Մասուր

22/12/2006

Բաղադրությունը: Պտուղները պարունակում են 3-18% վիտամին C, վիտամիններ` P, B1, B2, K, E, պրովիտամին A, 24% շաքար, երկաթ, օրգանական թթուներ, մակրո եւ միկրոէլեմենտներ: Սերմերում կան E վիտամին, ճարպայուղ, օրգանական թթուներ:

Կիրառությունը: Հիպոկրատը գրել է, որ մասուրը հակաբորբոքիչ միջոց է: Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքախտի, աթերոսկլերոզի, նեւրասթենիայի ժամանակ: Պտուղները պարբերաբար օգտագործելը լուծում է երիկամային քարերը: Քանի որ այդ բուժական հատկությունները հիմնականում պայմանավորված են պտուղներում վիտամին C-ի մեծ պարունակությամբ, իսկ ջերմային մշակումը ոչնչացնում է վիտամինները, գերադասելի է մասուրը օգտագործել հում վիճակում: Աշնան ամիսներին, եթե նոր հասունացող պտուղները հում վիճակում ուտելը հաճելի է, ապա ձմռանը չորացած պտուղների օգտագործումն առանց ջերմային մշակման` շատերին անհնարին է թվում: Պետք է վարվել հետեւյալ կերպ. վերցրեք 1-2 բուռ չորացրած մասուր, ավելացրեք 1-2 լ. գոլ կամ սառը ջուր եւ սենյակային ջերմաստիճանում (18-20) պահեք 10-12 ժամ, որից հետո փափկած պտուղները ճմռեք ու եւս 2-3 ժամ հետո քամիչով անցկացնելուց հետո ստացված թանձր, կարմիր նյութը կամ այդ ձեւով, կամ մեղր խառնելուց հետո խմեք: Մեկ սուրճի բաժակ հյութը բավարարում է օրգանիզմի C վիտամինի 1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած կորիզների եւ պտուղների մասնիկների վրա նորից ջուր լցրեք` հնարավորություն տալով վիտամինների եւ այլ արժեքավոր միացությունների անմնացորդ դուրսկորզմանը: Այդ գործողությունը կարելի է կրկնել 2-4 անգամ, մինչեւ որ քամելուց հետո մնան միայն կորիզն ու մաքուր լվացած կեղեւը: Այլ եղանակով պատրաստված «մասրահյութն» արժեք չունի:

Ամիրդովլաթի տվյալներով` մասուրը բուժում է աղիների խոցը, լնդախտը, լուծը, դադարեցնում է արյունահոսությունը, ծերացումը:

Վիտամին C-ն համարվում է «վիտամինների վիտամին», որովհետեւ առանց նրա մասնակցության օրգանիզմում շատ ու շատ պրոցեսներ չեն կարող ընթանալ: Այնպես որ, մասուրի արժեքավորությունն ընդգծելու համար պարտադիր չէ բազմաթիվ հիվանդությունների բուժման ցուցակ գրել: Առավոտներն անոթի վիճակում վերը նշված եղանակով ստացված մասուրի հյութից խմեք 1 սուրճի բաժակով, կերեք 1 խնձոր եւ դուք հրաժեշտ կտաք բազմաթիվ հիվանդությունների, եթե ունեք այդպիսիք, իսկ եթե առողջ եք, ապագա հիվանդությունների առջեւ ձեր մարմնի դռները կփակվեն: