Միջազգային հեղինակավոր ամսագրերը պարբերաբար տպագրում են աշխարհի մեծահարուստների ցուցակը: Հայաստանի շարքային քաղաքացիներին նման հրապարակումները ոչինչ չեն տալիս: Լավագույն դեպքում ցուցակում փնտրում ենք յան-ով վերջացող որեւէ ազգանուն եւ ակնկալում մեր իշխանությունների ճարպկությունը՝ որքանով կհաջողեն միլիարդատերին միլիոնատեր դարձնել: Լրիվ այլ էմոցիաներ են, երբ տպագրվում է Հայաստանի մեծահարուստների ցուցակը: Դեռեւս մի քանի ամիս առաջ նույն «Forbes»-ը տպագրել էր հայաստանցի մեծահարուստների տասնյակը, ուր առաջին պատվավոր հորիզոնականում ՀՀ նախագահն էր՝ միլիարդի հասնող ունեցվածքով: Ցուցակում ծանոթ անուններ էին՝ ԿԲ նախագահ, արդարադատության եւ պաշտպանության նախարարներ, հայտնի գործարարներ: Հայաստանյան «Forbes»-ի՝ օրերս տպագրված տեղացի մեծահարուստների տասնյակի հերթականությունն ու ունեցվածքի չափն այլ են: Ցուցակում հաճելիորեն հերթագայում են Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի, Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները: Գործարարներից նշված են Գագիկ Ծառուկյանը, Միխայիլ Բաղդասարովը,Հրանտ Վարդանյանն ու Սուքիասյան ընտանիքը: Այս ցուցակից դառնորեն պարզում ես, որ Հայաստանում միլիարդատեր չկա, համատարած միլիոնատերեր են: Սակայն հիշենք, որ խոսքն աղքատ երկրի մասին է, ուր միջին քաղաքացու համար 1000 դոլարը թվում է երազանքների կատարման համար լրիվ բավարար գումար: Այն, թե ինչ է մտածում ՀՀ նույն այդ շարքային քաղաքացին՝ ծանոթանալով ցուցակի բովանդակությանը, դժվար չէ գլխի ընկնել: Սակայն, ինչպես տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն է առաջարկում, չարժե վաղաժամ ենթադրություններ անել, քանի որ մեծահարուստների ցուցակում հայտնված մարդիկ (կամ գոնե նրանց մեծ մասը) իրենք էլ չէին ցանկանա հայտնվել նման ցուցակում: Արդյո՞ք հայ գործարարի համար հաճելի է հայտնվել մեծահարուստների տասնյակում, թե՞ ամեն դեպքում տհաճ է, երբ հաշվում են փողերդ: Այս հարցն ուղղեցինք գործարար Հրանտ Վարդանյանին. «Նախ` ամսագրում նշված թվերն աբսուրդ են: Եվ հետո, իհարկե, հաճելի չէ, որովհետեւ Հայաստանում մինիմում 100 հոգի նեղացել են, քանի որ, իրենց կարծիքով, իրենք էլ պիտի հայտնվեին ajd ցուցակում: Իսկ ում հաճելի է հաշվել ուրիշի միլիոնները` թող հաշվի»: Ցուցակում հայտնվելը պարոն Վարդանյանի համար հաճելի չէ այն պատճառով, որ լիարժեք ուրախանալուն խանգարում են նրա պարտքերը (երեք միլիոն): «Բյուջեի՞ն եք պարտք, թե՞ գործընկերներին»,- հետաքրքրվեցինք մենք: Պարզվեց՝ թե՛ բյուջեին, թե՛ բանկին: Էդուարդ Աղաջանովը, որը եւս հետաքրքրված էր մեծահարուստների ցանկով, իր հետաքրքրությունը հիմնավորեց այսպես. «Եթե այդ մարդիկ իրենց եկամուտների 20 տոկոսը մուծել են բյուջե, իրենց հալալ է: Հարուստ լինելը հանցանք չէ, այլ միայն ողջունելի երեւույթ է: Իսկ այդ միլիոնների վրա ֆիքսվում ենք, քանի որ խոսքն աղքատ երկրի հարուստների մասին է: Միակ բանը, որ պետք է մտահոգի հասարակությանը, այն է, թե այդ մարդիկ ինչ հարաբերություններ ունեն բյուջեի հետ: Քանի որ մեր երկրում հայտարարագրման ինստիտուտն այնքան էլ զարգացած չէ, հարուստների թիվն ու նրանց անգամ մոտավոր ունեցվածքն իմանալը հեշտ չէ: Արտասահմանում դա բավական թափանցիկ պրոցես է. բոլորը գիտեն, թե այսինչը, անգամ երկրի նախագահն, ինչ ակտիվների են տիրապետում: Եթե վերցնենք, ասենք, Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանին, ես չգիտեմ՝ նա ինչ օբյեկտների, ինչ սեփականության տեր է: Հետեւաբար, դժվար է ասել, թե այդ տասնյակը կամ դրա հերթականությունը որքանով են արժանահավատ, քանի որ մեր երկրում հատկապես ֆինանսական գործարքները, իրական եկամուտները խնամքով թաքցվում են»: Սա է թերեւս պատճառը, որ հասարակությունը նույնքան աշխուժանում եւ տենդագին հետաքրքրություն է ցուցաբերում պետական պաշտոնյաների ամենամյա հայտարարագրերն ընթերցելիս: Փորձում են գոնե մի մեծահարուստ չինովնիկ գտնել, մտքում իրար են գումարում հայտարարագրում նշված Շենգավիթում կամ Բանգլադեշում ունեցած մեկ սենյականոց բնակարանը, «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, որը պապիկից է ժառանգություն ստացել, ու հասկանում, որ գործ ունեն ազնիվ ու սակավապետ պետական ծառայողի հետ: Դեռեւս Դոն Կիխոտն էր ասում, որ հարուստ լինել նշանակում է` ոչ թե հարստություն ունենալ, այլ ունեցած միջոցները (անկախ դրանց չափից) խելամիտ օգտագործել: Հասկանալի է, որ մեզ մոտ մեծահարուստների համար հեղինակությունն ամենեւին էլ Դոն Կիխոտը չէ: Մեր երկրում այն մարդիկ, ովքեր ունեն մեծ կապեր ու հնարավորություններ, որպես կանոն` աշխատում են իրենց միջոցներով շքեղ, գրոտեսկային առանձնատներ կառուցել, անել ճոխ ծնունդներ ու հարսանիքներ, հովանավորել անարժեք միջոցառումներ, անել ամեն բան, որ իրենց սիրելի զավակները որեւէ եկամտաբեր պաշտոն զբաղեցնեն, համալրում են իրենց ավտոպարկը: Երբ էկրաններին է հայտնվում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը՝ իր ոչ թանկարժեք օպտիկական ակնոցով, անպաճույճ հագուկապով ու սանրվածքով (նկատի ունենք՝ առանց ֆենած մազերի), որեւէ մեկի մտքով չի անցնի, որ այդ մարդու ձեռքին են աշխարհի ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնական լծակները: Իր հարցազրույցներում Բիլ Գեյթսն էական է համարում ոչ թե իր միլիարդներով զարմացնել հասարակությանը, այլ ներկայացնում է, թե ինչ պարտավորություններ ունի իր երկրի առաջ՝ զարգացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, տեսնել իր մուծած հարկերի պտուղները: Որեւէ տեղ նա չի հպարտացել, որ թանկարժեք մեքենաներ ու կոստյումներ ունի ու սիրում է օծվել այսինչ սուպեր հայտնի ֆիրմայի օծանելիքով:
Մեր երկրում հաջողակ բիզնեսմեն լինելն ամենեւին էլ հպարտանալու հիմք չէ, հատկապես, եթե չես վայելում իշխանության աջակցությունը: Դա հաստատում է նաեւ մեր զրուցակից Էդուարդ Աղաջանովը. «Եթե իշխանության թեւից ես, հարուստ լինելն այնքան էլ վտանգավոր չէ: Եթե մոտ չես իշխանություններին, հնարավոր է՝ ենթարկվես իշխանական ռեկետի: Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք լինելով «միջին ձեռքի» հաջողակ բիզնեսմեններ, վախենում են ընդլայնել իրենց բիզնեսը եւ նախընտրում են իրենց գումարներով բնակարաններ գնել»: Ի դեպ, պարոն Աղաջանովն առաջարկում է, որ մեր երկրում էլ մտցվի ավանդույթ, երբ ամենախոշոր հարկատուն արժանանում է նախագահի հետ տետ-ա-տետ ճաշելու պատվին: Եվ բնավ ո՛չ նախագահականի բուֆետում: