Քննարկումները շարունակվում են

22/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Ազգային ժողովում շարունակվում են 2007թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել դեկտեմբերի 1-ին: Համաձայն նախագծի՝ 2007թ. պետբյուջեն եկամուտների մասով կկազմի 31072,6 մլն դրամ, իսկ ծախսերի մասով՝ 33058,6 մլն դրամ: ՀՆԱ-ն 2007թ. կկազմի 69,5 մլրդ դրամ (2004թ. այն կազմել էր 42,8 մլրդ): Այն ժամանակ դոլարի փոխարժեքը 532 դրամ էր, իսկ 2007թ. հաշվարկներն արվել են 357 փոխարժեքով: Նվազագույն աշխատավարձի չափը 15 հազար դրամից կավելանա մինչեւ 20 հազար դրամ, իսկ քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը 30 հազար դրամից կհասնի 35 հազար դրամի: Ըստ նախագծի, պետական աշխատավարձերը կավելանան 20 տոկոսով, իսկ բազային կենսաթոշակի ավելացում չի նախատեսվում, այն կկազմի 4250 դրամ, իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 230 դրամ՝ 2006թ. 180 դրամի դիմաց: Ի դեպ, հաջորդ տարի նախատեսվում է նաեւ Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում վերաբնակված ընտանիքների 1-16 երեխաներին տրամադրել ամենամսյա դրամական օգնություն` յուրաքանչյուր երեխային ամսական 2000 դրամի չափով: Ինչպես նշում են, 2007թ. բյուջեի նախագծում սոցիալական ծրագրերի վրա ուղղված է բյուջեի 58 տոկոսը: Բյուջեի ծախսերից մոտ 5 մլրդ դրամ կտրամադրվի կրթության ու գիտության ոլորտին, 1 մլրդ դրամ՝ վերաբնակեցման համար, որի շրջանակներում նախատեսվում է վերաբնակեցնել շուրջ 220 ընտանիք, իսկ վերաբնակիչների համար տների կառուցմանը կհատկացվի 800 միլիոն 700 հազար դրամ: Հաջորդ տարի կավելանան նաեւ կապիտալ շինարարության ծավալները: Այդ ուղղությամբ նախատեսվում է 9,3 մլրդ դրամ գումար, որից 1 միլիարդ 144 մլն-ը կուղղվի բնակարանային շինարարությանը (864 միլիոնը՝ Ստեփանակերտում): Ի դեպ, քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը, օրերս, ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նիստում նշել է, որ ավարտին է մոտենում 45 բնակարանանոց շենքի կառուցումը, որը նախատեսված է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամների ընտանիքների համար: Նույն նիստում ԱԺ նոր կառուցվող շենքի ծախսերին է անդրադարձել «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որին հետաքրքրեց այն, թե ինչո՞ւ սկզբից նախատեսված էր 237 մլն դրամով կառուցել այդ շենքը, իսկ հիմա այդ գումարը 635 մլն է դարձել: Ի պատասխան` ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը փաստեց, որ սկզբնական նախագծով այդպես էր նախատեսված, իսկ նախագծային փոփոխություններից հետո շենքի ծախսերն ավելացան: Ի դեպ, այս տարի այդ շենքի շինարարության համար կհատկացվի 398 մլն դրամ: 1074 մլն դրամ կհատկացվի ճանապարհային շինարարությանը, որի հիմնական մասը կծախսվի Մարտունու շրջանում՝ Կարմիր շուկա-Սոս ճանապարհահատվածի վերանորոգման վրա:

Սրանք նախնական թվեր են, քանի որ նախագիծը քննարկման փուլում է, եւ պատգամավորները դեռ համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարությանը: Տեղեկացնենք, որ ԱԺ-ում բյուջեի նախագծի առաջին ընթերցումը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին, իսկ երկրորդ ընթերցումը` դեկտեմբերի 27-ին: