Սամվելը չականազերծված տարածքի զոհ է

22/12/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սեւ արեւապաշտպանիչ ակնոցներով եւ ձեռքերն ամուր գրպաններում թաքցրած հետաքրքիր դիմագծերով այս տղայի հետ ծանոթացա մի քանի օր առաջ, Երեւանի Աջափնյակ թաղամասում` իր մոր աշխատավայրում:

Առաջին հայացքից թվաց, թե Սամվելի ակնոցներն ու ձեռքերը գրպաններում պահելը ժամանակակից տղաներին հատուկ սովորություն է, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ նա դրա համար ունի այլ հիմնավոր պատճառներ: Այս տարվա հուլիսի 31-ին, Արարատի մարզի Մասիս շրջկենտրոնի տարածքում Մասիս քաղաքի բնակիչ 16-ամյա Սամվել Ազիզյանը` հայտնաբերելով դեշեկայի փամփուշտ, այն տուն էր տարել եւ տղայական հետաքրքրասիրությունից դրդված` քանդել էր, իր իսկ խոսքերով ասած՝ ոչ այնքան անծանոթ այդ առարկան: Սամվելին հաջողվել էր ընդամենը մեկ դետալ հեռացնել դեշեկայից, եւ հաջորդ վայրկյանին հենց ափերի մեջ փամփուշտը պայթել էր: Փորփրելով զինամթերքը` Սամվելը դառնում է իր մեծ եւ անզգույշ հետաքրքրության զոհը: Արդյունքում փամփուշտի պայթյունից 16 տարեկան տղան զրկվում է ձախ դաստակից, վնասվում է նրա բարակ աղիքն ու ձախ աչքը: Ութ ժամ տեւած վիրահատության ընթացքում Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներին այդպես էլ չի հաջողվում պահպանել տղայի ձեռքերն ամբողջությամբ: Այդ էր պատճառը, որ նա չէր հրաժարվում իր սեւ ակնոցներից ու անվերջ ձեռքերը գրպաններում էր պահում: Սամվել Ազիզյանն անլիարժեքության զգացողությունից հիմա անգամ դպրոց չի կարողանում կանոնավոր հաճախել: Իսկ աչքի տեսողությունն ու արտաքին տեսքը վերականգնելու համար տղային անհրաժեշտ է աչքի ոսպնյակի եւ եղջերաթաղանթի վիրահատություն, սակայն Հայաստանում արգելված է նման վիրահատության իրագործումը, քանի որ համապատասխան դոնոր գտնելու համար օրենքն արգելում է մահացած մարդու օրգանի օգտագործումը: Բժիշկներն ասել են, որ այդ վիրահատությունը ներկա դրությամբ հնարավոր է կազմակերպել Մոսկվայում, մոտավոր հաշվարկներով՝ 5 հազար ԱՄՆ դոլարի առկայության դեպքում: Սամվելի մայրը` 38-ամյա Մարիետան, ասում է. «Ինձ 5 հազար դոլարը որտեղի՞ց, հազիվ առանց հոր կարողանում եմ երկու երեխա պահել: Առանց այդ էլ արդեն մեծ գումարներ եմ ծախսել հիվանդանոցում: Բայց, գոնե Աստծուց գոհ եմ, որ տղաս կենդանի է մնացել, որովհետեւ հավանականությունը մեծ էր, որ ամբողջ տունը կարող էր պայթել, որտեղ Սամվելը մենակ չի եղել»: Հետո շարունակում է. «Տղաս արդեն բարակ աղու երկու վիրահատություն է տարել: Մեզ ասացին, որ նրան պետպատվեր է հասնում: Առողջապահության նախարարությունից դասավորեցինք պետպատվերը, բայց բոլոր դեղերը մենք էինք առնում: Իսկ վերջում, մինչեւ փող չտվեցինք, հիվանդանոցից դուրս չգրեցին: Վիրաբույժն ինձ վիրավորեց ու ասաց` մենք պարտավոր ե՞նք ձեզ ձրի օպերացիա անել»: Սամվելի հայրը երկար ընթացող ծանր հիվանդությունից երեք տարի առաջ է մահացել: Ի դեպ, ավելորդ քաշքշքուկներից խուսափելու համար Մասիսի ոստիկանության աշխատակիցներին նրանք ստիպված են եղել ասել, թե Սամվելը փամփուշտը հոր իրերից է գտել, սակայն իրականում զինամթերքը նա Մասիսի դաշտերից էր գտել: Սամվելին ուղղված իմ այն հարցին, թե գիտե՞ր արդյոք, որ գտածը զենք է եղել, ու ինչո՞ւ է այն փորփրել, նա ուսերը թոթվելով պատասխանեց. «Հա, գիտեի: Ամբողջ Զանգուն դրանցով լիքն է»:

2005 թվականից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակն իրականացնում է ՀՀ-ում Ականազերծման մարդասիրական ծրագիրը: Օրերս տեղի ունեցավ այդ ծրագրի եզրափակման շնորհանդեսը: Ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Հայաստանի ականապատ դաշտեր ունեցող մարզերը հինգն են, որոնց մեջ ընդգրկվածներից մեկը հենց Արարատի մարզն է: Իսկ ամենավտանգավոր մարզեր են ճանաչվել Տավուշն ու Սյունիքը: 1992 թվականից մինչ օրս այդ տարածքների հետեւանքով Հայաստանում մոտ 370 մարդ է տուժել, որից 120-ը զոհվել են: Անշուշտ, նշված տուժածներից մեկը Մասիսի բնակիչ Սամվել Ազիզյանն է: Ականազերծման մարդասիրական ծրագիր իրականացնղներից հետաքրքրվեցինք, թե այդ մարդասիրական ծրագիրն իր մեջ ներառո՞ւմ է արդյոք տուժածներին իրավաբանական եւ ֆինանսական աջակցության ցուցաբերումը: Ծրագրի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը միայն նշեց, որ Եվրոպական խորհուրդը հրաժարվել է այլեւս ֆինանսավորել այդ մարդասիրական նախաձեռնությունը: Իսկ իշխանությունները պարզապես անզոր են նման ծախսատար, երկրորդական նշանակության ծրագրեր ֆինանսավորել: Սամվելի եւ նրա մոր վերջին հույսը բարեգործներն են, որոնք, միգուցե, կարող են աջակցել նրանց: Մոտ օրերս նրանք պատրաստվում են նաեւ որեւէ բանկում հաշվեհամար բացել` 5 հազար դոլար հավաքելու ակնկալիքով: