Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե իր երկրի կառավարությունը մշակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված 3 նոր նախաձեռնություն: Առաջինով ստեղծվելու է մարդու իրավունքների պաշտպանների հիմնադրամ, որի հաշվին դրված 1 միլիոն դոլարից փոքր դրամաշնորհներ են տրամադրվելու արտակարգ վիճակում հայտնված ոչ կառավարական կազմակերպություններին: Հիմնադրամի գումարն ամեն տարի լրացվելու է: «Ազատության» փոխանցմամբ՝ սահմանվել է նաեւ «Ազատության պաշտպանների մրցանակ», որն ամեն տարի տրվելու է արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններին կամ իրավապաշտպան առաքելություն իրականացնող անձանց: Ներկայացնելով այս նախաձեռնությունները՝ Ռայսը բարձր է գնահատել ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների դերը, որոնք «ամբողջ աշխարհում պաշտպանում են մարդու իրավունքները, բացահայտում են դրանց ոտնահարումների փաստերը… Այդ աշխատանքը կատարելու համար մարդիկ հաճախ վտանգի են ենթարկվում, ստիպված են լինում հաղթահարել բազում խոչընդոտներ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունները վկայում են, որ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարները դրված են Բուշի արտաքին քաղաքականության հիմքում: