Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Ճամբարակի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներս վրդովմունքով կարդացինք ձեր թերթի հրապարակումը մեր տարածաշրջանի մասին, որտեղ տեղ են գտել բազմաթիվ սխալ, անպատասխանատու եւ լկտի տեղեկություններ:
Դուք պարզապես խեղաթյուրել եք մի ողջ տարածաշրջանի պատմությունն ու ներկա իրողությունը: Բոլորին է հայտնի մեր Հանրապետության սոցիալական ու տնտեսական դժվար վիճակը եւ մեր տարածաշրջանի խնդիրները նույնն են ինչ որ Հայաստանի մնացած տարածքներում:
Պատերազմը, Արծվաշենի բռնագաղթը, փախստականները որոնք կազմում են բնակչության մոտ 65%-ը, այս ամենը յուրահատուկ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանի համար, բայց այդ ամենը հոդվածում ներկայացված էր սարսափելի գորշ եւ զազրելի գույներով:
Որտե՞ղ էիք դուք, պարոնայք եւ տիկնայք, երբ մի ամբողջ ժողովուրդ մեծից մինչեւ փոքր, զենքը ձեռքներին պաշտպանում էին մեր սահմանները, մեր ընտանիքները, մեր երեխաներին, իսկ դուք ձեր հարմարավետ բազկաթոռներին բազմած բրազիլական սերիալներ էիք դիտում, որբացող երեխաների, այրիացող կանանց եւ որդեկորույս սուրբ մայրերի ցավին անհաղորդ, անտարբեր, անսիրտ ու անկարեկից: Իսկ ոմն մի տականքի ձեռք գրիչ վերցրեց եւ մեր հերոսների կանանց անվանեց մարմնավաճառ՝ չգիտակցելով իր արարքի ողջ զզվելիությունը: Շփոթելով խոսքի ազատությունը անհիմն բամբասանքների հետ, դուք էժանագին հեղինակություն եք ցանկանում ձեռք բերել, չգիտակցելով, որ խաղում եք արժանապատիվ ժողովրդի արժանապատվության հետ:
Հայաստանի շատ շրջանների եւ քաղաքների բնակիչներ, նույնիսկ շատ ցանկության դեպքում չեն կարող ունենալ Ճամբարակցու հայրենասիրությունն ու ոգին, նրա աշխատասիրությունը: Մենք մեր հացը վաստակում ենք մեր արդար քրտինքով ու աշխատանքով:
Այդ ինչպե՞ս պարզեցիք, որ Ճամբարակում չկան կամ համարյա չկան երիտասարդներ: Երեւի Լուսինեն այստեղ գտնվելու ընթացքում ոչ մի երիտասարդից անպարկեշտ առաջարկություն չի ստացել, դրա համար, թե Շահեն «պապիկի» տանից բացակայող նրա երկու տղաների փախուստից ելնելով ենթադրեցիք:
Երիտասարդությունը այստեղ չի լքել իր բնակավայրը, աշխատում է ապրում՝ մաքառելով, եւ դրանով իսկ սահման պահում, հարգում ու սիրում ծնողին ու մեծին, հողն ու հայրենիքը եւ շատ համամարդկային արժեքներ, որ վաղուց արժեզրկվել են ձեր մոտ:
Վիրավորանքն ու վրդովմունքը շատ մեծ է, որը չի սահմանափակվում այս նամակով: Այն ամբողջական կլինի մեր հետագա գործողությունների ընթացքում:
ՀՀԿ Ճամբարակի երտասարդական կազմակերպության խորհուրդ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Սույն գալանտ նամակից պարզվում է, որ Ճամբարակում ՀՀԿ «երտասարդական» կազմակերպություն կա: Ավելին՝ այդ կազմակերպությունը դիմելու է «հետագա գործողությունների»: Շատ էլ ճիշտ է անելու։ Չէ՞ որ, երբ իրենք զենքը ձեռքներին պաշտպանում էին մեր սահմանները, մեր թղթակից Լուսինեն բրազիլական սերիալներ էր դիտում։ Երեւի ավելի ճիշտ կլիներ, եթե իրենք կուռ շարքերով սերիալներ նայեին, իսկ Լուսինեն զենքը ձեռքին պաշտպաներ սահմանները։
Լավ, ի՞նչն են հերքում «երտասարդ» հանրապետականները (որոնք, ի դեպ, այդպես էլ գլխի չեն ընկել, որ մեր թերթը կոչվում է ոչ թե «168 օր», այլ «168 Ժամ»): «Մեր տարածաշրջանի խնդիրները նույնն են ինչ որ Հայաստանի մնացած տարածքներում»,- ասում են նրանք: Ճիշտ են ասում։ Ամբողջ Հայաստանում նույն վիճակն է։ Նույն խայտառակ վիճակը։ Դրա համար, ի դեպ, մեղավոր է նաեւ այն կուսակցությունը, որի երիտասարդական թեւն այսպիսի բոցաշունչ նամակ է հղել մեզ:
Բայց մենք կոնկրետ առաջարկ ունենք։ Եկեք կախաղան հանենք Լուսինեին: Եվ Ճամբարակում կյանքն իսկույն կլավանա: