Նիքսոնն ավելի շուտ էր իմացել

07/05/2005

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մոտ երեք տասնամյակ առաջ ամերիկյան բարձր մակարդակի կառավարական հանձնաժողովը սկսել է մշակել երկիրը հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու ծրագիր։ Այդ մասին հայտնի է դարձել, երբ գաղտնազերծվել են որոշ փաստաթղթեր։

«Մինչեւ կառավարությունը նախազգուշական միջոցներ չձեռնարկի, մենք կշարունակենք կանգնած մնալ անդունդի եզրին»,- 1977-ին գրել է Սպառազինությունների եւ զինաթափման վերահսկողության գործակալության գիտական բաժնի ղեկավար Ռոբերտ Կուպերմանը։ Նրա զեկույցն ամփոփում է Ահաբեկչության դեմ պայքարի հանձնաժողովի հնգամյա ինտենսիվ աշխատանքը։

Հանձնաժողովը ձեւավորել է ԱՄՆ նախագահ Նիքսոնը 1972-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ պաղեստինցի կոմանդոսները Մյունխենի օլիմպիադայում սպանեցին իսրայելցի 11 ատլետների։ Հանձնաժողովին անդամակցում էին տարբեր մարդիկ՝ Հենրի Քիսինջերից մինչեւ երիտասարդ Ռուդոլֆ Ջուլիանի։

«Կենսականորեն կարեւոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցներն՝ ուղղված ահաբեկչական ակտերի կանխմանը, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ երկրների հետ համագործակցելով»,- գրել է Նիքսոնը՝ դիմելով պետքարտուղար Ուիլյամ Ռոջերսին եւ խնդրելով նրան վերահսկել հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը։

Հանձնաժողովն ամբողջ կազմով հավաքվել է մեկ անգամ 1972-ի հոկտեմբերին, բայց հինգ տարվա ընթացքում շաբաթը երկու անգամ եղել են աշխատանքային հանդիպումներ, որոնք քննարկել են հնարավոր սպառնալիքն ու դրա վերացման միջոցները։

Ժամանակի ընթացքում առաջնահերթությունների փոփոխության, նախագահի Ուոթերգեյթի պատճառով հեռացման, բյուրոկրատական մրցակցության եւ ԱՄՆ տարածքում ահաբեկչական ակտերի բացակայության հետեւանքով հանձնաժողովի ազդեցությունը մարել է։ Սակայն մինչ այդ հանձնաժողովն արդեն երեւակել էր այն վտանգները, որոնց այսօր՝ 21-րդ դարի սկզբին, բախվում է նախագահ Բուշը։