Ամեն տարի ամանոր նախաշեմին թանկանում են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները: Բայց այս տարի զարմանալիորեն միսը փոքր-ինչ էժանացել է: Մինչդեռ նախորդ տարիներին միսն ամենաշատ թանկացող սննդամթերքից էր:
Ընդ որում, անցյալ տարիներին եւ մինչեւ վերջերս խոզի միսն ավելի թանկ էր, քան տավարի միսը: Այս պահին ճիշտ հակառակ վիճակն է: Մթերային շուկաներում խոզի մսի 1 կգ-ն արժե 1200-1300 դրամ: Բուդը, բնականաբար, փոքր-ինչ ավելի թանկ է՝ 1500 դրամ: Տավարի միսը 1300-1400 դրամ է, փափուկ միսը՝ մինչեւ 1800 դրամ: Մինչդեռ այս տարի մինչեւ աշուն խոզի միսն արժեր 1600-1800 դրամ: Իսկ ի՞նչն է պատճառը, որ տավարի ու խոզի մսի գները փոխել են իրենց տեղերը: «Այս տարի խոզի միս շատ կա,- ասում են «Գումի» շուկայի մսավաճառները: -Կերի թանկության պատճառով գյուղացիները համատարած մորթում են իրենց խոզերին»:
Անցած տարի դեկտեմբերի վերջին օրերին խոզի միսն արժեր 1800-2500 դրամ: Մսավաճառները հավատացնում են, որ այս դեկտեմբերի վերջին գների նման թռիչք հաստատ չի լինի, որովհետեւ միս շատ կա: Գյուղացիները դեռ մորթում են իրենց խոզերին: Ի դեպ, տավարի միսն էլ 100-200 դրամով ավելի էժան է, քան մի քանի ամիս առաջ էր: Ստացվում է, որ գյուղացիները խոզերի հետ միասին շատ են մորթում նաեւ կովերին ու մոզիներին: Առաջին հայացքից թվում է, թե անասնաբուծության ոլորտում աճ է գրանցվել: Բայց Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ այս տարի գյուղատնտեսությունն ընդհանրապես չի աճել: Ուրեմն ո՞րն է այս առատության ու էժանության պատճառը:
«Կեր չկա թե՛ կովերի, թե՛ խոզերի համար»,- ասում են գյուղմթերք վաճառող գյուղացիները:
Ահա թե ինչու է սկսվել համատարած անասնաջարդը: Այս տարվա երաշտն իր սեւ գործը դեռ շարունակում է: Հացահատիկի ցանքատարածությունների մեծ մասը բերք չտվեց: Պահանջվող հացահատիկի, այդ թվում` եւ անասնակերի մեծ մասը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից: Դրա համար էլ գները բարձրացել են: Ի դեպ, այս տարի հացահատիկի գները բարձր են նաեւ Ռուսաստանում: Երաշտի պատճառով շատ քիչ է, նաեւ թանկ է հավաքած խոտը: Այնպես որ, անասնաջարդ եւ մսի էժանություն դեռ սպասվում էր ամառվանից: Ճիշտ է, այս պահին հաճելի է, որ միսն էժանացել է, բայց այդ փաստից արդյունքում անասնապահ գյուղացին է տուժում: Մսավաճառները 1 կգ միսը նրանից գնում են 800-1000 դրամով: «Բացի դրանից, էդ անաստվածները քաշի մեջ այնքան են խաբում, որ տակը բան չի մնում,- ասում է միս հանձնող գյուղացիներից մեկը: -Ոտուգլուխը էժան են հաշվում ու մի գնի տակ են առնում: Իսկ իրենք այստեղ տեսակավորում, նոր վաճառում են»:
Մսավաճառները դժվարությամբ են խոստովանում, որ գումար ստանում են քաշի մեջ գյուղացուն խաբելով, բայց խոստովանում են, որ օգուտ ունեն նաեւ տեսակավորված վաճառքից:
«Մենք բդի վրա ենք փող աշխատում, մյուս մասերից մեր քյարը քիչ է»,- ասում են մսավաճառները:
Միսը գյուղացուց մինչեւ սպառողին հասնելը 2-3 օղակներով է անցնում: Շուկայի մսավաճառը երրորդ օղակն է: Գյուղացուց միսը նրան հասցնում են միջնորդ մսավաճառները: Եվ այս օղակներից յուրաքանչյուրը 1 կիլոգրամը թանկացնում է 200-300 դրամով: Եթե անասնապահության վրա ծախսած գումարները հանվում են, ապա գյուղացին իր պահած կովից ու խոզից դրանից ավելի շատ օգուտ չի ստանում: Անասնապահը դա համարում է անարդար: Ինչո՞ւ պիտի նա ամբողջ տարին վազի այդ անասունի հետեւից եւ ստանա նույնքան օգուտ, որքան ստանում է մսավաճառը՝ ընդամենը 1 օրում վաճառելով: Բայց դե սա կյանքի չգրված օրենքներից է, եւ միշտ էլ վերավաճառողը գյուղացու չափ կամ նրանից էլ ավելի շատ եկամուտ է ստանում: Այստեղ արդեն հակասության մեջ են գյուղացու եւ քաղաքաբնակի շահերը: Իսկ դա նրանից է, որ գյուղացուն թույլ չեն տալիս մուտք գործել քաղաքի շուկա եւ վաճառել սեփական ապրանքը: Նույն վիճակն է նաեւ մրգի ու բանջարեղենի շուկաներում: Քաղաքացին անգործ մնալով՝ ստիպված իր ապրուստի միջոցը գտավ նաեւ շուկաներում գյուղմթերք վերավաճառելով: Եվ ստեղծվեց վերավաճառողների կայուն խավ, որը գյուղացուն թույլ չի տալիս իր ապրանքը վաճառել: Հենց այդ պատճառով էլ գյուղմթերքը շատ ավելի թանկ է: Վերջնական սպառողը միրգ եւ բանջարեղեն գնում է 2-3 անգամ ավելի շատ վճարելով, քան վերավաճառողը գյուղացուց է գնում:
Վերադառնալով մսի շուկային՝ ավելացնենք, որ ամռան երաշտի ու աշնան համատարած անասնաջարդի արդյունքն ավելի տխուր կլինի եկող տարվա սկզբին: Մսավաճառները կանխատեսում են, որ նոր տարուց հետո մսի գները կտրուկ կթանկանան: Գյուղացիներն անասնակեր չունենալու պատճառով նոր տարվա շեմին համատարած մորթում են իրենց անասուններին: Սպառողներն էլ, պարզ է, սովորականից ավելի շատ են գնում: Մսավաճառների ասելով` հիմա ավելի շատ են միս վաճառում: Այնպես որ, այս տարվա վերջին անասունների գլխաքանակը կտրուկ կնվազի, 2007-ի սկզբին միսը քչություն կանի եւ այդ պատճառով էլ կթանկանա: Իսկ այս տխուր վերջաբանի փոխարեն արժե հիշել մխիթարող մի փաստ՝ Հայաստանում խոզի, հատկապես տավարի ու ոչխարի միսն էկոլոգիապես մաքուր է, որովհետեւ գյուղացին անասուններին կերակրում է խոտով ու հացահատիկով: Խորհրդային տարիներից հետո համակցված անասնակերը շռայլություն է դարձել: