«Գիշերը» լուսավորեց Սիլվայի ուղին

22/12/2006 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անի ՀԱՐՈՅԱՆ

Սիլվա Հակոբյան

ծննդյան թիվը՝ 1988թ.
ծննդավայրը՝ Հայք
Երեւան է տեղափոխվել՝ 1995թ.
սիրած գույնը՝ կարմիր
սիրած ճաշատեսակը՝ տոլմա
սիրած կենդանին՝ կապիկ
մանկության սիրելի խաղալիքը՝ բուրատինո
մանկության սիրելի խաղը՝ տունտունիկ
հագուստի սիրած ոճը՝ սպորտային
սիրելի զբաղմունքը՝ Մանեի հետ գնումներ կատարելը:

Սիլվա Հակոբյանի մուտքը հայկական էստրադա ստացվեց միանգամից: Նրա «Գիշեր է» երգը սիրվեց բոլորի կողմից, ու երկար ժամանակ է՝ չի իջնում հայկական հիթ-շքերթների առաջին հորիզոնականից: Ընդամենը մի քանի օր առաջ կայացած BBC-ի կազմակերպած երգի մրցույթում նա իր «I LIKE» երգով գրավեց առաջին տեղը: Որտեղի՞ց եւ ինչպե՞ս սկսվեց այդ 18-ամյա հմայիչ աղջկա ուղին: Այս հարցերին պատասխանում է հենց ինքը՝ արդեն սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը: Զրուցեցինք նաեւ Սիլվայի քրոջ՝ Մանեի հետ, ում գրած երգերն է կատարում Սիլվան:

– Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր մասնակցել այդ մրցույթին:

– Ոչ թե ես եմ որոշել, այլ պրոդյուսերս՝ Արամ Ավագյանը: Ինտերնետում կարդացել էր մրցույթի մասին եւ երգս ուղարկել էր՝ առանց ինձ ասելու: Բայց երգը հատուկ BBC-ի համար չի գրվել, այն արդեն կար: Սկզբում ակնկալիքներ չունեինք: Պարզապես մասնակցում էինք: Երբ նամակ եկավ, որ քսան մասնակիցների մեջ եմ ներգրավվել, հասկացանք, որ լուրջ է: Հետո անցա լավագույն յոթնյակի մեջ: Ի դեպ, ինտերնետային քվեարկությամբ առաջին տեղում էի: Դեկտեմբերի 6-ին եզրափակիչ համերգն էր Լոնդոնում, ուր գնացել էի Արամի ու հայրիկիս հետ: Դահլիճում բոլորը հետս երգում էին, արդեն սովորել էին երգս: Կատարումից հետո ժյուրիի անդամները միայն դրական կարծիք ունեին, բոլորը գովում էին ինձ:

– Ովքե՞ր էին ժյուրիի անդամները:

– Վեց հոգի էին, որոնցից մեկը Մադոննայի պրոդյուսերն էր, մյուսը հայտնի երաժիշտ էր: Նաեւ «Յունիվերսալ Քոմփանիի» տնօրենն էր, աֆրիկացի հայտնի երգչուհի, ով յոթ «Գրեմմի» ունի: Մյուս երկուսն էլ երաժիշտներ էին:

– Ի՞նչ կտա քեզ այս հաղթանակը:

– Ամենակարեւորն այն էր, որ դեմ առ դեմ հանդիպեցի այդ մարդկանց հետ: Սա հիանալի հնարավորություն է միջազգային ասպարեզ մտնելու համար: Մենք ծանոթացանք, փոխանակվեցինք մեր կոորդինատներով: Իսկ միջազգային ասպարեզ դուրս գալն ի սկզբանե թե՛ իմ, թե՛ Արամի նպատակն է եղել: Մնում է այն ի կատար ածենք:

– Ինչպե՞ս եղավ քո մուտքն այս ասպարեզ:

– Վաղուց եմ երգում, ինձ միայն մի տեսահոլովակն էր պակասում, այն էլ այս տարի եղավ՝ իմ պրոդյուսերի շնորհիվ: Վաղ թե ուշ պետք է մտնեի այս ասպարեզ, եւ մտա: (Նշենք, որ Արամ Ավագյանը ոչ միայն Սիլվայի պրոդյուսերն է, այլեւ Հակոբյան ընտանիքի սանիկն է,- խմբ.):

– Իսկ ի՞նչ է պետք շոու բիզնես մտնելու համար:

– Առաջինը՝ շատ լավ ձայնային տվյալներ, որպեսզի յուրաքանչյուր երգ կարողանաս երգել: Հետո շատ կարեւոր է շարմը, ներքին փայլը: Պետք է լավ երգ ունենաս, լավ տեսահոլովակ, որ, ինչպես ասում են՝ ռումբ լինի: Պետք է կարողանաս նորություն մտցնել:

– Լսել ենք, որ «Գիշեր է» երգը հետաքրքիր պատմություն ունի:

– Երգը ուրիշի համար էր գրել քույրս՝ Մանեն, դա մի տղայի առաջարկն էր: Բայց երբ նախնական տարբերակը տեսա, միանգամից սիրտս կպավ այդ երգին: Լացեցի, ասացի՝ ինձ տուր: Մանեն ինչպես երգը տարավ, այնպես էլ հետ բերեց ու ինձ տվեց:

– Հայաստանում արդեն մեծ հաջողությունների հասել ես: Էլ ինչի՞ ես ձգտում:

– Պարզապես պետք է միշտ նորը մատուցես, նույնը չլինես: Օրինակ, հիմա «Գիշերից» հետո կտրուկ փոփոխություն է սպասվում, բայց շատ չեմ պատմի, թող անակնկալ լինի:

– Սիլվա, մեր էստրադայում ո՞ւմ ես քեզ մրցակից տեսնում:

– Ես ոչ որեւէ մեկին իբրեւ մրցակից եմ տեսնում, ոչ էլ ինձ եմ ուրիշների համար մրցակից համարում: Ընդհանրապես ասում են՝ պետք է նախանձ լինես, որ ավելիին ձգտես, բայց իմ մեջ այդ նախանձն ի սկզբանե չի եղել:

– Խոսեցինք նախանձից, խանդից: Հարցը Մանեին ուղղենք. Սիլվան մեծ ճանաչում ունի նաեւ հենց քո գրած երգերի շնորհիվ, դու մի տեսակ ստվերում ես մնում, չե՞ս խանդում:

– Ես եմ այդպես ուզում: Ինձ ոչ ոք չի ասել, թե պետք է երեւամ կամ չերեւամ: Պարզապես ես կուլիսների մարդ եմ:

«Մանեին բոլորը կտեսնեն, երբ համերգ լինի, ու բոլորը երգեն նրա գրած երգերը»,-ասում է Սիլվան:

– Երգերիդ թեմատիկան ինչպե՞ս ես ընտրում:

– Երբ երգը գրում եմ, դա իմ հոգեվիճակը չի, երգի պատվիրատուինն է: Նա է ընտրում թեման, ռիթմը եւ այլն: Պարզապես, երբ երգ ես գրում, պետք է նաեւ հոգեբան լինես, որ քեզ դիմացինիդ տեղը դնես ու հասկանաս, թե ի՞նչ երգ է նա ուզում:

– Վերադառնանք Սիլվային. Հայաստանում երգի միջոցով կարո՞ղ ես մեծ գումարներ վաստակել:

– Ինձ համար կան սահմաններ: Ես չեմ քննադատում ոչ ոքի, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես չեմ երգի ռեստորաններում փողի համար: Դրան չեմ ձգտում: Իսկ էստրադայի միջոցով, այո, հնարավոր է գումար աշխատել, ինչո՞ւ չէ: Հատկապես նաեւ, որ այլ մասնագիտություն չունեմ: (Սիլվան, Մանեն ու նրանց եղբայրը՝ Էդգարը, սովորում են Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում: Ի դեպ, Էդգարը գործիքավորող է, ինչպես նաեւ երգեր է գրում, որոնք քույրը մեծ հաճույքով կատարում է.- խմբ.):

– Ճանաչումդ միանգամից ստացվեց, բնականաբար, միանգամից էլ շատ ուշադրություն գրավեցիր: Դա քեզ չի՞ ճնշում:

– Չէ, հաճելի է: Միգուցե նաեւ նոր է ինձ համար, ու դա էլ է ազդում: Բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ հետագայում էլ հաճելի չի լինի:

– Ի՞նչ ես կարծում, Հայաստանում շոու բիզնեսը կայացե՞լ է:

– Այո, իհարկե: Ու հիմա էլ էլի զարգանում է:

«Շոուն կայացել է, բիզնեսը՝ ոչ»,- կատակում է Մանեն:

– Մասնակցեցիր բրիտանական մրցանակաբաշխությանը: Ինչո՞վ են տարբերվում հայկական եւ արտասահմանյան նմանատիպ միջոցառումները:

– Առաջին հերթին` արդարությամբ, անաչառությամբ: Այնտեղ ավելի արդար են անցկացվում: Հետո էլ, հայկականը մնում է հայկական, բրիտանականը՝ բրիտանական:

– Սիլվա, թալիսման ունե՞ս, որը քեզ օգնում է բեմ դուրս գալուց առաջ:

– Հատուկ թալիսման՝ չէ, բայց հավատում եմ խաչին:

– Երկու քույրերիդ միջեւ լուրջ վեճեր լինո՞ւմ են:

– Չէ, չեն լինում: Միայն, երբ Մանեի գրած երգը դուրս գալիս է, բայց ուրիշի համար է, կռվում ենք: Բայց հետո շուտ անցնում է:

– Իսկ երբ երկուսով եք, Մանեին, որպես ավագ քրոջ, լսո՞ւմ ես:

– Լսում եմ, իհարկե (ծիծաղում է.- խմբ.):

– Տնային կենդանիներ պահե՞լ եք երբեւէ:

– Այո, ունեցել ենք: Կրիա ունեինք, շուն, կատու, խամյակ: Գազանանոց էր:

– Սիլվա, եթե որոշես Հայաստանից հեռանալ, որտե՞ղ կցանկանաս ապրել ու ստեղծագործել:

– Եթե մինչեւ հիմա իմ երազանքների քաղաքը Փարիզն էր, հիմա Լոնդոնն է: Հիանալի տեղ էր, անպայման կուզենայի էլի լինել այնտեղ: