Հարկային օրենսդրությունում անընդհատ կատարվող փոփոխությունները մեծ հարված են հասցնում փոքր ու միջին ձեռներեցությանը, որն առանց այդ էլ դեռ կայացման փուլում է գտնվում։ Օրենքի փոփոխության մասին պատկան մարմինները պարտավոր են տեղեկացնել յուրաքանչյուր հարկատուի։
Տուժած ձեռներեցները հաճախ մեղադրում են հարկահավաքներին այն բանում, որ վերջիններս օրենքի հերթական փոփոխությունից հետո, երբ ավելացվում է այս կամ այն հարկը, այդ մասին տարիներով չեն տեղեկացնում հարկատուին, որպեսզի հետո կարողանան գանձել կուտակված հսկայական գումարը եւ իրենց տարեկան հաշվետվություններում ցույց տալ, թե որքան գումար են գանձել։ Հարկային տեսչության աշխատողներն իրենց հերթին մեղադրում են գործարարներին՝ պնդելով, որ օրենքի յուրաքանչյուր փոփոխության մասին տեղեկացվում է հեռուստատեսությամբ, տպագրվում են տեղեկագրեր, իսկ իրենք ֆիզիկապես ի վիճակի չեն հերթով տեղյակ պահել եկամտահարկ մուծող շուրջ 300.000 փոքր ու միջին ձեռնարկությունների։
Հաճախ փոքր ձեռներեցները ծանր կացության մեջ են հայտնվում տարրական գիտելիքների բացակայության պատճառով։ Տնտեսական դատարանում քննվում են բազմաթիվ գործեր, որոնք պարզապես անհեթեթ են թվում։ Մասնավորապես շատ են դեպքերը, երբ փոքր գործարարը դադարեցնում է իր բիզնեսը, բայց չի դիմում Հարկային մարմիններին՝ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։ Արդյունքում՝ տարիների ընթացքում հսկայական պարտքեր են կուտակվում եւ Հարկային տեսչությունը քրեական գործ է հարուցում՝ պահանջելով գանձել չմուծված եկամտահարկը։
Նման «քնած գործարարների» շարքից է Ժամկոչյանների գործը, որը քննում է Տնտեսական դատարանը։ 1988-ին Ժամկոչյանները պետությունից 25.000 ռուբլի վարկ են վերցնում եւ հիմնում սահմանափակ պատասխանատվությամբ կոոպերատիվը։
«Տիգրանակերտ» հպարտ անվանումը կրող կոոպերատիվն իր գործունեությունը կենտրոնացնում է սննդամթերքի արտադրության ասպարեզում՝ վաճառելով քյաբաբ տնամերձ տարածքից։ Գործունեությունն անհրաժեշտ եկամուտ չի բերում, եւ վճռվում է վերամասնագիտանալ եւ անցնել լահմաջոյի արտադրության, բայց շուկայական հարաբերություններն այստեղ եւս անողոք են գտնվում, քանի որ Ժամկոչյանների տունն ու «օբյեկտը» խուլ տեղում են գտնվում։ 1996-ից «Տիգրանակերտը» դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին, սակայն, տեղյակ չպահելով հարկային մարմիններին։ Փաստաբան Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, նրանք շատերի նման գրանցման վկայականը դրել են բարձի տակ եւ տարիներով քնել այդ բարձի վրա։ «Չտեսա՞ք ինչ միամիտ մարդիկ են,- հարցրեց պարոն Մարտիրոսյանը,- նոր միջանցքում էին»։ Իրոք որ, Տնտեսական դատարանի միջանցքում բոլորի ուշադրությունը գրավում էր մարդկանց մի խումբ՝ հինգ-վեց հոգուց բաղկացած։ Չորսը վախեցած շուրջն էին նայում, ասես ինչ-որ վտանգ էին սպասում ամեն մի անցորդից (հիմա արդեն պարզ է, որ նրանք յուրաքանչյուր անցորդի մեջ այլեւս տեսնում էին Հարկային տեսչության աշխատակցի)։ Խմբի կենտրոնում, պպզել ու ձեռքերով գլուխն էր բռնել մի տարեց տղամարդ, իսկ նրա գլխավերեւում կանգնած կինը, որը հավանաբար տղամարդու տիկինն էր, անընդհատ կրկնում էր. «Ա՛յ տղա, մի՛ քաշվիր։ Անունդ հարցնում են՝ լալկվում»։ Ի պատասխան՝ տղամարդը միայն տխուր նայում էր շուրջը խմբված ոտքերին եւ հոգոց էր հանում։ «Տանը կարգին աթոռ էլ չունեին, որ վրան նստեի,- շարունակեց իր միտքը փաստաբան Մարտիրոսյանը,- հարկադիր կատարողը տունը տեսնելուն պես նրանց անվճարունակ էր ճանաչել, չնայած 100.000 դրամ էին պարտք»։ Այնուհետեւ, վճիռը բեկանվել է, հաշվարկվել է, թե անցած ութ տարիների ընթացքում վերոնշյալ ՍՊԸ-ն որքան գազ, հոսանք կարող էր օգտագործած լինել, որքան պիտի մուծեր Կենսաթոշակային ֆոնդին, գումարած՝ ավելացված արժեքի հարկը եւ նման այլ մանրուքներ։ Արդյունքում Ժամկոչյանները պարտք են Հայրենիքին արդեն ոչ թե 100.000, այլ՝ 1 մլն 670.000 դրամ։ Թերեւս նման վճռի համար հիմք է ծառայել սպորտային հետաքրքրությունը, թե 100.000 դրամ մուծելու համար անվճարունակ համարված ընտանիքն արդյո՞ք կկարողանա վտանգի ահեղ ժամին մոբիլիզացնել իր ողջ ներուժը եւ վճարել ավելի քան 1,5 մլն դրամ։ Տվյալ գործի առնչությամբ, որն, ասենք, ԱՄՆ-ում բոլոր հիմքերը կունենար տարվա ամենից աղմկալի գործերից մեկը ճանաչվելու համար, Տնտեսական դատարանը վճիռ կկայացնի 2005-ի հունվարի 26-ին։ Ստույգ հայտնի է, թե ինչ կլինի դրանից հետո։ Դեպքերը կարող են զարգանալ 2 ուղղությամբ։ Կամ Տնտեսական դատարանը նրանց անվճարունակ կճանաչի, կամ կպարտավորեցնի վճարել հարկը։ Առաջին դեպքում՝ Ժամկոչյանները թեթեւացած տուն կգնան, երկրորդ դեպքում՝ նրանք տուն կգնան ծանր սրտով, լուռ կխմբվեն ընտանիքի հոր շուրջը, իսկ վերջինս միայն հոգոց կհանի։ Մի քանի օրից կգա հարկադիր կատարողը, նորից կնստի կոտրված աթոռին, ու նորից անվճարունակ կճանաչի նրանց։ Ըստ օրենքի՝ պետությունն իրավունք չունի առգրավել նրանց անշարժ եւ շարժական գույքը (վերջինս հիմնականում բաղկացած է վերոնշյալ աթոռներից)։ Ստացվում է, որ դատարանը քննում է գործը, վճիռ է կայացնում, բայց արդարադատությունը չի իրագործվում։ Պետությունը հազարավոր դրամներ է ծախսում ծանուցագրերի, փաստաբանների, դատավորների եւ այլնի վրա, բայց պետբյուջե ոչ մի լումա նման գործերից չի մտնում։