Կոնսուլտացիաներ են գնում

22/12/2006

Դեկտեմբերի 12-ին ընդդիմության բոլոր թեւերի ներկայացուցիչները հավաքվել էին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում եւ քննարկում էին Շուշիի անանձնագիր գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ այլ ազատամարտիկների ձերբակալության մանրամասները: Ու թեեւ հավաքի մասնակիցներից ոմանք՝ ազատամարտիկ Ռոլանդ Ղազարյանն ու «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ընդդիմությանն առաջարկեցին կոնկրետ գործ անել, մասնավորապես` առաջիկա օրերին հավաքվել ու որոշել ընդդիմության կոնկրետ քայլերի հաջորդականությունը, դա կարծես թե առանձնապես արձագանք չգտավ ներկաների շարքերում, եւ քննարկումների արդյունքում ընդդիմությունն ընդունեց իշխանությունների գործողությունները դատապարտող երեւի մոտավորապես 500-րդ հայտարարությունը: Երեկ մեզ հետ զրույցում «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ առաջարկները ներկաների շարքերում արձագանք գտել են, ու հիմա ընդդիմության ներսում «կոնսուլտացիաներ են գնում»: «Կոնկրետ քայլեր անելու, ձեւաչափեր ստեղծելու կոնսուլտացիաներ՝ կուսակցությունները` կուսակցությունների, լիդերները` լիդերների հետ, հիմա գնում են: Այսինքն՝ բավականաչափ մեծ խմորումներ ընդդիմության մեջ գնում են: Եվ իշխանությունների այս ներվային ռեակցիան ցույց է տալիս, որ թե՛ արտաքին քաղաքական դաշտում դժվարություններ կան, թե՛ ներսում դժվարություններ կան»,- նշեց Ա. Կարապետյանը՝ հավելելով, թե մասնավորապես ինքն առաջարկել է սկսել Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության ծառայության ու Դատախազության առաջ բողոքի ցույցեր անելուց: Մեր այն դիտարկմանը, թե նախկինում նմանատիպ ցույցերը կարծեք թե արդյունքներ չեն տվել, ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Ինչ-որ արդյունավետ բաներ եղել են: Հեռուստաեթերից գրեթե ամբողջովին զրկված ընդդիմությունն ի՞նչ կարող է անել. միայն բեւեռվել փողոցային գործողությունների վրա»: