Պարզվում է` տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, ով պարբերաբար խիստ քննադատության է ենթարկում մեր երկրի տնտեսական քաղաքականությունը՝ շատ հաճախ չխորշելով անգամ «էշություն» եւ նման տիպի բառերից, հարգում է այդ քաղաքականության պատասխանատուներին՝ իշխանություններին։ Իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ «Ես երեւի նրանց մի քիչ ավելի լավ եմ ճանաչում, քան դուք։ Գիտեմ նրանց անցած ուղին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Է. Աղաջանովը։ Այդ ուղու մեջ, բացի Ղարաբաղյան պատերազմից, բնականաբար, մտնում է նաեւ վերջին 8 տարվա գործունեությունը` գույք պարտքի դիմացով, 5-րդ բլոկով, Բուզանդի փողոցով եւ նմանատիպ այլ բաներով, որոնց համար ընդդիմադիր համարում ունեցող տնտեսագետը հաճախ մեղադրում է իշխանություններին: Հարցին, թե՝ դա՞ էլ է հարգանքի արժանի, նա պատասխանել է. «Լավ բաներ էլ են արել, վատ բաներ էլ։ Լավ բաների մասին էլ պետք է խոսել, վատ բաներն էլ պետք է քննադատել»։ Պատահակա՞ն է հարգանքի այս հանկարծակի դրսեւորումը, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, Էդ. Աղաջանովը հարկ համարեց շեշտել, որ ինքը Սերժ Սարգսյանի PR-ով չի զբաղվում։ Ավելին, ըստ տնտեսագետի, «Սերժ Սարգսյանը PR-ի կարիք չունի»։
Ահա այսպիսի ամանորյա անակնկալ՝ Հայաստանի ամենաընդդիմադիր տնտեսագետի կողմից։ Իսկ մենք կարող ենք ենթադրել, որ Տիգրան Սարգսյանը՝ կարդալով այս ամենը, շատ կափսոսի, որ ինքը Ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել։