Երեկ ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերլուծելու բավականին մեծ ֆորմատ էր վերցրել՝ սկսեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից, շարունակեց 2007 եւ 2008թթ. ընտրություններին վերաբերող կանխատեսումներով, անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի շատ բարձր եւ ընդդիմության շատ ցածր ռեյտինգին, Գալուստ Սահակյանին ու մինչեւ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Բնականաբար, ավելի շատ անդրադարձավ ընտրություններին, ժամանակից շուտ սկսված քարոզարշավին ու տարվող սեւ PR-ին: 2008թ. նախագահական ընտրություններին դեռեւս 1 տարի ու 3-4 ամիս ժամանակ կա, բայց, Մ. Գասպարյանի ասելով, 4-5 մարդ արդեն բացարձակ կամ քողարկված նախագահի կռիվ են տալիս: Այդ չորս թեկնածուներն են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Արտաշես Գեղամյանը: «Այդ մարդիկ կոպիտ սխալներ են թույլ տալիս, եւ որքան մոտենա նախընտրական տարին, նրանք կկորցնեն հետաքրքրությունը, ժողովրդի ուշադրությանն այլեւս չեն արժանանա,- մտածում է Մ.Գասպարյանը: -Արդեն երրորդ ամիսն է, մեր քաղաքական ուժերը թուք ու մուր են թափում իրար վրա: Իսկ դա ժողովրդի մեջ էլ ավելի շատ հիասթափություն է առաջացնելու: Այն որակումները, որ հնչում են իրար հասցեին, մարդկային փոխհարաբերությունների մեջ չի տեղավորվում: Ես ինքս մի քանի տարի հայհոյել եմ մեր իշխանություններին, բայց այսօրվա հնչած վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի նորմերը: Բոլորը հարվածում են գոտկատեղից ներքեւ եղած ու չեղած բոլոր սեւ PR-ներով»:
Սակայն, այդ ամենով հանդերձ, ԺՈՒԿ նախագահի ասելով, ներկայումս իշխանության ռեյտինգն ավելի բարձր է, քան ընդդիմությանը, նույնիսկ իր ռեյտինգն է անկում ունեցել: Մ.Գասպարյանը նշում է, թե չի զարմանա, եթե ընտրություններին իշխանությունները նույնիսկ լցոնումների կարիք չզգան: Ընդդիմության ռեյտինգի անկումը նա բացատրում է նրանով, որ հեռուստաեթերը եւ ընդհանրապես ԶԼՄ-ներն իրենց համար փակ են: Նույնիսկ որոշ ընդդիմադիր թերթեր սեւացնում են հենց ընդդիմությանը: Եվ սա անում են պատվերով: Ըստ նրա, եթե այդպես շարունակվի, ապա ընդդիմությունը պետք է սկսի ապավինել ժողովրդի հետ ուղղակի շփման ձեւերին: Բայց այստեղ էլ խնդիրներ կան, որովհետեւ հանդիպումներ կազմակերպելու համար մայրաքաղաքում ու մարզերում ընդդիմությանը տարածքներ չեն տրամադրում: Թեպետ Մ. Գասպարյանը չի բացառում, որ գուցե 2-3 ամիս անց իրավիճակը փոխվի՝ ընդդիմությունն ակտիվանա, ինչ-որ կտրուկ քայլեր ձեռնարկի կամ էլ իշխանությունը կորցնի իր ռեյտինգը: Բացի այդ, ընդդիմության լիդերներն այսօր ժողովրդի մեջ ունեցած իրենց հեղինակությամբ չեն կարող մի քանի տասնյակ հազար մարդու աջակցություն ստանալ: «Այլընտրանք, անհնազանդություն, նույնիսկ այնտեղ, որտեղ որ ես կամ, այդ հակակրիմինալը, այդ գաղափարները վատ գաղափարներ չեն,- ասում է Մ.Գասպարյանը: -Բայց, ասացեք խնդրեմ, այդ գաղափարներին ովքե՞ր են տեր կանգնում: Չի կարելի աղավաղել, այնպիսի մարդ պետք է գա ու այդ շարժումները, գաղափարներն իրականացնի, ժողովրդին դիմի, որ ժողովրդին կարողանա ոտքի հանել: Որ ես նայում եմ` այդ ստեղծված կառույցներում ընդգրկված մարդիկ նույնիսկ իրենց շենքի բնակիչներին էլ չեն կարող ոտքի հանել»:
Բայց ԺՈՒԿ նախագահը մի բան հաստատ գիտի՝ Գագիկ Ծառուկյանի ռեյտինգը Հայաստանում բոլորից բարձր է: Պատկերացնո՞ւմ եք, այսօր գրեթե Կարեն Դեմիրճյանի չափ ժողովրդի մեջ հավատ է առաջ գալիս դեպի Ծառուկյանը: Նրա խոսքով, Ծառուկյանը մի կանչով կարող է ոտքի հանել մոտ 100 հազար մարդ: Մինչդեռ այսօր ո՛չ Արտաշես Գեղամյանը, ո՛չ Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զավենի Սարգսյանը, նույնիսկ ինքը՝ Մ.Գասպարյանը, 100.000 մարդ չեն կարող ոտքի հանել: Բանախոսը չի հերքում, որ Գ.Ծառուկյանն իշխանության հետ կապ ունի, հատկապես տնտեսական գործունեության առումով, որ նրա մեջքին Ռոբերտ Քոչարյանն է կանգնած: «Բայց այսօր ինքը ձեռք է բերել ռեյտինգ»,- ասում է Մ.Գասպարյանը: Հենց այդ պատճառով նա գրեթե համոզված է, որ «Բարգավաճ Հայաստանը» 2007թ. խորհրդարանում լինելու է մեծամասնություն` ոչ բացարձակ, բայց մեծամասնություն: «Բայց եթե երեք-չորս ամիս հետո նրա հետեւը կանգնած մարդը չխանգարի, գուցե դրական ինչ-որ բաներ փոխվեն»,- հայտարարում է ԺՈՒԿ նախագահը եւ ավելացնում, թե իր կուսակցությունն ԱԺ ընտրություններին անպայման մասնակցելու է 4-5 թեկնածուներով: Նա հաջողության հույս ունի, որովհետեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր երկու թեկնածուներն ընտրվել են: Թեպետ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը հետո անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը: Մ.Գասպարյանը համաձայն չէ նաեւ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե 2007թ. խորհրդարան կմտնեն միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Արդարությունը», «Ազգային Միաբանությունը» եւ ՀՅԴ-ն: «Ինչ ուզում է լինի՝ խորհրդարանում լինելու են «Ազգային Միաբանությունը», «Օրինաց երկիրը», ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն: Մնացածը բոլորն էլ խնդիրներ ունեն»,- մտածում է պարոն Գասպարյանը:
Նա խոսեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի մասին: Մ. Գասպարյանի կարծիքով` Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունը կապ չունի ազատագրված տարածքների հետ ունեցած նրա դիրքորոշման կամ իշխանությունների հայտարարած պատճառների հետ: Պատգամավորը նշում է, որ Ժ.Սեֆիլյանը միայնակ չէր կարող իշխանափոխություն անել, նա չուներ այդ ուժը, եւ նրա հետեւում քաղաքական ուժ կանգնած չէ: Սեֆիլյանն էլ չէր կարող որեւէ քաղաքական ուժի պարտադրել իշխանափոխություն անել: Նրան ձերբակալել են Ջավախքի հետ կապված բավական ակտիվ դիրքորոշում ունենալու համար: Այդ ձերբակալությունը Վահագն Չախալյանի ձերբակալության շարունակությունն է: Նրա կարծիքով, Սեֆիլյանի վրա այլ մեղադրանք են դնում, որպեսզի ռուսները չնեղանան, որովհետեւ Ջավախքի ապակայունացման հիմնական շահագրգիռ կողմը Ռուսաստանն է: «Չախալյանին ձերբակալել էին` հաճոյանալու վրացիներին,- ասում է Մ.Գասպարյանը: -Սեֆիլյանին շարունակեցին, որ էլի հաճոյանան վրացիներին: Ուրիշ մոտիվ գտան, որ ռուսները չնեղանան: Ռուսները շուտով կստիպեն ազատ արձակել Սեֆիլյանին»: