Ինչո՞ւ հենց Ժիրայր Սեֆիլյանը

22/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունից հետո այս հարցին շատերն են փորձում պատասխանել:

Մի մասը դա կապում է ազատագրված տարածքների հանձնման հնարավորության հետ, սակայն շատերն այն կարծիքին են, որ պարզապես գործող իշխանությունների համար իշխանությունը կորցնելու առումով Ժ. Սեֆիլյանն իրական վտանգ էր ներկայացնում, որովհետեւ նա, ի տարբերություն այսօրվա ընդդիմության, կոնկրետ գործ անող է: Նման կարծիք հայտնել էր նաեւ անձամբ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը: «Բոլորս գիտենք՝ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունները զանգվածաբար կեղծիքներ էին անում, քաղաքական ուժերն իրենց անկազմակերպվածությամբ, փնթիությամբ, իրենց անդամների անպարտաճանաչությամբ, ոչ պրոֆեսիոնալիզմի, հաճախ ուղղակի ծախվելու պատճառով չէին կարողանում տեղամասերում վերահսկել ու տեր կանգնել արդյունքներին»,- ասել էր Ա. Աղայանը: Նրա խոսքերով՝ ի թիվս այլ խնդիրների, «Հայ կամավորականների համախմբումը» (որի նախաձեռնողներից մեկն էլ Ժ. Սեֆիլյանն է) նաեւ չծախվողների կողմից վերահսկողություն կազմակերպելու խնդիր էր դրել, եւ, հավանաբար, իշխանությունները դա հասկացել էին ու փորձում են ի սկզբանե դա կանխել, քանի դեռ ծավալները շատ չի մեծացել: Ինչպե՞ս են ընդդիմադիր դաշտը ներկայացնող անձինք վերաբերվում ընդդիմության հասցեին հնչած «անկազմակերպ», «փնթի», «անպարտաճանաչ», «ծախված» եւ այլ որակումներին: «Ես Ժիրայրին պաշտպանել եմ այն մասով, որ այն մեթոդները, որ կիրառվել են Ժ. Սեֆիլյանի դեմ, դեմոկրատական մեթոդներ չեն»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Ա. Աղայանի վերոնշյալ հայտարարությանը, ապա ՀԱԱԿ ղեկավարը նշեց. «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է հեշտությամբ ընդդիմության վրա պատեհ կամ անպատեհ առիթներով ցեխ չշպրտեն կամ պիտակներ չկպցնեն: Մենք ապրում ենք 21-րդ դարում, քաղաքական զարգացման պրոցես ենք ապրում: Եվ ամեն անգամ ընդդիմությանը նման պիտակներ կպցնելը, վարկաբեկելը, կարծում եմ, համենայնդեպս ընդհանուր գործին օգուտ չեն տալիս: Ընդդիմությունն ի՞նչ պետք է անի: Պետք է կոչ անի, որ մարդիկ դուրս գան փողո՞ց: Դրա ժամանակը չի: Ընդդիմությունը ժամանակին նման կոչեր արել է: Հիմա դեռ դրա ժամանակը չի: Ժամանակը կգա, ընդդիմությունն իր որոշումը կկայացնի»: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի խոսքերով էլ՝ Ժ. Սեֆիլյանն ազգային գործիչ է եւ հակաազգային, հակապետական գործունեությամբ չի զբաղվել, որովհետեւ համապատասխան ծառայությունները «ոչ ինձ, ոչ ձեզ որեւէ դեպքում չեն ապացուցել»: «Մենք ունենք մեր տեսակետը, թե ինչո՞ւ է դա կատարվում: Դա կապված է «Անվար-Սադաթ-2» ծրագրի հետ: Ես առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրեմ ու փաստացի բաներ էլ կասեմ»,- նշեց ՆԺԿ ղեկավարը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ մի քանի կուսակցությունների, այդ թվում եւ` ՆԺԿ-ի կողմից եղել է առաջարկ, որպեսզի հակակրիմինալ շարժման շրջանակներում ստեղծվի Ժ. Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանության կոմիտե: Ա. Կարապետյանը հակված է այդ կոմիտեն անվանել քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե, քանզի գտնում է, որ «Արման Բաբաջանյան եւ այլք, այդ բոլորը քաղաքական բանտարկյալներ են»: «Որքան գիտեմ` Գուրգեն Եղիազարյանին էլ երկուշաբթի օրը կանչել են Դատախազություն, հնարավոր է, որ այնտեղ էլ ինչ-որ բաներ լինեն: Քաղբանտարկյալների քանակը գնալով աճելու է, ու դրա համար էլ կոմիտե է պետք, որը միջկուսակցական բոլոր գործողությունները հենց այդ հարցում պետք է համակարգի»,- ասաց ՆԺԿ նախագահը: Իսկ ընդդիմության հասցեին Ա. Աղայանի տված որակումների կապակցությամբ ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե հրաշալի հասկանում է «իրենց այս հուզական, էմոցիոնալ պահը»: «Բայց երբ 2004-ին ինձ ձերբակալեցին, ես ոչ մեկին չհարցրեցի, թե ինչո՞ւ ինձ ձերբակալեցին եւ ոչ թե ուրիշ ինչ-որ մեկին: Եթե որեւէ մեկին շատ հուզում է, թե ինչո՞ւ միայն Ժիրայրին, ես գուշակություններ, մանավանդ` վատ կանխատեսումներ չեմ սիրում անել, բայց, կարծում եմ, որ սա սկիզբն է: Լավ իմանալով այս իշխանություններին, նրանց որակը եւ այն բարդ վիճակը, որը ստեղծվել է իրենց համար, կարծում եմ, սա, այսպես ասած՝ առաջին ծիծեռնակն էր»,- նշեց տիկին Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ մինչ այդ էլ պարբերաբար լինում էին ընդդիմադիր գործիչների ծեծեր, ահաբեկումներ, հետապնդումներ: «Հիմա կոնկրետ այս պարագայում Ժիրայրի նկատմամբ այս որոշումն է կայացվել: Բնականաբար, սկսում են վտանգավոր մարդկանցից: Ժ. Սեֆիլյանը շարքային քաղաքացի չէր. նա իր ընկերների հետ միասին վտանգել է իր կյանքը, պատերազմն անցած քաջ մարդ է: Մարդը շատ-շատերի համար իր քայլերով կարող է օրինակ ծառայել, իր ասելիքներով իր հետեւից տանել… Նա հեղինակություն է»,- գտնում է Ռ. Խաչատրյանը: Վերջինիս կարծիքով՝ այս ձեւով փորձ է արվում նաեւ վախի մթնոլորտ ստեղծել, որ` «տեսեք, եթե մենք Ժ. Սեֆիլյանին ձերբակալեցինք, ուրեմն եւ՛ քեզ, եւ՛ քեզ կձերբակալենք»: Իսկ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, տեղեկացնելով, որ Ժ. Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով իր նախաձեռնած ստորագրահավաքին նոր պատգամավորներ չեն միացել, նշեց, թե նպատակ չի էլ եղել ինչ-որ մեծ քանակի ստորագրություններ հավաքել: «Նպատակ ունեինք արձանագրել դիրքորոշում, որ այդ ամենը հարիր չէ քաղաքակիրթ պետության նորմերին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ձերբակալությունն իշխանությունների թուլության դրսեւորում էր: