Վերջերս ձեւավորված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբում քիչ չեն ՀՀՇ անդամները: «Այլընտրանքն» առաջնային խնդիր է դիտարկում գործող իշխանությունների հեռացումը՝ փորձելով ներկայացնել հստակ այլընտրանք: Ըստ «Այլընտրանքի», ՀՀ քաղաքացիները պետք է հստակ իմանան, թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո: Ի տարբերություն «Այլընտրանքի», դարձյալ վերջերս ձեւավորված «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից ՀՀՇ անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ այս պահին պետք է մի կողմ թողնել շատ հարցերում ունեցած գաղափարական տարաձայնությունները եւ միավորվել այս իշխանություններից ազատվելու գաղափարի շուրջ, իսկ թե ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո, դա էլ կորոշվի ենթադրյալ իշխանափոխությանը հաջորդող ընտրությունների արդյունքում: Այլ կերպ ասած՝ «Այլընտրանքում» գտնում են, որ իշխանափոխություն անելու համար միավորվածները պետք է կրեն նույն գաղափարները, իսկ Ա. Արզումանյանը դա պարտադիր չի համարում: Արդի պայմաններում այս երկու մոտեցումներից ո՞րն է ավելի իրատեսական: Այս հարցն ուղղեցինք ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին: «Այն, ինչ այդ մարդիկ անում են, միայն կարելի է ողջունել: Քաղաքական ամեն մի ուժ, ամեն անհատ ընտրում է պայքարելու իր ձեւը: Ես չեմ կարող ասել, թե որ ճանապարհն է ճիշտ: Ճիշտ է չհանդուրժելը,- նշեց Հ. Իգիթյանը՝ հավելելով,- Ես գտնում եմ, որ հենց բացասականն այն է, որ մի մարդ, ով կրթություն ունի, ով քաղաքական անցյալ ունի, նստած նայում է, թե ինչպե՞ս է պետությունը գլորվում անդունդ: Ով իր մեջ ուժ է գտնում որեւէ ձեւով դրա դեմ պայքարելու, ես ողջունում եմ: Ես կդատապարտեի այն մարդկանց, ովքեր իրենց համարում են մտավորականներ ու առավելագույնը, որ կարող են իրենց թույլ տալ՝ նախագահին ուղղված մի նամակ ստորագրելն է, որտեղ խնդրում են հիմնը փոխել կամ մեկին մի կտոր հաց տալ»: