«Մի՛ խորամանկիր»

22/12/2006 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Տասը պատվիրանների մեջ, թերեւս, այս մեկն այլ ձեւակերպում ունի` սուտ վկայություն մի տուր կամ` մի խաբիր: Ընթերցողին կարող է թվալ, որ ստերիլ հասարակություն եմ քարոզում: Նախապես ասեմ` բոլորովին ոչ: Նախ, որովհետեւ երբեք բացարձակ ծրագրված հասարակության կողմնակիցը չեմ եւ գտնում եմ, որ կյանքը գեղեցիկ է նաեւ իր բնական երեւույթներով եւ բազմազանությամբ: Եվ կյանքը ոչ մի դեպքում թվաբանություն չէ եւ ոչ էլ սեւ ու սպիտակ է, եւ նաեւ ամեն երեւույթ ունի իր պատճառները, որոնք պետք է փորձել հասկանալ: Ինքս էլ բաց գիրք չեմ, բայց խոսքը դրա մասին չէ. այլ այն մասին է, որ խորամանկելը մեզանում դառնում է ընդունելի նորմ եւ, ուրեմն, սկզբունքայնությունը եւ ազնվությունը անցնում են ետնաբեմ:

Մեր պատմությունը եւ էպոսը հիմք ընդունելով` կարող ենք ասել, որ մեր հոգեբանությանը բոլորովին բնորոշ չէ խորամանկելը: Ավելին, եթե անդրադառնանք մշակույթին, օրինակ՝ վառ, երկրաչափական նախշերով գորգարվեստը, ինքն իրեն եւ միջավայրին բացարձակ ներդաշնակ, հստակ եւ պարզ, քրիստոնեական մեր ճարտարապետությունը եւ կատարյալ մաքուր եւ անսեթեւեթ Կոմիտասի երաժշտությունը, այնուհետեւ Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները` այդ բացարձակ մաքուր հնչյունը… եւ դարձյալ մեր էպոսը, որտեղ, այդ ամբողջ հսկայածավալ պատումի մեջ մի դեպք չենք գտնի, որ հայը խաբի կամ խորամանկի: Իհարկե, կարող է կարծիք լինել, որ դա է մեր դժբախտությունների պատճառը՝ չխորամանկելը: Վստահաբար ոչ: Պատճառը միշտ եղել է դավաճանությունը եւ ագահությունը:

Ուրեմն ի՞նչ այլակերպում է մեզ հետ տեղի ունենում: Բոլորս խոսում ենք քաղաքի դեմքի աղավաղումից, բայց փաստորեն մեր հոգեբանությունն է սկսել աղճատվել: Պարզապես քաղաքը շատ տեսանելի է, իսկ հոգին թաքնված է խորքում եւ դրսեւորվում է Պարի եւ հոգու կոչվող պարախմբի հնդկա-արաբա-հայկական խառնաշփոթ պարի մեջ, կամ օր օրի ավելի հաճախակի հանդիպող թուրքա-արաբա-հայկական ժամանակակից երգերում, եւ այլն:

Այն, որ գցել (քցել), ֆռռացնել բառերը մեզանում իրենց հիմնական իմաստներից բացի նոր իմաստ են ձեռք բերել, պատահական չէ: Եվ, որ խորամանկ բառը, որի առաջին իմաստը, ըստ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի` անազնիվ միջոցներ գործադրող, խաբելու մեջ հնարագետ, իր տեղը սկսում է զիջել նույն բառարանում նշված հինգերորդ իմաստին, որն է` հնարամիտ, նույնպես պատահական չէ, քանի որ լեզուն հաղորդակցման միջոց լինելուց առաջ աշխարհայացք է, հոգեբանություն եւ մտածողություն է:

Ի դեպ, ստերիլ հասարակության մասին. այդ վտանգը մեզ երբեք չի սպառնում: Որովհետեւ, նախ, կարծում եմ, կհամաձայնեք, որ մենք մեր խառնվածքով այնքան էլ կարգապահ եւ ճշտապահ ժողովուրդ չենք: Էմոցիոնալ ենք, եւ ուժեղ է անհատական նախաձեռնությունը, արարելու մղումը: Այսինքն՝ հոդվածի սկզբում արհեստական խնդիր եմ բարձրացրել: Արհեստական, ինչպես Երեւան քաղաքի մասնատման խնդիրը, որը, կարծում եմ, տեղին հիշեցի երկու առումով. մեկ, որ արհեստական բարձրացված խնդիր է, նման այն բանին, որ մեկը քարը գցում է փոսը, հետո հարյուր խելոք զբաղվում են այն հանելով, եւ նաեւ, որ այդ դեպքը հենց խորամանկությանը շատ բնորոշ եւ ամոթալի մի օրինակ է, երբ խղճուկ նպատակի համար ուզում են արդարացնել զոհաբերված մեծ միջոցները: Եվ այդ միջոցն այս դեպքում կարող է լինել մայրաքաղաքը: Ընդհանրապես երկու կարծիք կա խորամանկության մասին. ոմանք այն համարում են խելքի նշան, ոմանք՝ ոչ: Կարծում եմ՝ խնդիրը դա չէ, այդքան խելք բոլորն էլ ունեն, բարձրագույն մաթեմատիկա չէ, այլ այն` թե որտե՞ղ եւ ի՞նչ նպատակով է այն գործածվում:

Եվ նաեւ, իհարկե, առաջին հերթին արժանապատվության հարց է: Ամեն մարդ չէ, որ իրեն թույլ կտա խելքն անազնիվ նպատակներով գործածել: Եվ, իհարկե, պետք չէ երբեք խորամանկությունը նույնացնել կամ շփոթել դիվանագիտության եւ ռազմավարության հետ:

Թերթերից մեկում կարդում եմ, որ Ազգային ժողովի նիստերից մեկում առաջարկվել է 2007թ. բյուջեում ամրագրել կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը, սակայն կառավարությունը հիշեցրել է, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ով սահմանվում է, որ նվազագույն զամբյուղի արժեքը պետք է հաշվարկվի միջազգայնորեն ընդունված չափերով, որը գոյություն չունի, եւ, հետեւապես, այն ներկայացնել հնարավոր չէ։

Ընդհանրապես, ինչպե՞ս կարող է օրենքում տեղ գտնել մի չափորոշիչ, որը գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ: Որքան գիտեմ` Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք պատիժ են սահմանում սուտ վկայության կամ խաբեության համար: Երբ օրենքում ամրագրվում է սուտ փաստարկ, որը տանում է դեպի փակուղի, դա խաբեությո՞ւն է, թե՞, միգուցե, տգիտություն: Թե՞, ինչպես միայն փոքր գողությունն է գողություն համարվում, ճիշտ այնպես էլ միայն փոքր խաբեությունն է համարվում հանցանք, իսկ մեծն այլեւս` ոչ:

2003թ. Օսլոյում մասնակցում էի Աղքատության հաղթահարման ուղիներին նվիրված միջազգային կոնֆերանսին, եւ կենսապահովման նվազագույն զամբյուղի միջազգային ստանդարտների մասին մեկ անգամ եւս առաջարկ եղավ եւ մեկ անգամ եւս հայտարարվեց, որ հնարավոր չէ ունենալ նույն չափորոշիչները զարգացած եւ նոր զարգացող երկրների համար: Եվ, իսկապես, պատկերացրեք, ո՞ր մի զարգացած երկիրը կհամաձայնի, որպեսզի բոլորի համար գործեն ընդհանուր միջազգային չափորոշիչներ: Եվ առանց թաքցնելու իրենք ասացին, որ չեն կարող մեր պատճառով իջեցնել կենսապահովման իրենց բարձր պահանջները: Ինչպես նաեւ նպատակահարմար չէ, որ մեկ երկիր կամ միջազգային կազմակերպություն մեկ այլ երկրի համար աղքատության գնահատման չափորոշիչներ սահմանի: Ազգային ժողովում կամ նախարարությունում դա չգիտե՞ն, թե՞ խորամանկում են: Իսկ երբ պատգամավորն ուրիշի փոխարեն կոճակ է սեղմում, դա ի՞նչ է. ճարպկությո՞ւն, չարաճճիությո՞ւն, խորամանկությո՞ւն, թե՞ խաբեություն: Թերեւս, խորամանկությունն ու խաբեությունն անբաժան են: Եվ ի՞նչ պատիժ է նախատեսվում այդ պետական մակարդակի խաբեության համար: Ոչ մի՞: Հնարավո՞ր է արդյոք այդքան տարօրինակ օրենսդրություն ունենալ: Վերջերս շատ է գործածվում «օրենքը հավասար է բոլորի համար» արտահայտությունը` տարբեր առիթներով եւ իմաստներով, այն դեպքում, երբ իմաստը միայն մեկն է` այն, որ օրենքը միայն թույլերի համար չէ:

Մեկ այլ օրինակ բերեմ Ընտրական օրենսգրքից, որի հարյուրերորդ հոդվածում կարդում ենք. «Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 15 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին»: Հասկանալի է, որ ոչ անցողիկ տեղերի համար քվոտա սահմանելու կարիք չկա: Երբ տոկոս է ամրագրվում, ապա դա, բնականաբար, պետք է վերաբերի արդյունքին: Համամասնական ցուցակով անցնող պատգամավորների թիվն 90 է, որի 15 տոկոսը որպեսզի լինեն կանայք, ցուցակում առնվազն յուրաքանչյուր վեցերորդը պետք է լինի կին: Մեկնաբանել անգամ պետք չէ այս տհաճ երեւույթը: Դպրոցական տարիքից հիշում եմ այն անբացատրելի հարգանքի զգացումը, որ ունեցել եմ պետություն ինստիտուտի հանդեպ: Այն ժամանակ պետության մեջ պետություն էինք, եւ անկախ պետությունն անիրականանալի երազանք էր: Հիմա, երբ այն ձեռք ենք բերել, ինչո՞ւ ենք այդպես անփույթ եւ անհարգալից վարվում նրա հանդեպ, կարծես ախոռի դուռ է, որը ոտքով հարվածելով կարող ես բացել…

Հայկական հոգեբանությանը խորթ այդ հատկանիշը ե՞րբ այդպես հիմնավորվեց մեր մեջ: Թերեւս 19-րդ դարի գրականության մեջ արդեն կարելի է գտնել դրա նշանները` Սունդուկյանի «դիփ խաբում են ու խաբում են…»: Օտարության մեջ ապրողների համար խորամանկությունը, միգուցե, ինքնապաշտպանության եւ գոյապայքարի միջոց է եղել, բայց ստացվում է այնպես, որ այսօր մենք մեր երկրում օտարության մեջ ենք:

Կարելի էր չանդրադառնալ այդ «անմեղ» թվացող երեւույթին, եթե դրա հետեւանքներն այդպես ակնառու չծավալվեին մեր կյանքի բոլոր ոլորտներում եւ չապականեին այն` սկսած պարզ մարդկային հարաբերություններից` մինչեւ օրենսդրություն: