Մրցանակներ

22/12/2006

Երեկ Կոնգրես հյուրանոցում մեկնարկեց «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունների հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 4-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը: Ըստ կազմակերպիչների, «Արեւածաղիկ» մրցույթի անցկացման նպատակը հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությունն է: «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգում 1-ին տեղի մրցանակին արժանացավ «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Գոհար Մանուկյանը, 2-ին՝ Հայկական 2-րդ ալիքի լրագրող Քրիստինե Կարսլյանը, իսկ 3-ին՝ «Երկիր Մեդիայից» Նելի Դանիելյանը: Տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լավագույն հոդված ճանաչվեց «Արմենիա Նաու» էլեկտրոնային շաբաթաթերթից Մարիաննա Գրիգորյանի «Ներառական կրթությունը» հոդվածը: Երկրորդ տեղում հաղթող ճանաչվեց Գայանե Սարգսյանը, իսկ 3-րդում՝ «Ազգի» լրագրող Սուսաննա Մարգարյանը: Մրցանակային միակ եւ 1-ին տեղը գրաված լավագույն ռադիոհրապարակման համար հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբրթի» երիտասարդական ծրագրի լրագրող Հասմիկ Սմբատյանը: Խրախուսական մրցանակի արժանացավ «Գործարար տիեզերք» շաբաթաթերթից Անահիտ Ծատուրյանը: Իսկ հատուկ մրցանակին արժանացավ «Արտ սայթ» ստուդիայի նախագահ Արզուման Հարությունյանը սոցիալական հոլովակի, նյութի գեղարվեստական արտահայտչականության համար: Ըստ կազմակերպիչների, ինչպես անցյալ տարի, այնպես էլ 2006-ի մրցույթում սահմանված գլխավոր մրցանակը չշնորհվեց ոչ մեկին, քանի որ չի գտնվել արժանի հրապարակումը: