Մրգերի բուժական հատկությունները

22/12/2006

Նարինջ

Բաղադրությունը: Ջուր` 90%, շաքարներ` 45%, ածխաջրեր` 1%, թթուներ` 20,4-2,7%, ազոտային նյութեր` 0,6-0,7%, բջջաթաղանթ` 1-1,2%, մոխրային մնացորդ` 0,4-0,5%: Պարունակում է նաեւ 0,15-0,27 մգ վիտամին A, 0.04-0.08 մգ B1, 0.02-0.04 մգ B2, 60-67 մգ վիտամին C, 0.22 մգ վիտամին E, կարոտին:

Կիրառումը: Նարինջն օգտագործում են աղիքային, երիկամային հիվանդությունների դեպքում: Ուժեղ տենդը շատ արագ բուժվում է, եթե առավոտները հիվանդը խմի սպիտակ գինի, որը եռացվել է նարնջի հետ: Կեղեւի եփուկը տրվում է ուժեղ արտահայտված դաշտանի դեպքում: Ըստ Ամիրդովլաթի` կեղեւով երեսը շփելն արագացնում է մազերի աճը, յուղն օգնում է ձեռքերի դողի, ատամնացավի դեմ, հյութը` ճիճուների ու ոսկրային ցավերի դեմ:

Մանդարին

Բաղադրությունը: Ջուր` 88-95%, 40-50 մգ վիտամին C, 35 մգ կալցիում, 155 մգ կալիում, 11 մգ մագնեզիում, 17 մգ ֆոսֆոր, 0,1 մգ երկաթ, B խմբի վիտամիններ, 0,02 մգ վիտամին E:

Կիրառությունը: Ակտիվացնում է աղիների աշխատանքը: Հյութը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունների դեպքում, նպաստում է երեխաների աճին, հյուծված հիվանդների կազդուրմանը:

Հոն

Բաղադրությունը: Ջուր` 70-80%, շաքարներ` 14-15%, խնձորաթթու` 2,7-3%, կալցիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, երկաթի միացություններ, 24-26 մգ վիտամին C:

Կիրառությունը: Դեռեւս հնադարում հոնն օգտագործում էին լուծի դեմ: Երկաթի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում է սակավարյունության շնչառական հիվանդությունների դեպքում: Կեղեւի եփուկից ու գարու ալյուրից պատրաստված խմորը նպաստում է մաշկային խոցերի բուժմանը: Թարմ տերեւներից ստացված խյուսը շորի վրա դնելով կապում են ճակատին` գլխացավի դեմ:

Հոնով կարելի է մոնոդիետա անցկացնել` 5-7 օր: Հոնի չիրը շատ արժեքավոր սննդամթերք է ձմռան ամիսների համար:

Հայ ժողովրդական բժշկության մեջ հոնից պատրաստված լավաշը մեծ կիրառություն է գտել:

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, տերեւների թարմ հյութն օգտակար է խայթոցների դեպքում, կարելի է նաեւ տրորված տերեւները դնել կծած կամ խայթած տեղամասին: Եթե կեղեւը վառվի եւ լուծվի ջրի մեջ, կօգնի էկզեմայի, մաշկային ցանի դեպքում: Ի դեպ, կեղեւից ստացված ալյուրը թունավոր է: