«Երեխան, որ ծնվում է՝ կոկա-կոլա չեն տալիս»

07/05/2005 Զրուցեց Լիլիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

– Մինչ այդ Դուք հայտնի էիք որպես «Ակունք» համույթի մենակատար։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայրիկ Մուրադյանի եւ Մարո Մուրադյանի օրհնությամբ սկսվեց Ձեր ճանապարհը։

– Իհարկե։ Ես շատ բանով պարտական եմ մշեցի արմատներիս, բայց երբ հանդիպեցի Հայրիկին ու Մարոյին, այդ ճակատագրական հանդիպումից կարծես սկսվեց իմ երգի ճանապարհը։ Ես մինչ այդ լսել եմ, երգել եմ, պարել եմ, բայց չէի մտածում, որ դա պահպանելն իմ գործը կլինի։ Երբ Մարոն ինձ հրավիրեց «Ակունք» համույթ՝ ես արդեն ավարտել էի երաժշտական ուսումնարանը, բայց այդտեղ շատ-շատ բան սովորեցի իմ ընկերներից, որոնցից ամեն մեկը մի շրջանի, մի գավառի ֆոլկլորի կրողն էր։ Այդպես սկսվեց իմ համերգային գործունեությունը։

– Եվ հասավ մինչեւ բարձր պրոֆեսիոնալ կատարում, ձայնագրություններ, փառատոներ:

– Խնդիր կար աշխարհի գրադարաններին եւ մշակութային, մասնագիտական շրջանակներին ներկայացնելու հայ մաքուր երաժշտությունը, էթնիկ երգը։ Շվեյցարական «Ֆեյս մյուզիք» ֆիրմայի կողմից առաջարկ եղավ ձայներիզ թողարկել, եւ այդ առաջարկը երկար շրջելուց հետո հասավ մեր ընտանիքին։ Ընտանիքում բոլորը երգում են, եւ՛ մանկական երգեր ձայնագրվեցին, եւ՛ ֆոլկլորի ավելի հասուն նմուշներ։ Այդպես ստեղծվեցին ընտանեկան «Կարոտ» համույթի երկու ձայներիզը։ Հետո ես շատ հետաքրքիր ամուսնություն ունեցա, ամուսինս՝ Անդրանիկը, իմ ձայնով, իմ երգով էր ինձ գտել։ Երբ Անդրանիկն ասում էր, որ նպատակ ունի փոխել մշակութային միջավայրը Հայաստանում, մարդիկ պետք է հասկանան, թե ի՞նչն է արժեքավոր, ի՞նչն արժե պահպանել, փոխանցել՝ ես ժպտում էի… Բայց նա իրոք շատ բան արեց շատ երաժիշտների համար, միջազգային ասպարեզ դուրս գալու համար։

– Նկատի ունեք «Շողակն» համո՞ւյթը։

– Դա սկսվեց Նյու Յորքի «Թրադիշընըլ քրասվորդս» ֆիրմայի հետ համագործակցությունից, որը լսելով մեր ձայնագրությունները՝ պատվիրեց առաջին ձայներիզը։ Հավաքվեցինք հին ընկերներով՝ ես, Գեւորգ Դաբաղյանը, Ալեքսան Հարությունյանը, երաժիշտներ, ու արեցինք առաջին ձայնագրությունը, առաջին ձայներիզը՝ «Արմինիըն անթոլոջին», որն արդեն նշանավոր է։ Այդ ձայներիզից հետո հրավեր ստացանք աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայից 2002 թվին մասնակցելու իր հեղինակած «Մետաքսի ճանապարհ» (Սիլկ րոուդ) ֆոլք-փառատոնին Վաշինգտոնում։ 2004թ. «Շողակնը» համերգային մեծ շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում՝ 18 քաղաքներում 20-ից ավելի համերգներ, համերգ-սեմինարներ ամերիկյան 4 նշանավոր համալսարաններում՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստին։ Շրջագայության ժամանակ ներկայացվեց «Շողակնի» վերջին 2 ձայներիզը՝ «Հայկական օրորոցայիններ»՝ կազմված պատմական Հայաստանի տարբեր գավառների օրորոցայիններից եւ «Հայկական պարեղանակներ ու պարերգեր»։

– Քանի որ հիշեցիք օրորոցային երգի մասին՝ այսօրվա մայրերը երգո՞ւմ են այդ օրորոցայինները։

– Քչերն են երգում, մայրերն էլ են արդեն կտրված արմատներից։ Դեռ «Ակունքի» ելույթների ժամանակ, հզոր ռազմական երգերից հետո Մարոն ինձ բեմ էր դուրս բերում որեւէ օրորոցային երգով… Հետո միայն, երբ ես խորացա ժանրում, հասկացա, թե Մարոն ինչո՞ւ էր այդպես անում, հասկացա, որ ամենամաքուր, ամենաանկեղծ, ամենաազդեցիկ շերտն է երաժշտության, որը տանում է շատ խորը, այնտեղ, ուր բոլորը հավասար են… Հայ մարդն այսօր շատ անելանելի վիճակում է՝ աչքն ուրի՛շ տեղ է, հոգին՝ ուրի՛շ տեղ, ոտքերն՝ ուրի՛շ։ Մայրերն էլ մեղավոր չեն՝ ի՞նչ պայմաններում ենք մեծանում մենք, որքա՞ն ենք շփվում բնության հետ, որ հասկանանք, թե այդ երգով, խոսքով, օրհնանքով պիտի երեխաները կապվեն իրենց արմատներին։ Այդ խոսքերի մեջ խորհուրդ կա, դա օգնում է երեխային, որ կարգին մարդ դառնա, որ այդքան հեշտ իր երկիրը չթողնի, օտարամոլությամբ չզբաղվի, օտար երգ չերգի։ Թող սիրի, գնահատի համաշխարհային արժեքները, բայց հասկանա, թե ինքն ով է, հասկանա, որ իրենից բացի աշխարհում ոչ ոք պարտավոր չէ դա կրելու եւ պահպանելու, թե ինքն ինչքան բախտավոր է, որ կրելու բան ունի… Ամեն ժողովուրդ կրելու եւ փոխանցելու բան ունի՞… Ժողովուրդների ֆոլկլորը քրքրեք, տեսեք քանի՞ օրորոցային ունեն…                                             Երեխան որ ծնվում է՝ դարերից եկող քաղցր խոսքեր կան, որոնք ասվում են խաղացնելիս, լողացնելիս… Այդ խոսքերը, օրորոցային երգերը մոգական ազդեցություն ունեն։ Երեխան որ ծնվում է՝ մաքուր ջուր են տալիս, Կոկա-կոլա չեն տալիս… Իսկ որ գազով ջուր ես տալիս՝ դու ո՞ւմ ծառն ես ջրում… Ի՞նչ էին սովորեցնում միջնադարյան համալսարաններում՝ տրամաբանություն, մայրենի լեզու եւ երաժշտություն։ Եթե այս կապը չկա, եթե այս օղակներից որեւէ մեկը բացակա է՝ մեր ժողովրդական իմաստությունը երգի լեզվով փոխանցելու կամուրջը կտրվում է։

– Ինչո՞վ է հիմա զբաղված «Շողակնը»։

– Փետրվարին պատրաստվում ենք մեկնել Կանադա՝ մշակութային մի մեծ համաժողովի, որտեղ հավաքվելու են աշխարհի ճանաչված դահլիճների տնօրեններ, ֆոլք-փառատոների գեղարվեստական ղեկավարներ, պրոդյուսերներ, այսինքն՝ մարդիկ, ովքեր տնօրինում են մշակութային քաղաքականությունը։ Մի քանի հազար ներկայացվածներից իրենք ընտրել են 50 խումբ տարբեր երկրներից, որոնք պետք է ներկայացնեն իրենց մշակույթը։ Դա պատիվ է մեզ համար եւ մեծ պատասխանատվություն։

– Իսկ «Շողակնը» Հայաստանում համերգներ ունենո՞ւմ է։

– Ոչ, որովհետեւ «Շողակնը» Հայաստանում չի ներկայացվում եւ ճանաչված չէ, թեեւ, օրինակ, Գեւորգ Դաբաղյանին բոլորն են ճանաչում։ Մշակութային միջավայրը Հայաստանում մաքուր երաժշտության օգտին չի զարգանում, դրա համար էլ ժողովրդական երաժշտության կատարողները չեն կարողանում ծառայել իրենց ժողովրդին։ Որեւէ երկրում ֆոլկլորը եկամտաբեր չէ, այն պետական հոգածության կարիք ունի։ Վերջերս անցկացվեց ազգային երաժշտական մրցանակաբաշխություն։ Թվում է՝ միջոցներ չխնայեցին, որպեսզի ժողովրդին ներկայացնեն արժանավորներին, բայց որեւէ մեկը կազմակերպիչներին հարցրե՞ց, թե որտեղ է մեր ազգային, ժողովրդական երաժշտությունը։

– Դուք ներկայացրե՞լ էիք Ձեր ձայներիզները։

– Այո՛, նույնիսկ իրենց խնդրանքով, բայց հետո Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ուրիշ ոչինչ չի եղել մեր ձայներիզի հետ մրցելու համար, այդ պատճառով էլ մի կողմ են դրել։ Ստացվեց, որ ամերիկյան, եվրոպական հեղինակավոր երաժշտագետների կողմից լավագույն ճանաչված «Արմինիըն անթոլոջի» եւ «Հայկական օրորոցայիններ» ձայներիզները տեղ չգտան այդ մրցանակաբաշխությունում, անվանակարգն ընդհանրապես հանվեց…

– Ելք չկա՞, դատապարտվա՞ծ ենք։

– Ազգային եւ մասնագիտական արժանապատվություն ունեցող մարդիկ չեն ընդունում այս ամենը եւ փորձում են իրենց հնարավորությունների չափով ծառայել ժողովրդական մշակույթին, ինչն արդեն ազգապահպանման ռազմավարական նշանակություն ունի։ Օրինակ, ամեն հինգշաբթի, Ազգային ռադիոյի ուղիղ եթերում ազգագրագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը զրուցում է ռադիոլսողների հետ։ Ամեն սերունդ իր ժամանակի պատասխանատուն է, եւ մեզանից է կախված, թե ինչ կփոխանցենք սերունդներին։