Երեկ վաղ առավոտից ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը տանից դուրս է եկել ու կարեւոր` իր սիրած ստորագրահավաքի գործով, գնացել է Ազգային Ժողով:
Ճիշտ է` նա գիտի, որ այս օրերին, երբ նիստ չկա, խորհրդարանում դժվար է պատգամավորներ «բռնացնելը», բայց միեւնույն է` նա մտածել է, որ կգտնվեն սրտից թույլ պատգամավորներ, ովքեր մամուլից տեղեկանալով, որ ինքն այսօր «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախագահ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է նախաձեռնելու, կգան ԱԺ: Բայց` մտնելով խորհրդարանի շենք, նա հասկացել է, որ իզուր է ինքը սրտի խորքում նման հույսեր փայփայել, որովհետեւ պատգամավորների աշխատասենյակների դռները փակ են եղել: Երեկ ամբողջ օրվա ընթացքում նրան հաջողվել է 131 պատգամավորից ընդամենը 20-ի ստորագրությունը պոկել: Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ իր նախաձեռնության արդյունքը «փայլուն» է, եւ իզուր չի վաղ առավոտից ձեռնամուխ եղել այդ գործին, որովհետեւ այն չէր պահանջում կոնկրետ թվով մարդկանց ստորագրություն: Եթե նույնիսկ մենակ ինքն իր ստորագրությունը դներ այդ հայտարարության տակ, ապա, ինչպես նկատեց Հ. Հովհաննիսյանը, էլի իր նախաձեռնությունը կպսակվեր փայլուն հաղթանակով ու արդյունքն էլ կլիներ դրական: «Շատ հավաքելու խնդիր չկա, սա Սահմանադրական դատարան ներկայացնելու համար չէ: Սա քաղաքական հայտարարություն է, որով մենք մեր քաղաքական աջակցությունն ենք հայտնում Ժիրայր Սեֆիլյանին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Պատգամավորի հավաստմամբ, ստորագրահավաքին միացել են խորհրդարանական ընդդիմադիր ամբողջ դաշտն ու անկախ պատգամավորները, ու այսօր արդեն իրենք սպասում են կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի պատասխանին: «Սպասում ենք նրանց, մենք տեղյակ ենք պահել այս երեք ուժերին, որ մենք նման ստորագրահավաք ենք նախաձեռնել, տեսնենք, թե ինչպես կլինի»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Երբ Հ. Հովհաննիսյանին հիշեցրինք, որ ԱԺ ընդդիմադիր ու անկախ պատգամավորների ընդհանուր թիվը շատ ավելի մեծ է, քան 20-ը, եւ եթե նրանց բոլորի ստորագրությունները գումարենք` կստանաք ոչ թե 20, այլ 40-ից ավելի, նա խոստովանեց, որ ստորագրահավաքին չի միացել իրեն ընդդիմադիր հռչակած «Ազգային Միաբանությունը» ու էլի մի շարք անկախ պատգամավորներ: «Ընդդիմադիր դաշտից, ինչպես արդեն սովորական է դարձել, ընդդիմադիր դաշտի միասնական տեսակետին հակադրվեց միայն մեկ ուժ` Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունը»: Չի միացել նաեւ Ստեփան Դեմիրճյանը, քանի որ այս օրերին նա գտնվում է Փարիզում»: Նա առանց մեկնաբանության թողեց մեր հարցը, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Արտաշես Գեղամյանն` իր կուսակցությունով, չի միացել իրենց միասնական նախաձեռնությանը: Իսկ անկախ պատգամավորներից Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությանը չեն միացել` «Զորօրինակ Թաթուլ Մանասերյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլք»: Հայտարարությունը, որի տակ ստորագրել է 20 պատգամավոր, այսօր պետք է տարածվի լրատվամիջոցներով, որտեղ նրանք 20 հոգով կոչ են անում իշխանություններին` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Սա, ըստ Հ. Հովհաննիսյանի, ընդամենը բարոյական աջակցություն է կալանքի տակ գտնվող ազատամարտիկին, ուրիշ ոչինչ: Բայց քանի որ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար, «Արաքս Քուր» վերաբնակեցման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Աղայանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, թե իր նախագահը կալանավայրում ապրում է իշխանավորից լավ պայմաններում, եւ նրան այնտեղ վերաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես «կվերաբերվեն Հայաստանի ապագա իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյային», ուստի Հ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` վստա՞հ է, որ Ժ. Սեֆիլյանը նման բարոյական աջակցության կարիք ունի. «Ո՞նց կարող է կալանավայրում մարդը լավ ապրել: Ա. Աղայանը երեւի նկատի ունի այն, որ նրա նկատմամբ այնտեղ նվաստացուցիչ որեւէ քայլ չի կատարվել: Իր փաստաբանն ինձ էլ է ասել, որ կալանավայրի աշխատակիցների կողմից Ժիրայրի արժանապատվությունը վիրավորող քայլեր չեն արվում: Ընդհակառակը` ընդգծված հարգանք է ցուցաբերվում նրան, որովհետեւ ով էլ լինի, նույնիսկ բանտապահը ստիպված է ընդունել, որ Ժ. Սեֆիլյանն ազգային հերոս է, սպա է, ով իր սպայական կոչումներն ու պետական պարգեւները նվաճել է ոչ թե կաբինետներում, այլ` կռվի դաշտում,- ասաց Հ. Հովհաննիսյանը: -Յուրաքանչյուր հայ մարդ չի կարող սրա հետ հաշվի չնստել, նույնիսկ նա, ով իր կարգավիճակով ստիպված է ներկայացնելու պետության պատժիչ մեքենան: Ժ. Սեֆիլյանը միանշանակ մեր բարոյական աջակցության կարիքն ունի, որովհետեւ Ժիրայրն այն անձնավորությունն է, որին ռազմաճակատում որեւէ մեկը չի կարողացել, ասենք, ատրճանակը դեմ տալ ճակատին եւ զինաթափել»:
Ի դեպ, երբ լրագրողներն «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանից հետաքրքրվել են, թե` կարո՞ղ է Ժ. Սեֆիլյանը, ով, նրա հավաստմամբ, կալանավայրում լավ պայմաններում է ապրում` «կարմիր իկրա է ուտում», նա պատասխանել է. «Չէ, կարմիր իկրա չի ուտում, բայց իրենք կոռեկտության ամբողջ կարգը պահպանում են` իմանալով, որ վաղը Ժիրայր Սեֆիլյանը կարող է շատ ավելի վերադաս դիրք զբաղեցել, քան ԱԱԾ բոլոր աշխատողները միասին վերցրած: Սակայն ձերբակալության պահին, երբ ամեն ինչ հրապարակային էր տեղի ունենում, փորձում էին մարդկանց ցուցադրել, թե իբր տեռորիստ կամ շատ վտանգավոր մարդու են ձերբակալում»: Ա. Աղայանի հավաստմամբ, Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունը պատահական չէ եւ այն պարզապես վախի արտահայտությունն է գործող վարչակարգի ու հատկապես նրա այն հատվածի, որը հաջորդ տարիների համար իշխանական խիստ մեծ հավակնություններ ունի: Հակառակ դեպքում, ինչպես վստահեցնում էր Ա. Աղայանը, այդ ձերբակալությունն այդքան ցուցադրական չէր լինի: «Այս ամեն ինչում շոուի բաժինը շատ մեծ էր: Նրանք մեր բնակարան էլ են եկել, բայց ոչինչ չէին փնտրում, նրանք եկել էին ժամանցի: Ուզում էին համակարգիչը տանել, բախտներս բերեց, երեխան նախորդ օրը փչացրել էր այն, ու չտարան: Այսինքն` խնդիր ունեն ցույց տալու, թե` տեսեք, մենք ճանաչում ենք այս համախմբման բոլոր ակտիվիստներին, կազմակերպիչներին: Երեւի փորձում են վախեցնել ու ցույց տալ, որ շատ կարեւոր գործ են հայտնաբերել, աղմուկ են բարձրացնում, սա երեւի գլուխ գովալու ձեւ է նաեւ, որ` չթողեցին, կանխեցին, էլի: Երեւի հենց այնպես դժվար կլիներ Ժ. Սեֆիլյանին արտաքսել, ու հիմա ուզում են սրանով ասել` այ, տեսեք, չնայած նա պատերազմի հերոս է, բայց մյուս կողմից էլ` էս էր պլանավորում, այնպես որ` եթե մենք իրեն միայն արտաքսում ենք` մի բան էլ լավություն ենք անում: Սա է սցենարը, եւ, կարծում եմ, մեզ կհաջողվի այդ սցենարն ամբողջությամբ ձախողել»,- վստահեցնում էր Ա. Աղայանը: Նրա համոզմամբ, իշխանություններն իրենց «ցուցադրելու» համար ընտրել են Ժ. Սեֆիլյանին, որովհետեւ տեսել են, որ միակ «կազմակերպված գործ» անողը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, նա ու նրա կազմակերպությունն է: «Մեկնաբանությունները, թե ինչո՞ւ` Ժիրայրը, շատ տարբեր են: Առաջին մեկնաբանությունը եղել է կապված ազատագրված տարածքների հանձնման հնարավոր սպառնալիքի հետ: Ես չեմ ուզում դա բացառել, բայց, կարծում եմ, այս պահին դա հիմնականը չէ, որովհետեւ մեր ունեցած տվյալներով, այս պահին նման վտանգ` ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ, չկա: Սա ակնհայտորեն ներքաղաքական նշանակության ակցիա է իշխանությունների կողմից: Բոլորս գիտենք` նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ երբ իշխանությունները զանգվածաբար կեղծիքներ էին անում, քաղաքական ուժերն իրենց անկազմակերպվածությամբ, փնթիությամբ, իրենց անդամների անպարտաճանաչությամբ, ոչ պրոֆեսիոնալիզմի, հաճախ ուղղակի ծախվելու պատճառով չէին կարողանում տեղամասերում վերահսկել ու տեր կանգնել արդյունքներին: Ի թիվս այլ խնդիրների, «Հայ կամավորականների համախմբումը» նաեւ չծախվողների կողմից վերահսկողությունը կազմակերպելու խնդիր էր դրել, եւ, հավանաբար, իշխանությունները դա հասկացել էին ու փորձում են ի սկզբանե դա կանխել, քանի դեռ ծավալները շատ չի մեծացել: Այս առումով, կարծում եմ, նրանք մի քիչ սխալվել են Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելով, որովհետեւ, միեւնույն է` անհնար է բոլոր ռեալ գործ անողներին ձերբակալել: Ժ. Սեֆիլյանը հայտնվելով այդ կարգավիճակում` հիմա ավելի շատ է ուշադրությունը սեւեռվելու մեր կազմակերպության վրա, եւ մեր գործն ավելի հեշտանալու է»,- ընդդիմությունից, որը երեկ միացել է նրան ազատ արձակելու մասին հայտարարության ստորագրահավաքին, դժգոհեց Ա. Աղայանը` նրանց համարելով «ծախվածներ, չկազմակերպվածներ» եւ այլն:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է` Սեֆիլյանն էլ մյուսների նման ազատ արձակվելուց հետո «խելոքանա» ու այլեւս սուր հայտարարություններ չանի, Ա. Աղայանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է դրան, որ մտնում են ծակը, հետո դուրս են գալիս` խեղճանում են, ապա հավատացնում եմ, որ ոչ մի հանգամանք չկա, որը կստիպի Ժ. Սեֆիլյանին գործարքի գնալ իշխանությունների հետ: Որեւէ կոմպրոմատ կամ նման բան Ժ. Սեֆիլյանին առաջադրելն անհնար է տեսականորեն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի՞ն կլինի նրա վարքագիծը, կհամոզվեք, երբ նա ազատության մեջ կլինի»:
Հ. Գ. «Ես վկայում եմ, որ այդ տեսագրությունը գոյություն ունի, այն եղել է մեր գրասենյակում, խուզարկության ժամանակ առգրավվել է: Գոյություն ունի նաեւ ձայնագրությունը, որը մենք փորձում ենք հայթայթել ու տպագրել որեւէ ԶԼՄ-ում»,- երեկվա ասուլիսում ասել է Ա. Աղայանը: Իսկ Հմայակ Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ձայնագրությունն իրենց մոտ է, ուղղակի այդ մասին Ա. Աղայանը բարձրաձայն չի ասում: «Ասի, որ էդ էլ տանե՞ն»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: