Պարզվում է՝ բոլորը ճիշտ են

22/12/2006 Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում տպագրված՝ «Շոու-բիզնեսի հայկական նրբերանգները» հրապարակումը, ինչպես եւ սպասվում էր, անարձագանք չմնաց։ Արձագանքեցին ինչպես երգչուհիները, այնպես էլ «Արմենիան Մյուզիք Սենթրի» տնօրեն Սամվել Ամիրաղյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ իր ընկերությունը, որը զբաղվում է Զարուհի Բաբայանի, Ալլա Լեւոնյանի եւ շատ այլ երգիչ-երգչուհիների ձայնասկավառակների թողարկմամբ ու վաճառքով, իրոք, ձայնասկավառակներ է վաճառել «Հրազդան Հոլդինգին»։ Դա արվել է լրիվ օրինական, դեկտեմբերի 7-ին կնքված պայմանագրի համաձայն։ «Մեր արածների մեջ ոչ մի անօրինական բան չկա։ Վաճառված բոլոր ձայնասկավառակներից երգիչ-երգչուհիները ստանում են իրենց հասանելիք գումարները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասաց Ս. Ամիրաղյանը։ Ըստ նրա, հոդվածի մեջ կային իր ընկերությանը վարկաբեկող նրբերանգներ, մասնավորապես՝ մեղադրանք «պիռատության» մեջ։ «Մենք լրիվ բաց ենք աշխատում, ձգտում ենք «պիռատության» դեմ պայքարել, եւ, օգնելու փոխարեն, պետք չէ մի բան էլ վնասել, վարկաբեկել այն ընկերությանը, որն ամեն ինչ անում է օրինական դաշտում»։

Հետո եղան զանգեր երգչուհիների կողմից։ Պարզվեց, որ նրանք էլ ոչ մեկի դեմ ոչ մի բողոք չունեն։ «Այդ ընկերությունը ոչ մի անօրինական բան չի արել։ Ընդհակառակը, մենք «Արմենիան Մյուզիք Սենթրի» հետ միասին աշխատում ենք պայքարել «պիռատության» դեմ, եւ արդեն որոշակի արդյունքների ենք հասել»,- ասաց Ալլա Լեւոնյանը՝ նշելով, որ իր ձայնասկավառակների թողարկման եւ վաճառքի բոլոր իրավունքները պատկանում են «Արմենիան Մյուզիք Սենթրին», եւ առանց իր կամ իր վստահված անձի գիտության ոչինչ չի արվում։ Զարուհի Բաբայանը նույնպես տեղեկացրեց, որ ոչ մի բողոք չունի. «Մենք աշխատում ենք «Արմենիան Մյուզիք Սենթրի» հետ, որը թերեւս այս դաշտում գործող միակ օրինական ընկերությունն է»։

Հիմա կմտածեք՝ ինչի՞ համար է այս ամենը ասվում։ Ո՞վ է մեղադրել այս ընկերությանն անօրինական գործունեության եւ «պիռատություն» անելու մեջ։ Իրականում, հրապարակման մեջ այդպիսի ակնարկ անգամ չկա։ Խոսքը վերաբերում էր հարցի բարոյական կողմին։ Ի վերջո, օրինական ապրանքն էլ կարող է վաճառվել այնպիսի եղանակով, որ արտադրողի հեղինակությունը դրանից տուժի։ Իսկ «նվիրելու» անվան տակ վաճառելը դրա ամենահեշտ եղանակն է։

Ստացվում է, երգչուհիները վստահում են «Արմենիան Մյուզիք Սենթրին»։ Այս ընկերությունն էլ լիովին օրինական գործարք է կնքում՝ որոշ քանակությամբ ձայնասկավառակներ վաճառելով «Հրազդան Հոլդինգին»։ Դրանից հետո այլեւս ոչ երգչուհիները, ոչ ընկերությունն այդ ձայնասկավառակների սեփականատերը չեն։ Դրանք պատկանում են «Հրազդան Հոլդինգին»։

Ուրեմն ի՞նչ, «Հրազդան Հոլդի՞նգն» է այս պատմության մեղավորը։ Սակայն պարզվում է՝ «Հրազդան Հոլդինգին» էլ մեղադրել չի կարելի։ Այն օրինական կերպով գնել է այդ ձայնասկավառակները, եւ կարող է այն նվիրել կամ վաճառել։ Բացի այդ, ինչպես Ս. Ամիրաղյանը, այնպես էլ «Հրազդան Հոլդինգի» լրատվական ծառայության ներկայացուցիչը մեզ հավաստիացրին, որ պայմանագրի կնքման հիմնական նպատակը հայ երգիչ-երգչուհիներին օժանդակելն էր։ «Օժանդակություն, որը ԱԺ պատգամավոր եւ «Հրազդան Հոլդինգի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը միշտ է անում։ Այս դեպքում այդ օժանդակությունն արվել է նրանց ձայնասկավառակների վաճառքը տոնավաճառի տարածքում կազմակերպելու միջոցով»,- ասացին հոլդինգի մամուլի ծառայությունից։

Կարծես թե՝ վերջ, բոլորը ճիշտ են։ Սակայն, եթե այդպես է, ապա ի՞նչն է սխալ, որ դժգոհողներ կան։ Իսկ դժգոհել կարող են բոլորը՝ տոնավաճառի կրպակատերերը, որոնք անհատ ձեռնարկատերեր են, գործում են ինքնուրույն, չգիտեն եւ պարտավոր էլ չեն իմանալ այս պայմանագրի մասին, սակայն հայտնվել են ձայնասկավառակ վաճառողի դերում։ Ընդ որում, «Հրազդան Հոլդինգի» հավաստմամբ, նման պարտադրանք չի եղել եւ չի էլ կարող լինել, ամեն ինչ եղել է կամավոր։

Դժգոհել կարող են երգիչ-երգչուհիները… հայ իրականությունից, որ իրենց օրիգինալ ձայնասկավառակների համար մարդիկ հերթ չեն կանգնում եւ գերադասում են ավելի էժան, բայց պակաս որակյալ «պիռատ» ձայնասկավառակները։ Դժգոհել կարող է «Արմենիան Մյուզիք Սենթրը», որն ինչքան էլ պայքարի «պիռատության» դեմ, միեւնույն է՝ ձայնասկավառակների վաճառքի ցանկացած կետից կարելի է 1000 դրամով «պիռատ» CD գնել։ Եվ վերջապես, դժգոհել կարող է «Հրազդան Հոլդինգը», որը ցանկացել է օգնել, սակայն, ինչպես ասում են ռուսները, «Խատելի կակ լուչշե, պոլուչիլոս կակ վսեգդա»։

Մի խոսքով, դժգոհողներ միշտ էլ կգտնվեն, մանավանդ` մամուլի հրապարակումներից։ Պարզապես, սեփական անձի կամ կազմակերպության մասին որեւէ հիշատակում տեսնելիս, զայրանալու փոխարեն, ավելի լավ կլիներ փորձել պարզել՝ ո՞րն է դժգոհության պատճառը։ Քանի որ, ինչպես ասում են փիլիսոփաները, ոչինչ առանց պատճառի չի լինում։ Եթե, իհարկե, գործ չունենք գերբնական երեւույթների հետ։

Հ. Գ. Ավելացնենք, որ «168 Ժամը» երբեք իր առջեւ նպատակ չի դնում վարկաբեկելու կամ վնասելու օրինական դաշտում աշխատող որեւէ ընկերության։