Ռուս-վրացական հարաբերությունների սրման ու երկու երկրների օդային կապի բացակայության պատճառով Հայաստանը սկսել է որոշ իմաստով տրանզիտ պետության դեր կատարել: Վրաստան այցելել ցանկացողները հաճախ ստիպված են սկզբում Երեւան հասնել, հետո միայն՝ Թբիլիսի։ Այդկերպ վարվեց Վրաստան մեկնող ռուս մտավորականների ու լրագրողների խումբը, որն ուղեւորվում էր Թբիլիսի` պատվիրակության անդամ, պոետ ու լրագրող Իգոր Իրտենեւի խոսքերով ասած՝ «վայրագ ու տգեղ հարաբերություններին փոքր-ինչ մարդկային տեսք տալու համար»։ Իսկական ռուս մտավորականությունը միշտ էլ շատ ցավագին է արձագանքել յուրաքանչյուր ազգամիջյան բախման եւ, որոշ իմաստով, խաղաղարարի ու հաշտեցնողի դեր է կատարել։ Եթե, իհարկե, ցանկացել է։ Իգոր Իրտենեւը հետխորհրդային շրջանի ինտելիգենցիան երկակի ստանդարտներով ու երկակի իդեալներով ապրող մարդկանց զանգվածի հետ է համեմատում։ Թբիլիսի կատարած իր եւ իր կնոջ՝ «Նովայա գազետա» թերթի լրագրող Ալլա Բոսսարտի այցելության մասին նա ասաց. «Վրաստանը տարակուսանքի մեջ է»։ Ռուսաստանի քաղաքականությունը վրդովեցնում է նրան. «Մեզ մոտ հաճախ են ասում՝ «կովկասյան ազգության անձինք», դա նույնն է, ինչ, ասենք, «ալպիական ազգության մարդիկ», քանի որ Կովկասը լեռնազանգված է, ինչպես նաեւ Ալպերը»։
Իգոր Իրտենեւն այսօր ամենաշատ կարդացվող ու վաճառվող պոետներից է Ռուսաստանում։ Նրա քաղաքացիական կեցվածքը շատ ակտիվ ու նրբանկատ է, իսկ բանաստեղծական ոճը՝ հեգնական։ Իրոնիկ պոեզիան հիմա շատ արդիական է, իսկ Իգոր Իրտենեւն այդ որոշ իմաստով հրապարակախոսային պոեզիայի ամենավառ ու խոր ներկայացուցիչն է։ «ՆՏՎ» հեռուստաալիքով Վիկտոր Շենդերովիչի «Իտոգո» եւ «Անվճար պանիր» ծրագրերում նա իր բանաստեղծական անկյունն էր վարում, իսկ հիմա ինտերնետային «Գազետա» ամսագրում իր հեղինակային սյունակն ունի ու աշխատում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանում։
Իգոր Իրտենեւը կարողանում է ուշադրության կենտրոնում պահել իր շուրջ կատարվող բոլոր իրադարձությունները եւ այդ իրադարձությունները պոեզիա դարձնել։ Իսկ արդիական պոեզիան այսօր իր մեջ ժպիտ է պարունակում՝ չդադարելով լավ պոեզիա համարվել։
– Ըստ Եվգենի Եվտուշենկոյի, ով մի քանի օր առաջ Երեւան էր այցելել` «Ռուսաստանում պոետն ավելին է, քան սոսկ պոետ»: Այդպե՞ս է:
– Այդ արտահայտությունն արդեն շտամպ է դարձել, գուցե այն արժեք ուներ 60-ական թվականներին, երբ մեծ լսարանի համար հնչող, այսպես ասած՝ «մարզադաշտային» պոեզիան ստիպված էր կատարել պոեզիային ոչ հատուկ մի դեր։ Մարդիկ մարզադաշտ էին գնում՝ կենդանի, ոչ պաշտոնական խոսք լսելու համար։ Այդ տարիներին բանաստեղծությունների գրքերը մեծ տպաքանակներով էին տպագրվում, իսկ հիմա, երբ բավականաչափ տարիներ են հոսել-գնացել, պոեզիայի տպաքանակները շատ համեստ են դարձել։ Ամբողջ աշխարհում է այդպես. պոեզիան ամենալավ վաճառվող գրականությունը չէ։ Նույն պատկերն է նաեւ գրական ամսագրերի հետ, օրինակ, «Արտասահմանյան գրականություն» կամ «Նովի միր» ամսագրերը ժամանակին 3 մլն տպաքանակ ունեին, դա ուղղակի աննորմալ, սարսափելի թիվ էր, այդպես չպիտի լինի։ Իսկ հիմա այդ ամսագրերը 4 հազար տպաքանակով են տպագրվում։ Դա էլ մեկ այլ ծայրահեղություն է։ Ժամանակի ու տպաքանակների միջեւ ակնհայտ դիսպրոպորցիա կա։ Ստեղծվել է բավականին դժվար իրավիճակ։ Ինչպե՞ս է պետք այն հաղթահարել։ Չգիտեմ, գուցե պետական ծրագրեր են հարկավոր։ Սակայն մեկ ուրիշ վտանգ էլ կա։ Երբ պետությունը սկսում է շատ ակտիվ սատարել գրականությանը (ինչպես անում էին սովետական իշխանությունները), ապա նա արդեն իրավունք է ստանում հեղինակներից ի պատասխան ինչ-որ բաներ պահանջել։ Ստացվում է՝ ով երաժշտություն է պատվիրում, նա էլ աղջկան պարացնում է։
– Պոեզիան կարո՞ղ է եկամտաբեր լինել։
– Շատ հազվադեպ։ Համենայնդեպս, ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, ով կարողանում է բանաստեղծություններ գրելով ու տպագրելով ապրել։
– Պաթետիկ պոեզիայի ժամանակն անցել է։ Հեգնակա՞ն պոեզիայի ժամանակն է եկել։
– Պաթոսն ու հեգնանքն, իհարկե, հականիշներ են։ Պաթոսի ժամանակն անցավ, քանի որ պաթոսը լցրեց համբերության բաժակը ու սկսեց բաժակից թափվել։ Սակայն, իրականում, կարծում եմ, որ կամաց-կամաց հեգնանքի ժամանակն էլ է ավարտվում։ Հեգնանքը պարտադրում է, որ բոլոր արժեքները կասկածի տակ դրվեն։ Մենք, իհարկե, կասկածի տակ դնելու շատ արժեքներ ունենք, պարզապես արդեն հեգնելուց էլ ենք հագեցել։ Եվ կասկածի տակ դնելու արժեքներն էլ են վերջանում, արդեն հեգնելու բան էլ չի մնացել։ Եվ անհիմն պաթոսը, եւ յուրաքանչյուր լուրջ հարաբերություններ ժխտող հեգնանքը չափի մեջ պետք է լինեն, իսկ մեզ մոտ երկուսն էլ հաճախ չափից դուրս են լինում։ Չափը պահպանելն արդեն առանձին ստեղծագործողների խնդիրն է, եւ այն ընդհանրացնելը սխալ է։
– Ձեր գրեթե բոլոր բանաստեղծությունները կարելի է համաշխարհային ցանցում կարդալ։ Ինտերնետն օգնո՞ւմ է հանրահայտ դառնալուն։
– Ես հայտնի եմ դարձել ոչ այնքան իմ բանաստեղծությունների շնորհիվ, որքան իմ հեռուստատեսային կերպարի շնորհիվ։ Հեռուստատեսության բնույթն ավելի արագ է հայտնի դարձնում մարդկանց։ Երբ Վիկտոր Շենդերովիչն ինձ հրավիրեց իր հաղորդմանը մասնակցելու ու ինձ ամրացրեց «պոետ-ճշմարտախոս» պիտակը, ինձ սկսեցին ճանաչել եւ հետեւաբար՝ կարդալ։ Իսկ ինտերնետը օգնում է շփվելուն, մենք ինտերնետային «Կենդանի ամսագիր» ենք ստեղծել ու պոետներովս իրար հետ շփվում ենք։ Ինտերնետն ինձ համար ոչ թե ինքնաներկայացման վայր է, այլ՝ անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու միջոց։ Ինտերնետն ինձ հարկավոր է այնքանով, որքանով հարկավոր է ինտերնետային լրատվամիջոցի հետ համագործակցող յուրաքանչյուր լրագրողի։
– Ամե՞ն մարդ կարող է հումորն ու հեգնանքը բանաստեղծական դարձնել, թե՞ դրանք բնածին հատկանիշներ են։
– Հումորը «սարքել» կամ աշխատանքով քո մեջ այն արթնացնել, իհարկե, չի կարելի։ Հումորը կամ կա, կամ չկա։ Հումորը թանկարժեք ինքնաբուխ աղբյուր է:
– Հումորը փրկությո՞ւն է, թե՞ զենք։
– Հումորն, ինչպես ալկոհոլը, կարող է եւ դեղ լինել, եւ զենք։ Էլի եմ կրկնում, ամեն ինչ չափից է կախված։ Ամեն դեպքում, պետք է հիշել, որ կան բաներ, որոնք ոչ մի դեպքում կատակի ենթակա լինել չեն կարող։ Եթե հայտնվում են կատակողի թիրախում, ուրեմն այդ կատակողը հումորի զգացում չունի։ Հումորն օգնում է մեզ ազատվել մռայլությունից ու ձանձրույթից, այդքան բան։
– Լավ պոետի ծնունդի համար ինչ-որ յուրահատուկ պայմաննե՞ր են պետք, թե՞ դա անկառավարելի պրոցես է։
– Պետք է հասկանալ, որ, նախեւառաջ, պոետը ոչ մեկին ոչինչ պարտական չէ. նա ծնվում է, երբ ցանկանում է։ Պոեզիան կենդանի ոգի է, շնչում է՝ ինչով ուզում է եւ որտեղ ուզում է։ Լավ պոետը կարող է հանկարծ բուսնել՝ ցանկացած վայրում։ Տարիներ առաջ, Աստծո կողմից մոռացված, արդյունաբերական գազերով աղտոտված Լիվերպուլում իրար երկու երաժշտական հանճարներ հանդիպեցին։ Հետո այդ հանճարները հանդիպեցին եւս երկու միջազգային մակարդակի երաժիշտների հետ, ու ծնվեց «Բիթլզը»։ Հաշվի առեք, որ Լիվերպուլն այդ ժամանակ իսկական մշակութային «փոս» էր։ Եվ այդ «փոսում» ֆենոմեն հայտնվեց։ Այնպես որ, երաժշտությունը, ինչպես նաեւ՝ պոեզիան ամեն վայրկյան կարող են հայտնվել այնտեղ, որտեղ կարծես թե չպիտի հայտնվեին։ Իսկ երբ պոետ է հայտնվում, նա սկսում է շատ կարեւոր մի գործ կատարել. սկսում է իր շուրջը մթնոլորտ ձեւավորել։ Բայց այդ մեկն անպայման պետք է լինի, որպեսզի էլեկտրականացնի շրջապատը։
– Մեր երկու պետություններում էլ շատ են ասում, որ մարդիկ քիչ են հետաքրքրվում մշակույթով։ Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ։
– Որոշ իմաստով, այո, արժեզրկումը նկատվում է։ Մարդիկ քիչ են կարդում, հասարակությունը դանդաղորեն ցած է սուրում, քանի որ հեշտ մարսվող ու հասկացվող, տեսողական երեւույթներ է նախընտրում՝ կլիպեր, հեռուստահաղորդումներ։ Այդպես մարդիկ ավելի հեշտ են ինֆորմացիա ստանում։
– Որոշ իմաստով շատ հեշտ ու մեկ շնչով են կարդացվում նաեւ ձեր բանաստեղծությունները։
– Իմ բանաստեղծությունները լուրջ պոեզիայի թեթեւ տարբերակներն են։ Միգուցե ավելի բարդ ու լավ պոետներ կան, քան ես։ Ես ամենայն ռուս պոետ համարվելու հավակնություններ չունեմ։ Իմ պոեզիան ավելի շուտ պրովոկատիվ բնույթ ունի, թեեւ՝ շատ է նաեւ լիրիկան։ Իմ բանաստեղծությունները ոչ միշտ են համապատասխանում տարբեր իրավիճակներին ուղղված իմ տեսակետին։
– Պրովոկացիան անհրաժե՞շտ է։
– Դե, կարծես թե, առանց դրա դժվար է։ Առանց խաղի է դժվար։