Գալիս են նոր լոբբիստներ

16/12/2006

ԱՄՆ-ում այսուհետ կգործի եւս մեկ հայկական լոբբիստական խումբ` ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կազմակերպությունը ստեղծվել է մի խումբ ակտիվիստների, այդ թվում` Ռոս Վարթյանի եւ Ջերարդ Գաֆեսճեանի նախաձեռնությամբ: Լոբբիստական այս խմբի հիմնադիրների հավաստմամբ, իրենք ոչ թե հակադրվելու են Ամերիկայի հայկական համագումարին, այլ փոխլրացնելու են միմյանց:

Եվ, այնուամենայնիվ, որոշ հարցերում դիրքորոշումների տարբերություններ արդեն իսկ նկատելի են: Մասնավորապես, նոր ստեղծված կառույցն իր գլխավոր նպատակներից մեկն է հռչակում ԱՄՆ-ում Ադրբեջանի ազդեցության հնարավոր աճին դիմագրավելը, եւ, որ ամենակարեւորն է, դրական դիրքորոշում ունի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում: Մինչդեռ Ամերիկայի հայկական համագումարն, ինչպես հայտնի է, իր ջանքերը կենտրոնացնում էր հիմնականում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այլ կերպ ասած, նորաստեղծ լոբբիստական խումբը մտադիր է իր գործունեության հիմքում դնել ոչ այնքան համազգային, որքան կոնկրետ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող խնդիրներ:

Մնում է հուսալ, որ հայկական լոբբիստական խմբերը երբեւէ իրար դեմ լոբբինգով չեն զբաղվի:

Ի դեպ, Ջ. Գաֆեսճեանը գնել է ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմենիան ռեփորթեր» թերթը, որի հայերեն տարբերակը շուտով լույս կտեսնի Հայաստանում: