Մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի ավագանու նիստում ներկայացնում էր քաղաքի 2005թ. բյուջեն՝ միաժամանակ անդրադառնալով նախորդ տարվա բյուջեի կատարողականին: Եվ քանի որ հրապարակած թվերը՝ 2004թ. բյուջեն 95,6 %-ով կատարելու մասին խիստ կասկածահարույց էին, որոշեցինք մեկնել Գյումրի եւ տեսնել «համարյա 100%-ով» կատարված բյուջեի արդյունքները:
Բյուջեի մուտքերը
Որ 2004թ. քաղաքապետարանը բյուջեի մուտքերն ապահովել է, դրանում ոչ ոք չի կասկածում: Այլ հարց է, թե ինչպես են ծախսվել այդ գումարները եւ որքանով է բարեկարգվել եւ տեսքի բերվել Գյումրին այդ գումարները հավաքագրելու եւ ծախսելու ընթացքում: Ինչ խոսք, այս տարի հայտարարված հարկային պատերազմն արձակել է բոլորի ձեռքերը, եւ հարկահավաքությունը առաջ կընթանա նոր տեմպով՝ կսկսեն հարկ վճարել նույնիսկ արեւածաղիկ եւ խաչբառ վաճառողները, Գյումրիի քաղաքապետը մի փոքր «կնեղի» անգամ իր ախպեր-ընկերներին, սակայն նրա նոր «Ջիփ» ավտոմեքենան վկայում է, որ Գյումրին դրանից հազիվ թե շահի:
Գյումրիի փողոցները
Այս տարի նախատեսվում է հավաքագրել 1 մլրդ 600 մլն դրամ, սակայն աչքի առաջ ունենալով քաղաքի ներկայիս տեսքը, կարելի է ասել, որ նույնիսկ 3 մլրդ դրամ հավաքագրելու դեպքում՝ դժվար թե այնտեղ ինչ-որ բան փոխվի, որովհետեւ անցյալ տարվա հավաքագրած գումարներով բարեկարգվել են միայն այն փողոցները, որտեղով պետք է անցներ հանրապետության նախագահի էսկորտը, որը ժամանել էր Գյումրի՝ հերթական կարմիր ժապավենի հետեւից: Վերանորոգված մարզադպրոցի մուտքից նույնիսկ 30 մ այն կողմ արդեն ասֆալտապատ չէ: Աչքակապությունն աչքի է զարնում ամեն քայլափոխի՝ գլխավոր փողոցների երկայնքով նորակառույցներ են, իսկ 50 մ այն կողմ կիսախարխուլ տնակների շարքն է, ասֆալտապատված փողոցների խաչմերուկներից աջ ու ձախ անանցանելի ճանապարհներն են, որոնցով նույնիսկ ոտքով անցնել հնարավոր չէ՝ սառույցի եւ ձյան պատճառով: Տեղացած ձյունը սառույցի է վերածվել եւ հաստ շերտով պատել քաղաքի բոլոր փողոցները: Բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են մաքրվել փողոցները, մայթերի մաքրելու մասին հարցը բնակիչների մոտ միայն քմծիծաղ առաջացրեց: Երեկոյան քաղաքով շրջելիս փորձեցինք տեսնել այն 1670 կետերը, որոնք, ըստ քաղաքապետի, լուսավորում են Գյումրին: Դրանք երեւի քողարկված են կամ էլ գտնվում են հատուկ տեղերում, որովհետեւ ժամը 22-ին լուսավորված չէր անգամ կենտրոնը՝ գյումրեցիների սիրելի զբոսատեղին՝ նախկին Կիրովի, այժմ Նիկոլայ Ռիժկովի փողոցը: Կենտրոնական հրապարակը նույնպես թաղված էր խավարի մեջ: Դրա փոխարեն աչքի էր զարնում վառ լուսավորված, գյումրեցիների լեզվով՝ Լաչինի միջանցքը՝ կենտրոնական հրապարակն ավտոկայանին կապող փողոցը: Այս հանգամանքն ինձ տարօրինակ թվաց, որովհետեւ այդ փողոցի վրա շուկան է եւ այնտեղ անցուդարձը երեկոյան քչանում է: Պարզվեց, որ այդ լուսավորությունը քաղաքապետի նշած 1670 կետերի հետ ոչ մի կապ չունի՝ այն մասնավոր է եւ լուսավորում է նորակառույց խանութների երկար շարքը, որոնք, ի դեպ, քաղաքապետի սեփականությունն են՝ «Հովանի» անվանումով: Գյումրիի հումորն անպակաս է. քանի որ խանութներն իմն են, թող աշխատեն իմ հովանու ներքո:
Ջրամատակարարումը
Ձմեռվա սառնամանիքներին զուգընթաց սառչում են նաեւ ջրատար խողովակները, եւ բնակիչները ստիպված են մինչեւ գարուն դույլերով ջուր կրել հարեւանների բակերից կամ տներից: Ջրատար խողովակները չեն փոխվել խորհրդային ժամանակներից ի վեր՝ միջոցների բացակայության պատճառաբանությամբ: Իսկ ջրի վարձը, բնակիչների վկայությամբ, թեեւ դժվարությամբ, բայց վճարում են: Ամենավատը նորակառույց Անի եւ Մուշ թաղամասերի վիճակն է: Այստեղ կան շենքեր, որոնք ջուր չունեն ոչ միայն ձմռանը, այլեւ ողջ տարին:
Գյումրիում բնակարանները եւ տները ջեռուցվում են «ով ինչպես կարող է» սկզբունքով: Շմոլ գազից թունավորման ամենաշատ դեպքերը գրանցվում են հենց Գյումրիում: Բացի այն, որ դրա պատճառը ինքնաշեն վառարաններն են, կա մեկ այլ՝ առավել կարեւոր պատճառ՝ նորակառույց թաղամասերի շենքերը չունեն ծխատար խողովակներ, որովհետեւ նախատեսված է դրանք ջեռուցել կենտրոնացված եղանակով՝ կաթսայատներից: Այստեղ արդեն վառարանի ծագումն էական չէ, միեւնույն է, այս շենքերում գազով ջեռուցումն արգելված է: Կառավարության կողմից որպես օգնություն տրամադրված գազավառարանների մեծ մասն էլ անսարք է՝ պիտանի չէ օգտագործման համար: Քաղաքապետարանը 20-ական պարկ փայտածուխ է տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին: Այդ ածուխն առանց փայտի հնարավոր չէ այրել, իսկ փայտ ոչ բոլոր անապահովներն են կարողացել գնել:
Դպրոցներում
Ջերմաստիճանն այստեղ չի գերազանցում 12 աստիճանը, աշակերտները եւ ուսուցիչները վերարկուներով սրթսրթում են՝ ներսում ավելի ցուրտ է, քան դրսում: Իրավասու մարմիններից ոչ ոք չի հետաքրքրվել, թե որքան է ջերմաստիճանը դասասենյակներում, երեւի այդ շոուն միայն Երեւան քաղաքում էր կազմակերպվել, դե, իսկ Գյումրին աչքից հեռու է՝ Երեւանից չի երեւում:
Քաղաքապետարան-մարզպետարան
Սրանց հարաբերությունները հիշեցնում են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», թեեւ այդ մասին քաղաքապետարանում գերադասում են լռել: Մարզպետը դաշնակցական ընկերներից է, իսկ քաղաքապետարանը ոչ մի կերպ չի տեղավորվում Շիրակի մարզի դաշնակցականացման ծրագրի շրջանակներում, դրան գումարած՝ յուղոտ պատառները չեն կարողանում արդարաբար կիսել (օրինակ՝ նորակառույց բնակարանների բաշխումը), արդյունքում՝ քաղաքային եւ ոչ մի միջոցառման մարզային ընկերները չեն մասնակցում:
Տերն ու ծառան
Վստահորեն կարելի է պնդել, որ հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը չէր կարող «ընտրվել» առանց «դաբրոյի»: Երկրի նախագահը մատ է թափ տալիս հարկահավաքների վրա՝ ցույց տալով, թե ում պետք է հարկել: Վարդան Ղուկասյանը որոշել է սրբորեն կատարել պատգամը՝ «առաջինը հարկում ենք իմ եղբորը՝ «Օազիս» սրճարանի տիրոջը»: Կառավարությունը ավելացրել է բյուջեի մուտքերը՝ Գյումրիի քաղաքապետը նույնիսկ գերազանցել է կառավարությանը՝ սեփական մուտքերի նախատեսված չափն ավելացնելով: Վարդան Ղուկասյանը սիրում է խոսել գյումրեցիների կյանքի որակի բարելավումից եւ այլ չեղած բաներից: Մեզ մնում է միայն հորդորել Վ. Ղուկասյանին նախատեսված 1 մլրդ 600 մլն դրամից մի 100.000 դրամի չափով աղ գնել եւ շաղ տալ իր քաղաքի փողոցներում եւ հետո անցնել կյանքի որակի բարելավման ծրագրի իրականացմանը: