Երեկ Երեւանում տեղաց առաջին ձյունը: Բացի ճանապարհատրանսպորտային երթեւեկության անհարմարություններից, ձմեռային եղանակները դժվարություններ են ստեղծում նաեւ քաղաքացիական ավիացիայի համար: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկարատեւ մառախուղների պատճառով շատ ինքնաթիռներ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չէին կատարում, որոշ ավիաընկերությունների միակ հույսը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն էր: Այնտեղ վայրէջք կատարելուց հետո ուղեւորներին ավտոբուսներով տեղափոխում էին Երեւան: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր, պատրա՞ստ են, արդյոք, հայաստանյան օդանավակայանները դիմակայել եղանակի առաջացրած հնարավոր դժվարություններին: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի խոսքերով, այս տարի «Զվարթնոցը» լիովին պատրաստ է օդանավեր ընդունել անգամ վատ եղանակային պայմաններին, եթե, իհարկե, վերջիններիս հետ կապված «ֆորս-մաժորային իրավիճակներ չստեղծվեն»: Գ. Աբրահամյանը հիշեցրեց նաեւ, որ, ամեն դեպքում, որքան էլ օդանավակայանը վայրէջք կատարող ինքնաթիռի համար շփման գործակից ապահովի, միեւնույն է` վայրէջք կատարելու վերջնական որոշումն ընդունում է ինքնաթիռի հրամանատարը: Համենայնդեպս, այս տարվա երեւանյան առաջին ձյունը «Զվարթնոցում» խնդիրներ չի առաջացրել:
«Շիրակ» օդանավակայանը երբեւէ այսքան լավ պատրաստ չի եղել ձմռանը, որքան այս տարի»,- մեզ հետ զրույցում նշեց Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, ՔԱԳՎ-ն պարբերաբար գնահատում է օդանավակայանների աշուն-ձմեռ պատրաստվածության աստիճանը: Գյումրիի օդանավակայանի պատրաստվածությունն այս տարի բավարար է գնահատվել: Հիշեցնենք նաեւ, որ ՔԱԳՎ-ն դեռ անցյալ տարվա մառախուղներից հետո նախատեսել է «Շիրակը» դարձնել առաջին կարգի օդանավակայան: Դրա համար պետք է ամբողջովին ասֆալտապատվի «Շիրակի» թռիչքուղին եւ տեղադրվի լուսաազդանշանային նոր համակարգ: Ամբողջ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 4-4.5 մլն դոլար: Բուն աշխատանքները, որոնցից առաջինը թռիչքուղու ասֆալտապատումն է, դեռ չեն սկսվել: Դրանց սկիզբը նախատեսվում է գարնանը: