ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն առայժմ ձեռնպահ է մնում իր նախկին կուսակից Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին որեւէ գնահատական հնչեցնել` պատճառաբանելով, թե գործը դեռեւս քննության փուլում է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` ինչո՞ւ չեն ձերբակալում այն պատգամավորներին, ովքեր ԱԺ ամբիոնից շատ ավելի կոպիտ ու գռեհիկ հայտարարություններ են հնչեցնում իշխանությունների հասցեին, քան Ժ. Սեֆիլյանի արած հայտարարությունն է, ԱԺ փոխնախագահը երեկ պատասխանել է. «Ցավոք, պատգամավորներն անձեռնմխելի են: Մենք դեմ ենք պատգամավորական անձեռմխելիությանը, եւ համարում ենք, որ դա պետք է նորմալ չափերի մեջ լինի: Իսկ եթե մարդիկ տեղեկություններ ունեն, ապա ցուցմունք կտան եւ մարդկանց անմեղությունը կհաստատեն ցուցմունքներով: Մեղադրանքը, որ այսօր առաջադրված է, վերաբերում է հակասահմանադրական գործունեությանը: Ազատագրված տարածքների հանձնման հետ կապված որեւէ հարց չկա: Ես չեմ կարծում, թե Հայաստանում երբեւէ ձերբակալեն որեւէ մեկին, որը դեմ է տարածք Ադրբեջանին հանձնելուն: Եթե այդպես լիներ, ապա պետք է ինձանից սկսեն»: Վ. Հովհաննիսյանը, ով, իր իսկ ասելով, դեմ է տարածքներ հանձնելուն, երեկ հայտարարել է, որ չի միանալու Ժ. Սեֆիլյանին եւ նրա համախոհներին, ովքեր նույնպես դեմ են տարածքների վերադարձմանը: Խնդիրն այն է, որ Վահան Հովհաննիսյանը դեռեւս չի «տեսել» նրան, ով պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները. «Ես չեմ տեսել որեւէ մեկին, որ ընդհանրապես պատրաստվում է ինչ-որ բան հանձնել: Դրա համար այդ մասին խոսելը վաղաժամ է: Բոլորս գիտակցում ենք, որ հարատեւ խաղաղությունը կպահանջի փոխըմբռնում եւ փոխզիջումներ: Մենք մեր զիջումների զգալի մասն արդեն արել ենք. Ղարաբաղը չենք միացնում Հայաստանին, Ղարաբաղն անկախ պետություն է հանդես գալիս, մենք չենք դնում Նախիջեւանի հարց եւ այլն: Ադրբեջանը դեռ զիջումների մասին ոչ մի խոսք չի ասել եւ մեր կողմից զիջումների մասին խոսելը ժամանակավրեպ է»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով Ժ. Սեֆիլյանի «Արաքս Քուր» վերաբնակեցման եւ զարգացման հիմնադրամի գործունեությանը, Վ. Հովհաննիսյանն ասել է. «Մենք կարող ենք ունենալ ազգային նպատակներ, բայց դրանց հասնելու տակտիկական ձեւերը պահանջում են լրջություն, այլ ոչ թե տղայական ինչ-որ վերաբերմունք: Ես իրատեսական եմ տեսնում միացյալ Հայաստանի ստեղծումը, բայց ճանապարհը, միջոցները, ժամանակը, թե ինչպես պետք է անել, դրանք արդեն տարբեր բաներ են»: