին: Բայց այդ ստուգումներն ու կտրոնները միս սպառողներին այնքան էլ չեն հետաքրքրում, եւ ընդհանրապես հայաստանցի միս սպառողը վաճառողից երբեք փորձաքննության եզրակացություն չի պահանջում: Թեպետ բոլոր մսավաճառներն այդ կտրոնից ունեն: Սպառողին ոչ թե չի հետաքրքրում իր գնած մսի առողջ լինելը, այլ նա չի հավատում այդ փաստաթղթին: Նման կտրոններ հեշտ է գնել: Իհարկե, սպառողն այնքան էլ սխալ չէ իր տեսակետի մեջ, որ չի հավատում նման փորձաքննողներին: Հավատ չներշնչելու մեղքն ավելի շուտ փորձաքննողներինն է:
Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Շմիդտ Վարդապետյանը միակն է պաշտոնյաներից, ով ահազանգում է, որ Հայաստանում կենդանական մթերքի վիճակը վտանգավոր զարգացումներ է ունենում: Նա վստահ է, որ մորթվող եւ կենդանի անասունների զգալի մասը հիվանդ է: Իսկ հիվանդ միսն օգտագործելուց հիվանդանում են նաեւ ուտողները: Ոչ միայն միսը: Հում կաթից պատրաստված մթերքը նույնպես վարակված է: Այսօր Հայաստանի սպառողներից շատ քչերը կարող են իրենց թույլ տալ արտասահմանյան պանիր գնել: Մեծամասնությունն օգտագործում է տեղական արտադրանքը: Որքան էլ հայկական պանիրը բարձր տեխնոլոգիաների արդյունք լինի, այնուամենայնիվ, պատրաստված է հում կաթից եւ ոչ մի երաշխիք չկա, որ կաթը հիվանդ կովից չէ: Պարոն Վարդապետյանի ասելով` այսպես բարձիթողի վիճակով շարունակելով` մոտ 20 տարի հետո Հայաստանի ողջ բնակչությունը սննդի պատճառով հիվանդ կլինի: Որպես ելք` նա առաջարկում է մեծ ու փոքր տարբեր ծրագրեր: Նախ` առաջարկում է Երեւան մտնող 5 մայրուղիների վրա անցակետեր դնել, մսի պասաժներ ստեղծել եւ ընդունել ու ստուգել մայրաքաղաք տեղափոխվող ամբողջ մսի քանակությունը: «Այդ փորձաքննող կառույցն իր մասնագետներին ամբողջ Երեւանով մեկ տարածելու փոխարեն` թող կենտրոնացնի Երեւան մտնող ճանապարհների վրա ստեղծված մի քանի կենտրոններում,- ասում է պարոն Վարդապետյանը: -Այս ձեւով հնարավոր չի լինի հիվանդ միս անցկացնել քաղաք»:
Պարոն Վարդապետյանն իր այս նախագիծը ներկայացրել է Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին, վերջինս էլ հավանություն է տվել: Բացի այդ, Շ. Վարդապետյանը մտածում է, որ անասունների հիվանդությունները նվազագույնին հասցնելու կամ հիվանդ անասունների գլխաքանակը նվազեցնելու համար անպայման պետք է ամբողջ Հայաստանով մեկ փորձաքննություն անցկացնել: Հաշվառել ամբողջ անասնագլխաքանակը եւ հատ-հատ ստուգել: Ճիշտ է, դա մեծ ծախսեր է պահանջում եւ ծավալուն աշխատանք է, բայց, մասնագետի կարծիքով, մի օր դա պետք է արվի: Հակառակ դեպքում, մենք ընդհանրապես առողջ անասուն չենք ունենա: Հիվանդ անասուններին էլ պետք է անպայման մորթել: Այդ դեպքում էլ գյուղացին կտուժի՝ կորցնելով իր ապրուստի միջոցը: Սակայն առողջ ապագա ունենալու համար արժե դրան գնալ: Շատ հիվանդությունների դեպքերում արտաքինից հնարավոր չէ տարբերել` անասունն առո՞ղջ է, թե՞ ոչ: Մասնագետները նշում են, որ համայնքներ, նույնիսկ մարզեր կան, որտեղ անասնագլխաքանակի 90 տոկոսը հիվանդ է բրուցելյոզով: Ուրեմն այդ տեղի բնակիչներն ուտում են բրուցելյոզով վարակված միս, պանիր, կաթնասեր, եւ իրենք էլ ժամանակի ընթացքում հիվանդանում են: Եվ, ընդհանրապես, Հայաստանի կենդանամթերք սպառողը ոչ մի երաշխիք չունի առողջ օրգանիզմ ունենալու համար: Ուրեմն, ո՞րն է ելքը, մանավանդ, որ ոլորտը բավականին ընդգրկուն է եւ ռիսկային: Մասնագետները պնդում են, որ ելքերն էլ պետք է ընդգրկուն եւ ռիսկային լինեն: Հակառակ դեպքում` մոտ ապագայում արդյունքը կարող է շատ ավելի հիվանդագին լինել: