«Վրաստանը չի վճարելու գազի դիմաց քաղաքական գինը, որն առաջարկում է «Գազպրոմը»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ռուսական կողմը բարձրացրեց գազի գինը եւ դա բացատրեց շուկայական սկզբունքներով, սակայն վստահեցնում եմ բոլորին, որ առաջարկվող գինը (1000խմ դիմաց` 230 դոլար) որեւէ ընդհանուր բան չունի տնտեսագիտական հաշվարկների հետ: Դա քաղաքական գին է»,- ասել է նա: Սահակաշվիլին նշել է նաեւ, թե ՌԴ-ն Վրաստանի հետ հարաբերություններում ընտրել է պատժամիջոցների ուղին: «Ամեն մեկն ունի իր ընտրությունը: Վրաստանն ընտրել է ազատությունը, մինչդեռ Ռուսաստանն ընտրել է Վրաստանի նկատմամբ ճնշում գործադրելը: Այդպես նրանք տնտեսական պատժամիջոցների դիմեցին եւ սկսեցին վտարել վրացիներին երկրից՝ իրենց ազգային պատկանելության համար: Սակայն, չնայած այս ամենին, հուսով եմ, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր տարաձայնությունները եւ վերադարձնել մեր հարաբերությունները նորմալ հուն, ինչի կարիքն ունեն թե՛ Վրաստանը եւ թե՛ Ռուսաստանը», – ասել է Սահակաշվիլին: