Սերգեյ Բագապշն անցած շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Վերադառնալուց հետո նա մամուլի ասուլիսի ժամանակ աբխազական լրագրողներին հայտարարեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների հարցեր: Քննարկվել են Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու խնդիրները:
«Այստեղ ամենից առաջ քաղաքական խնդիրներ կան, որոնք վերաբերում են Վրաստանին: Մեզ համար այդ հաղորդակցության վերականգնումը կարեւոր է, քանի որ դա եւ՛ երթակառուցվածքների հարց է, եւ՛ տարիֆների, եւ՛ բյուջետային մուտքերի, նաեւ նոր աշխատատեղերի: Լուրջ աշխատանք կա անելու, խնդիրները շատ են: Հարկավոր են ռելսեր, լուսանցույցներ, դեպո, բայց ամենակարեւորը՝ պրոֆեսիոնալ կադրեր: Աշխատանքի ծավալը մեծ է»,- ասաց Բագապշը: Նա հայտնեց նաեւ, որ մտադիր է հանդիպել երկաթուղու ղեկավարության հետ եւ քննարկել ծագած խնդիրները: «Հարկավոր է զարգացնել տնտեսական հարաբերությունների իրավական բազան: Առանց արտաքին ներդրումների դժվար կլինի զարգացնել մեր տնտեսությունը: Մենք պիտի այնպիսի օրենքներ ընդունենք, որպեսզի հանրապետությունը գրավիչ դառնա լուրջ գործարարների համար»: Մոսկվայում նույնպես շատ հարցեր են քննարկվել, մասնավորապես՝ հանցավորության դեմ պայքարը. «Աբխազիան չպիտի դառնա այն վայրը, որտեղ թաքնվում են Ռուսաստանում հանցագործություն կատարած անձինք, եւ հակառակը»,- ընդգծեց նախագահը: Այդ առթիվ փոխադարձ համաձայնագիր է պատրաստվում ՌԴ օրինապահների հետ: Փետրվարի 12-ին տեղի ունենալիք երդման արարողությանը հրավիրվելու են հանրապետության տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. «Մենք չենք կարող Աբխազիայի ժողովրդին բաժանել մերոնքականների ու ոչ մերոնքականների»,- ասաց նախագահը: «Եթե այդ քաղաքական ուժերը կառաջարկեն պետության, տնտեսության զարգացման տարբերակներ, մենք պատրաստ ենք դրանք քննարկելու: Բայց ես ամենուր լսում եմ, որ մի մասն ուզում է հացադուլ հայտարարել, մի մասը՝ բողոքի ցույցեր: Ես հարց եմ տալիս՝ ո՞ւմ դեմ: Դա արդեն ընդդիմություն չէ, այլ հաշվեհարդար եւ վրեժխնդրություն: Ես կողմ եմ ընդդիմությանը, բայց դեմ եմ վրեժ լուծելուն»,- վերջում ասաց Բագապշը: