«ԼՂՀ-ն որեւէ մեղք չունի»

16/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին միջազգային կառույցները շատ կոշտ արձագանքեցին, ինչին հաջորդեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակի ոչ պակաս կոշտ պատասխանը: Այս թեմային երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը եւ ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ Ա. Մանասյանի, պետք չէ հուսահատվել, որ եվրոպական որոշ կառույցներ բացասաբար են արձագանքում ԼՂՀ-ի Սահմանադրության ընդունման փաստին: «Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Ավելին՝ այդ Սահմանադրությունը պարտադիր էր ընդունել հենց եվրոպական մոտեցումների հունում: Ուզում եմ հիշեցնել ԵԱՀԿ-ի՝ 1992թ. այն որոշման մասին, որ ինքը հակամարտության կողմեր է դիտում ՀՀ-ին, Ադրբեջանին եւ ԼՂ-ի ընտրված իշխանություններին»,- նշեց նա ու ավելացրեց, թե այդ բանաձեւն ինքնին ԼՂ բնակչությանը պարտադրում է ընտրություններ անցկացնել, որովհետեւ, նրա խոսքերով՝ Մինսկի խումբը, ըստ այդ բանաձեւի, պետք է գործ ունենա ընտրված մարդկանց հետ: «Այդ իմաստով, ԼՂ-ում թե՛ ՏԻՄ ընտրությունները, թե՛ խորհրդարանի ընտրությունը մի տեսակ համաձայնեցված են ԵԱՀԿ-ի դիրքորոշման հետ, որը պարտավորվել է, որ գործ ունենա ԼՂ-ի ընտրված ներկայացուցիչների հետ: Ընտրված ներկայացուցիչ ունենալը նշանակում է` անցկացնել ընտրություններ, իշխանություններ ունենալ, ունենալ օրենքներ, ինչը եւ արձանագրված է նոր ընդունված Սահմանադրության մեջ»,- հայտարարեց Ա. Մանասյանը: Իսկ Հ. Իգիթյանի կարծիքով էլ՝ ԼՂ Սահմանադրության հանրաքվեի մասին չարժե շատ խոսել, որովհետեւ ամեն ինչ պարզ է. դա ԼՂ-ի կողմից կատարված քայլ է: «Պետք է ֆիքսենք, որ դա ԼՂ-ն է արել, դա Հայաստանի քայլը չէ: Հայաստանը որեւէ կապ չունի այդ քայլի հետ»,- գտնում է Հ. Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ ԼՂ Սահմանադրության տեքստը միջազգային առաջադիմական բոլոր նորմերին համապատասխանում է: Միաժամանակ նա գտնում է, որ ԼՂ-ն որեւէ մեղք չունի, որ հանրաքվեից հետո այդպիսի բացասական արձագանքներ եղան: Ըստ նրա, այստեղ ավելի շատ Հայաստանն է մեղավոր, քանզի ԼՂ-ն ներկայացված չէ եւ, հետեւաբար, հնարավորություն չի ունեցել ներկայացնել իրականությունը միջազգային այն կառույցներում, որոնք կոշտ են արձագանքել հանրաքվեին: Իսկ Ա. Մանասյանը, փաստելով, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված ոչ մի բանաձեւում ՀՀ-ն ագրեսոր չի որակվել, նկատեց, որ ՄԱԿ-ում այդ բանաձեւերի ընդունումից մոտ 10 տարի անց Թերի Դեւիսը, ով այժմ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն է, ԼՂ հարցով իր զեկույցում ՀՀ-ն որակել է ագրեսոր երկիր: «Այստեղ անձնական շահագրգիռ մոտեցման մասին կարելի է խոսել,- կարծում է Ա. Մանասյանը՝ ավելացնելով,- Չէ՞ որ դուք եք ասում, որ մենք խոսելու ենք ընտրված ներկայացուցիչների հետ: Դա մենք չենք հնարել: Դուք եք մեզ այդպես կողմնորոշել. անցկացնել ընտրություններ եւ, իհարկե, վերջում էլ ընդունել Սահմանադրություն»: Թ. Դեւիսի հայտնի զեկույցի մասով էլ Հ. Իգիթյանը նկատեց. «Եթե ինչ-որ մի պահ (ես հիմա չեմ ուզում թվականը նշել) գոյություն ուներ մի այսպիսի բանաձեւ, որ ԼՂ շուրջը կա անվտանգության գոտի, բայց Եվրախորհրդում ընդունված այդ բանաձեւը լրիվ ջարդեց այդ իրականությունը»: ՀՀՇ վարչության անդամը գտնում է, որ Հայաստանի պատվիրակությունը ոչ թե պետք է դուրս գար դահլիճից, այլ մնար այնքան, մինչեւ չփոխեր այդ ձեւակերպումները: «Այնտեղ մոտավորապես գրված է հետեւյալը. Հայաստանն օկուպացրել է մի տարածք, իրականացրել է էթնիկ զտումներ ու մնացել այնտեղ: Ու հիմա այդ տարածքում ինչ-որ հանրաքվեներ են տեղի ունենում: Դու պետք է ցույց տաս, որ դու համաձայն չես այդ մոտեցմանը, որովհետեւ այդ մոտեցումը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Հ. Իգիթյանը, ավելացնելով, թե դրա համար բավական էր բարձրացնել մինչեւ 1998թ. ընդունված Եվրախորհրդի ցանկացած բանաձեւ: Նրա խոսքերով՝ ցանկացած բանաձեւից առաջ նշված է նախապատմությունը, եւ այնտեղ գրված է, թե ինչպե՞ս Ադրբեջանը փորձեց ուժային մեթոդներով լուծել խնդիրը, ինչպե՞ս ԼՂ-ն դեմ կանգնեց եւ ստիպված ստեղծեց այն անվտանգության գոտին, որը թույլ տվեց այդ բնակչությանը ֆիզիկապես գոյություն ունենալ: Իսկ Ա. Մանասյանի խոսքերով էլ՝ Եվրախորհրդում մեր երկրի պատվիրակությունը հեշտությամբ կարող էր համաձայնել հետեւյալ բանաձեւին. խնդրի «իրավական հիմքերի տեսակետից» գրաված բոլոր տարածքները կողմերը պետք է ազատեն: «Դա պետք է մեր կողմից օգտագործվեր, ոչ թե ադրբեջանցիների: Ինչո՞ւ: Որովհետեւ խնդրի իրավական հիմքերի տեսակետից գրավյալ տարածքներ ունի Ադրբեջանը եւ ոչ թե Հայաստանը: Մենք գրաված տարածքներ չունենք, իրենք ունեն»,- հայտարարեց Ա. Մանասյանն ու բացատրեց, թե «խնդրի իրավական հիմքերի տեսակետից» Նախիջեւանն օկուպացված տարածք է, կենտրոնական եւ հյուսիսային Արցախն օկուպացված տարածքներ են…: «Այդ տարածքներն օկուպացված են Անգլիայի քաղաքական որոշման տեսակետից, բայց խնդրի իրավական հիմքերի տեսակետից օկուպացնող կողմն Ադրբեջանն է»,- նշեց նա: Ա. Մանասյանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություն չի համարում, որովհետեւ «1992-ին ընդունված բանաձեւում ասվում է, որ բանակցությունները եռակողմ են»: «Բանակցությունները կարող են լինել միայն եռակողմ եւ եռակողմ էլ ընթացել են»,- նշեց նա: Հ. Իգիթյանն էլ գտնում է, թե էական չէ, թե Հայաստանում ինչ-որ մեկը նախագահների այդ հանդիպումները բանակցություն համարո՞ւմ է, թե՞ ոչ: «Ցավն այն է, որ բանակցություն տանող մարմինը դա համարում է բանակցություն, այսինքն՝ Մինսկի համանախագահները նման ցանկացած հանդիպում համարում են բանակցային պրոցեսի մի մաս»,- նկատեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը: