ԼՂՀ սահմանադրության հանրաքվե. դրական եւ բացասական արձագանքներ

22/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի արդյունքում Արցախի ժողովուրդն անկախության հանրաքվեից ուղիղ 15 տարի անց ունեցավ նաեւ իր նորաստեղծ պետության Սահմանադրությունը:

Հանրաքվեի վերաբերյալ մինչ օրս էլ մեկնաբանություններ եւ կարծիքներ են հնչում տեղական եւ միջազգային մի շարք կառույցների կողմից:

Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկա դիտորդները, որոնք պնդում էին, որ քվեարկությունն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան, ոչ մի դիտողություն չունեին, նույնիսկ վստահությամբ նշում էին, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի հանրաքվեի արդյունքները: Սակայն միջազգային հանրությունը` ի դեմս եվրոպական կառույցների ղեկավարների, հայտարարել է, որ չի ճանաչում ԼՂՀ-ում տեղի ունեցած Սահմանադրության հանրաքվեի արդյունքները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` նշելով, որ ԼՂՀ-ում կայացած հանրաքվեն օրինական ուժ չունի, եւ արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչելու: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը կարող է մշակվել բացառապես քաղաքական բանակցությունների գործընթացի միջոցով, որոնց միջնորդը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դեւիսը նաեւ ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետագա լուծումը կընդունվի մարդու իրավունքների հարգանքից ելնելով, եւ եթե դրա հաստատման համար պետք լինի համաժողովրդական հանրաքվե, ապա կամքի արտահայտումը պետք է ազատ, արդար եւ մատչելի լինի ամեն մեկի համար:

Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը, որը նույնիսկ գտնում է, որ նման հանրաքվեները պետք է գնահատվեն որպես հակաէֆեկտիվ քայլեր` գոյություն ունեցող հիմնախնդիրների կարգավորման գործում:

Ղարաբաղում նման զարգացումների սպասում էին: Այդ է վկայում այն փաստը, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, դեռեւս մինչեւ քվեարկության ավարտը լրագրողների հետ ունեցած հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանի ճնշման տակ միջազգային հանրությունը ստիպված կլինի կոկետություն անել:

Օրերս ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունն իր տարակուսանքն է հայտնել ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի առնչությամբ եվրոպական միջազգային կառույցների վերաբերմունքի առթիվ, «որոնք իրենց հայտարարություններով փորձում են կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական դաշտում գտնվելու հնարավորության փաստը»: Նախարարությունը նշում է, որ տվյալ հանրաքվեն երկրի հիմնական օրենքում ժողովրդավարական սկզբունքներն ամրագրելու եւ ընդհանուր առմամբ օրենսդրությունը զարգացնելու հերթական փուլն է եւ նպատակ ունի նոր լիցք հաղորդել պետական կառավարման ոլորտում նոր, ավելի ազատամիտ սկզբունքների ձեւավորմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացին: «Այդ առթիվ առավել քան տարօրինակ են թվում ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը որդեգրած եվրոպական ատյանների` Լեռնային Ղարաբաղում կատարվող ժողովրդավարական եւ օրենսդրական գործընթացները անտեսելու եւ ժխտելու փորձերը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ, որտեղ նաեւ ասվում է, որ վերջին 15 տարիներին արդեն առաջին դեպքը չէ, երբ միջազգային առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ համարժեք կերպով են արձագանքում ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում տեղի ունեցող նույնատիպ ընթացակարգերին: «Միայն այն փաստը, որ միջազգային հանրությունը 1991 թ. միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի անկախության հանրաքվեի արդյունքները, սակայն հրաժարվել` մինչ այդ Լեռնային Ղարաբաղում անցկացված նույնպիսի հանրաքվեի ճանաչումից, միայն խրախուսել է Ադրբեջանի նկրտումները ԼՂՀ նկատմամբ, ինչն էլ այն ժամանակ դարձավ ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառը:

Նախարարությունը հույս է հայտնում, որ եվրակազմակերպությունները, առաջնորդվելով իրենց իսկ հռչակած ժողովրդավարական սկզբունքներով, կվերանայեն իրենց կանխակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ժողովրդավարական ընթացակարգերի նկատմամբ»:

Ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, եվրոպական արժեքների փիլիսոփայությունից ելնելով, այդ կառույցների նման արձագանքը պայմանավորված է նրանով, որ նշված կառույցներն ունեն նաեւ մերկանտիլ շահեր, որոնք երկընտրանքի առջեւ են կանգնեցնում` հռչակված արժեքնե՞ր, թե՞ նավթ: «Պարզ է, որ դյուրին ընտրություն չէ: Չէ՞ որ, եթե նրանք հայտարարեն, որ նավթն ավելի կարեւոր է, նրանք կկորցնեն աշխարհում ժողովրդավարություն սերմնավորողների առաքելությունը: Նրանք չեն ուզում ձեռքից բաց թողնել այդ առաքելությունը: Մյուս կողմից, նավթը նրանց շատ անհրաժեշտ է: Եվ նման հակասություններ է ստացվում:

Սակայն այդ հակասությամբ էլ ամեն ինչ չի վերջանում: Պարզվում է, որ Դեւիսը կոչ է անում հիմնախնդիրը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մոռանալով, որ դրա համար անհրաժեշտ է Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը բանակցություններին: Ավելին, եթե պարոն Դեւիսն ու այլք այդքան շահագրգռված են, որ հակամարտության լուծման խոչընդոտները վերացվեն, նրանք պետք է նույնչափ բացասական արձագանքեն Ադրբեջանի ռադիկալ կեցվածքին, որի վերջին դրսեւորումն էր` Մոսկվայում ղարաբաղցի երգիչների համերգի ժամանակ դահլիճում ռումբ պայթեցնելու սպառնալիքը: Դրա մասին պարոն Դեւիսը եւ այլք չեն խոսում:

Սակայն, չնայած այս ամենին, Ղարաբաղում չեն դադարում հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին»,- նշում է Դ.Բաբայանը:

Եվրոպական որոշ կառույցների կողմից արտահայտած այն միտքը, թե չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, եւ դա կարող է վնաս հասցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի կարծիքով, «մեզ համար ոչինչ չէր նշանակի, եթե չլիներ մեկ հանգամանք` Հայաստանի եւ Ղարաբաղի նպատակաուղղված շարժումը դեպի Եվրոպա»: Նա գտնում է, որ մենք գնում ենք դեպի «հիվանդ» հասարակություն, որտեղ երկակի ստանդարտներ են գործում: «Եվրոպան դեմ չէ, որ ԼՂՀ-ն լուծարվի Ադրբեջանի կազմում: Բայց այնտեղ չե՞ն մտածում, որ դա մարդկային նոր զոհեր կպահանջի եւ ժողովրդավարացման հետընթաց կնշանակի»,- հարցնում է պատգամավորը, նշելով, որ համաժողովրդական հանրաքվեն չճանաչող Եվրոպան չի արձագանքում Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին` լուծել հարցը ռազմական ճանապարհով: «Փոխանակ խրախուսեն Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացները եւ աջակցեն Ադրբեջանի ժողովրդավարացմանը, եվրոպական կառույցները ճիշտ հակառակն են անում: Եվ կարելի է այս ամենից մի պարզ եզրահանգում անել. անկախ նրանից, թե ինչպես են մեզ վերաբերվում եվրոպաներում, մենք պետք է խորացնենք ժողովրդավարական գործընթացները, բարձրացնենք մեր ժողովրդի կենսամակարդակը ու ամրապնդենք բանակը: Մեր հաջողության բանաձեւը ազատության ճիշտ օգտագործումն է»,- գտնում է Գ. Պետրոսյանը:

Ի դեպ, Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ դրական արձագանքներ էլ են եղել. հանրաքվեի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոուն եւ Ջո Նոլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: «Թույլ տվեք հայտնել մեր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ժողովրդավարական զարգացմանը, եւ Սահմանադրության ընդունումը կարեւորագույն փուլ է այդ ճանապարհին»,- նշվում է ուղերձում: