Գազային վթար

22/12/2006

Ինչպես նշված է «ՀայՌուսգազարդ» ընկերության կայքէջում, դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 23։20-ին դադարեցվել էր Հայաստան մուտք գործող գազի հոսքը՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Երեկ առավոտյան ժամը 9։30-ին վերականգնվել է գազամատակարարումը պահեստային գծով՝ ժամում 50 հազար խմ ծավալով։ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական տեղեկատվության համաձայն, վթարը որեւէ կերպ չի անդրադարձել սպառողական շուկայում ռեժիմների վրա, քանի որ օգտագործվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի գազը։ Նախատեսվում էր մատակարարվող գազի ամբողջական ծավալը վերականգնել մինչեւ երեկ երեկո։ Վթարը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում, սակայն ստիպում է մտածել որոշ բաների շուրջ։ Ինչպես հայտարարում էին, Իրան-Հայաստան գազամուղը պետք է շահագործման հանձնվի մինչեւ այս տարվա վերջ։ Չենք ուզում գուշակություններով զբաղվել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է, մոտ ապագայում արձանագրվեն նոր վթարներ կամ պայթյուններ՝ ոչ Վրաստանի տարածքում։ Հաշվի առնելով ցուրտ եղանակը՝ Վրաստանը, զրկվելով գազից, կհայտնվի բավական աննախանձելի վիճակում։ Իսկ մենք գազապահեստի եւ Իրանից եկող գազի հաշվին «կհանենք» ձմեռը։ Իմաստն այն է, որ Ռուսաստանը կարող է այդ կերպ պատժել մեր հարեւաններին։ Պարզապես, այս անգամ հնարավոր է` «պատժամիջոցները» մի փոքր հետաձգի, մինչեւ ռազմավարական գործընկեր Հայաստանը կարգի բերի իր գազային գործերն ու նախապատրաստվի վթարին։