2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարությունը 10 մլն 147 հազար դրամ է հատկացրել կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթերի հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
Այդ չվերթերն իրականացնող օդանավերի կանգառի եւ մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հատկացվել է 6 մլն 376 հազար դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին՝ 1 մլն 992 հազար դրամ եւ աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին` 1 մլն 778 հազար դրամ գումարների փոխհատուցում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային եւ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանը, 1999-ից «Ընդհանուր հայկական հիմնադրամ» (UAF) կազմակերպության միջոցով Հայաստանում իրականացվում է մարդասիրական օգնության տարեկան մոտ 5 չվերթ: Մեխանիզմը գործում է հետեւյալ կերպ. UAF-ի միջոցով տարբեր բարեգործական ընկերություններ հայաստանյան կոնկրետ հաստատությունների (հիմնականում` պետական կառույցների) ապրանքներ են ուղարկում: Ինքնաթիռների, վառելիքի ամբողջ ծախսերը հոգում է UAF-ը: «Մենք գումարներ ենք հատկացնում միայն ինքնաթիռի թռիչքի (վայրէջքի), բեռնաթափման, բեռնամշակման, աերոնավիգացիայի ծառայությունների համար»,- ասաց Ս. Տեր-Սիմոնյանը: Նրա խոսքերով, մարդասիրական օգնության չվերթից մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունը նամակ է ստանում բեռներն ուղարկողի եւ ստացողի անունից, այնուհետեւ առաջիկա չվերթի մասին տեղեկացնում է «Զվարթնոցին» եւ «Հայաերոնավիգացիային»: Չվերթերի տարեկան կոնկրետ թիվ գոյություն չունի. անցյալ տարի եղել են 6-ը, այս տարի` 5-ը: Բնականաբար, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդից ավելի մեծ գումար է հատկացրել այս նպատակով:
Մարդասիրական օգնության չվերթերն իրականացնող օդանավերի կանգառի, բեռնաթափման, բեռնամշակման, աերոնավիգացիայի ծառայությունների ծախսերը դրանք սպասարկող կազմակերպությունների կողմից ներկայացվում են կառավարությանը: «Մենք մարդասիրական օգնության չվերթերն իրականացնող օդանավերի աերոնավիգացիայի ծախսերը եռամսյակը մեկ հաշվարկում եւ ներկայացնում ենք կառավարությանը»,- ասում է «Հայաերոնավիգացիայի» տնօրեն Էդուարդ Մուսոյանը: Նրա հավաստմամբ, այդ ծախսերը կախված են ինքնաթիռների քաշից. յուրաքանչյուր մեկ տոննայի համար գանձվում է 5 եվրո: Իսկ կառավարությունը տարբեր օղակների միջոցով ստուգում է, որ այդ ծառայություններն իրականացնող կառույցների ներկայացրած փաստաթղթերը լինեն հավաստի: «Եվ միայն համապատասխան եզրակացություններից հետո են դրանք քննարկվում կառավարության նիստում»,- հավաստում է Ս. Տեր-Սիմոնյանը: Ի դեպ, նրա խոսքերով, կառավարության հատկացրած 10 մլն 147 հազար դրամի մեջ չի մտնում այն ինքնաթիռների սպասարկման փոխհատուցումը, որոնք այս տարի ուղեւորներ էին տեղափոխում Լիբանանից Հայաստան: