Բուշը կհաստատի՞ օրինագիծը

16/12/2006

Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվելուց հետո օրինագիծը, որում ընդգրկված է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ամերիկյան պետական ֆինանսավորումն արգելող դրույթ, ներկայացվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հաստատմանը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի սկզբին նախ` Ներկայացուցիչների պալատը, ապա` Սենատը միաձայն հավանություն են տվել «Արտահանման եւ ներմուծման բանկի վերալիազորման մասին» օրինագծին, որում ընդգրկված է դրույթ Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության՝ հիշյալ բանկի կողմից ֆինանսավորումն արգելելու մասին: Արտահանման եւ ներմուծման բանկն ամերիկյան դաշնային կառավարական գործակալություն է, որը ֆինանսապես օժանդակել է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ամերիկահայության անունից հույս է հայտնել, որ նախագահ Բուշն իր ստորագրությամբ օրենքի ուժ կհաղորդի «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումն օրինականացնելու՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի դեմ ԱՄՆ-ի սկզբունքային կեցվածքին»: